Թեւան Պողոսյան

Վերջին տարիներին խորհրդարանները կտրուկ ընդլայնել են իրենց  հետաքրքրության շրջանակը արտաքին քաղաքականության դաշտում: Սակայն իրականում բավականին բարդ խնդիր է սահմանել խորհրդարանների դերն արտաքին քաղաքականության ձևավորման հարցերում: 

Գործնականում արտաքին քաղաքականության խնդիրները բազմիցս դառնում են քննարկման առարկա թե՛ խորհրդարանական հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստերի ընթացքում: Ավելին, խորհրդարանական պատվիրակությունները մասնակցում են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների աշխատանքներին և ներկայացնում իրենց երկրների շահերը: Այդ իսկ պատճառով առաջանում է խորհրադարանական գործունեությանը հատուկ դիվանագիտական «զինանոցի» անհրաժեշտություն:

«Խորհրդարանական դիվանագիտություն» եզրի ճշգրիտ և հստակ սահմանում իրականում չկա: Դա խորհրդարանների պարտականությունների ու գործողությունների խտացված պատկերն է արտաքին հարաբերությունների ոլորտում:

Խորհրդարանների դերն արտաքին քաղաքականության համակարգում տարբերվում է երկրից երկիր և պայմանավորված է երկրի պատմական մշակույթով, քաղաքական համակարգով և ընդհանուր դիրքորոշմամբ միջազգային ասպարեզում:

Խորհրդարանների միջամտությունը և ներգրավումն արտաքին քաղաքականության հարցերում տեղի է ունենում երկու մակարդակներում՝ ինստիտուցիոնալ և դիվանագիտական: Առաջին՝ ինստիտուցիոնալ մակարդակում խորհրդարանը ներգրավված է երեք գործընթացներում.

  • օրենսդրական գործընթաց. Այն պատասխանատու է միջազգային պայմանագրերի վավերացման և ինքնիշխանության, անվտանգության և պետական անվտանգության վերաբերյալ օրենսդրության հաստատման համար.
  • խորհրդարանական վերահսկողություն. Իր կանոնակարգով ամրագրված բոլոր հնարավոր միջոցների կիրառում՝ հարցեր, լսումներ, հանձնաժողովներում քննարկումներ, գրախոսություն և այլն.
  • լայն քաղաքական դերակատարում. Օրինակ՝ հայտարարությունների ընդունում, կառավարության ծրագրերի և բյուջեի հաստատում:

Դիվանագիտական մակարդակում խորհրդարանական ներգրավվածությունը ենթադրում է մասնակցության հետևյալ հարթություններ.

  • երկկողմ դիվանագիտություն, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը այլ խորհրդարանների հետ, օրինակ՝ մասնակցելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքներին.
  • բազմակողմ դիվանագիտություն, որն իրագործվում է ինչպես խորհրդարանական պատվիրակությունների միջոցով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում (օրինակ` ԵՎՐՈՆԵՍՏ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ՍԾՏՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի ԽՎ), միջազգային խորհրդարանական կառույցներում (օր.՝ միջխորհրդարանական միություն) և զանազան խորհրդարանական համաժողովներում ակտիվ մասնակցությամբ:

Հայաստանի խորհդարանական դիվանագիտությունը տասնամյակների ընթացքում արձանագրել է թե՛ հաջողություններ, թե՛ ձախողումներ: Վերջին տարում հայաստանյան խորհդարանական դիվանագիտության առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է և Եվրոպական ինստիտուտներին ինտեգրումը: Ի տարբերություն Ադրբեջանի խորհրդարանականների, որոնք որպես կանոն ագրեսիվ վարքագիծ են որդեգրում, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանն սկսեց պրոակտիվ գործողություններ:

Հասկանալի է, որ Ադրբեջանն օգտագործելով իր ռեսուրսները` տարիների ընթացքում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ստեղծել է գործուն լոբբիստական համակարգեր, և վաղ, թե ուշ դրանք պետք է սկսեին գործել ու պտուղներ տալ: Հայկական կողմին անհրաժեշտ էր ձևավորել բանակցային ռեսուրս, քանի որ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ չկային: Ցավոք, մեզ չի հաջողվել ձևավորել այդ ռեսուրսը: Մենք լավ չենք տիրապետում տարբեր խորհրդարանական վեհաժողովների կանոնակարգերի ընձեռած հնարավորություններին: Հանդես չենք գալիս նախաձեռնություններով և գրեթե  միշտ եղել ենք պաշտպանվողի դերում: Անգամ եթե եղել են հաջողված նախաձեռնություններ, ապա դրանք պայմանավորված էին պատգամավորի անհատական հատկություններով, և ոչ թե պետական քաղաքականության մոտեցումներով: Իմ կարծիքով խնդիրն այն է, որ ՀՀ-ում անգամ ձևավորված չէ այն ընկալումը, թե խորհրդարանը կարևոր դերակատարում ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական կյանքում:

Հուսամ` ապագայում փոփոխություններ կլինեն: 2016 թվականից այս ընկալումը խորհրդարանական դերի և դիվանագիտության հանդեպ սկսեց փոխվել: Մենք փոխել ենք մեր մարտավարությունը միջազգային ասպարեզում. եթե մինչ այժմ մենք գրեթե միշտ պաշտպանվում էինք ադրբեջանական ագրեսիվ ստերից, ապա ապրիլին հայկական կողմին հաջողվեց միջազգային տարբեր հարթակներում ներկայացնել քառօրյա պատերազմի իրական պատկերը: Հավելեմ, որ ադրբեջանական կողմը տեղի ունեցածը հնարավոր բոլոր ձևերով փորձում էր բարդել հայկական կողմի վրա: Բայց այս անգամ նրանք տապալվեցին:

Մեր պատվիրակությունները նախաձեռնություններ են հանդես գալիս ոչ միայն վեհաժողովների լիագումար նիստերի ժամանակ, այլև ամենօրյա տեղեկատվության տրամադրմամբ և անհատական այցելություններով: Շատ դեպքերում խորհրդարանականները հանդես են գալիս մի թիմով և դառնում ընդհանուր հայկական դիվանագիտության մաս:

Դիվանագիտական հարթակում հաջողություններ գրանցելու և միջազգային հանրությանը տարբեր հարցերի շուրջ ճշմարիտ իրողությունը մատուցելու գործում վաղուց արդեն ժամանակն է փոխել մեր խորհրդարանական դիվանագիտական «զինանոցը»:

Մենք ասացինք, որ պատերազմի դաշտում 80-ականների զենքով կարողացանք պաշտպանվել ու մեզ արդիականացում է հարկավոր: Այն, որ հաղթեցինք քառօրյա պատերազմում, խոսում է մեր ոգու մասին, զինվորի՝ դեպի հայրենիք սիրո մասին: Մենք պետք է հասկանանք, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ ևս 70-80-ականների «զենքերը» պետք է փոխարինվեն արդիական «զինատեսակներով», այսինքն՝ խորհրդարան պետք է գան մարդիկ, որոնք տիրապետում են օտար լեզուների, որոնք կարողանում են ամեն ինչ նոր ոճով ներկայացնել՝ ունենալով ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական ոգի: Խորհրդարանական նոր սերունդը Հայաստանը միջազգային հարթակներում կպաշտպանի նոր ոճով:

Խորհրդարանական դիվանագիտական «զինանոցը» պետք է թարմացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել