Tert.am-ը գրում է.
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի մեջլիսում հայազգի պատգամավոր, «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանի հայտարարությանը, թե Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության հետ, ասաց, որ Կարո Փայլանը սկիզբ դրեց նոր երևույթի՝ մեջլիսը դարձնելով ճշմարտության տարրեր պարունակող ելույթների ամբիոն։

«Այդ պահից սկսած, իհարկե, Կարո Փայլանը թիրախ դարձավ թուրքական պետության և ազգայնական ուժերի համար։ Կարո Փայլանի կյանքին վտանգ է սպառնում այն պահից սկսած, երբ նա մեջլիսում հայտարարեց Հայոց ցեղասպանության մասին, ի ցույց դրեց օսմանյան խորհրդարանի սպանված հայ պատգամավորների նկարները, կոչ արեց Թուրքիայի տարբեր
վայրերից հանել Թալեաթ Փաշայի անունը կրող փողոցները և այլն»,
- ասաց նա։


Թուրքագետը կարծիք հայտնեց, թե Փայլանի խիզախությունը շատ ավելի քաղաքական ռեզոնանս ունի, քան տարբեր հասարակական գործիչների, լրագրողների, նույնիսկ Հրանտ Դինքի գրած որոշ հոդվածներն ու հայտարարությունները.«Ցավոք, Թուրքիան նման պետություն է և մեր ազգակիցն իրոք թիրախ է»:

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ միջադեպն, իհարկե, թուրքական մամուլում անդրադարձ գտել է, ավելի շատ ներկայացնելով իշխանամետ տեսակետները, իսկ ինչ վերաբերում է Փայլանի հայտարարությանը, ապա թուրքական մամուլում արձագանքները, ըստ թուրքագետի, կարելի է բաժանել 2 մասի:

«Առաջինը՝ շարունակելով Դավութօղլուի գծած սցենարը, շատ հաճախ մենք բախվում ենք լռության մատնելու փաստի հետ: Այսինքն, երբ մամուլը և քաղաքական գործիչները լռության են մատնում այս խնդիրը, փորձելով ավելի նվազեցնել այս խնդրի ծավալները: Մյուսն էլ՝ ծայրահեղ ազգայնական շրջանակներ, մամուլն ու քաղաքական շրջանակները ներկայացնում են, թե դա խայտառակություն է, որ Թուրքիայի մեջլիսում պատգամավորը հանդես է գալիս նման հայտարարությամբ, և դա, իհարկե, ուղեկցվում է տարատեսակ  ռասիստական կոչերով և պիտակավորմամբ: Մի բան ակնհայտ է. որ Կարո Փայլանը և՛ թուրքական մամուլի, և՛ քաղաքական գործիչների, և՛ հասարակական շերտերի համար հստակ թիրախավորվել է այդ ելույթից հետո, և չեմ բացառում, որ վաղ թե ուշ տարբեր առիթներով նախագահ Էրդողանը և Դավութօղլուն հասցեական անդրադառնան Կարո Փայլյնին և նրա ելույթին»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետն ասաց նաև, որ Ստամբուլի հայկական համայնքի որոշ շրջանակ նույնպես բավական բացասական է արձագանքել Կարո Փայլանի հայտարարությանը, նշելով, որ այդ հայտարարությունն իրենց վտանգի տակ է դրել։
 
«Կարո Փայլանի այս քայլը սպասելի ու կանխատեսելի էր, սա դիպված չէ, այլ իր քաղաքական կենսագրության ու քաղաքական նկարագրի էվոլյուցիոն զարգացումն է ի ցույց դնում: Նրա այս քայլով է՛լ ավելի ակնհայտ է դառնում թուրքական մեջլիսում ներկայացված իշխող կուսակցությունից պատգամավոր Մարկար Եսայանի շատ պախարակելի պահվածքը տարբեր հարցերի շուրջ»,- ասաց թուրքագետը՝ նշելով, որ Փայլանի այդ ելույթից հետո Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամավորները շատ հստակ իրենց դիրքերը զբաղեցրին. Կարո Փայլանն ընդգծված հայանպաստ, Մարկար Եսայանն ընդգծված թուրքանպաստ, իշխանամետ և Սելինե Դողանը՝ ավելի հավասարակշիռ:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ հետաքրքիր երևույթ է, երբ Թուրքիայի պատմության ընթացքում, ինչպես նաև հայ համայնքի պատմության ընթացքում Կարո Փայլանը սկիզբ դրեց բավական հետաքրքիր մի նորամուծության՝ խորհրդարանական ամբիոնը դարձնելով ճշմարտության տարբեր տարրեր պարունակող ելույթների համար ամբիոն:

Հիշեցնենք, որ խորհրդարանին ուղղված իր ելույթում Փայլանը ընթերցել է 1915-ին սպանված մի շարք հայ գործիչների անունները և ցույց տվել նրանց լուսանկարները, ներկայացրել է յուրաքանչյուր հայ գործչի ճակատագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել