Tert.am-ը գրում է.

Թուրքական ապրանքների Հայաստան ներմուծը արգելելու պահը հասունացել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին ինտենսիվ պատերազմական գործողություններով պայմանավորված: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը բնական է համարում, որ այդ հարցի բարձրացման համար ապրիլյան քառօրյա պատերազմը  իր ազդեցությունը ունի, չնայած որ հարցը կարելի էր շատ ավելի վաղուց դիտարկել:

«Դա ազգային, պետական շահի հարց է: Տարիներ շարունակ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 250-300 մլն դոլարին համարժեք ապրանքատեսակ, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել է առավելագույնը մինչեւ 2 մլն դոլարի ապրանք: Ինչո՞ւ պետք է մեր գումարները տանք թուրքական ձեռնարկություններին, նրանք դրանից հարկեր մուծեն, զենք արտադրեն, տան Ադրբեջանին, հետո էլ այդ զենքը ուղղեն մեր դեմ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Թուրքիայից ներկրվող ապրանքների մեծ մասը կարելի է արտադրել հենց Հայաստանում, մյուս մասն էլ`բերել այլ ուղղություններից օրինակ` Չինաստանից:

Հիշեցնենք` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ իր գլխավորած նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը: «Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ առաջին հերթին այն ապրանքների մասով, որոնք Հայաստանի ազգային տնտեսությանը սպառնում են կա՛մ որակի, կա՛մ մրցակցության տեսակետից»,- ասել էր նախարարը:

Շարունակելով թեման՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ ինքը կողմնակից է, որպեսզի բարձրացված հարցը դրական լուծում ստանա, այսինքն` արգելքը գործի:

«Պետք է հիշել, որ եթե մենք պատերազմական գործողությունների փուլում ենք, ապա դասական շուկայական տնտեսության մոդելի մեջ չենք կարող լինել: Սա ոչ ստանդարտ, կյանքի մահի հարց է: Հնարավոր ամեն ինչ պետք է անենք մեր ազգային, պետական շահերը, մեր ազգային նկարագիրը, մեր պատիվը պահելու համար», -ասաց Մելքումյանը։

ԲՀԿ–ական պատգամավորը նաև շեշտեց, որ հիմա մի փուլում ենք, երբ կա ազգային համախմբում կոնկրետ նպատակի շուրջ` անկախ նրանից արգելանքի կիրառումը ինչպես կազդի այս կամ այն անհատի կամ կառուցի վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել