Մեկուկես հեռուստասեզոնի դադարից հետո Արտակ Վարդանյանն ամեն շաբաթ «Երևանն է խոսում»-ի տաղավարում կրկին կբարձրացնի հանրությանը հուզող խնդիրներ։ Այսօր՝ ժամը 23։15-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի թոք շոուի նոր եթերաշրջանը։

Նոր տաղավար, նոր քննարկումներ և նոր մոտեցում. Արտակ Վարդանյանը խոստանում է, որ «Երևանն է խոսում»-ը նոր որակ է բերելու։ «Ցանկացած հաղորդավարի համար մեծագույն պատասխանատվություն է շաբաթը 1 անգամ վարել թոք շոու, որը պետք է քննարկի շաբաթվա կամ, առհասարակ, տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր խնդիրները և ամփոփիչ լուծում տա դրան։ Հիմքում նաև խնդիրը ներկայացնող ռոպորտաժներ են լինելու։ Այսուհետև «Արմնյուզը» շաբաթ երեկոյան դառնում է համընդհանուր քննարկման հեռուստահարթակ, որտեղ շաբաթվա վերջին ավելի սթափ կփորձենք ինչ-որ հարցեր բարձրացնել և տալ դրանց լուծումները։ Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Արտակը։

Հաղորդավարը նշեց, որ այսուհետև չեն քննարկելու կենցաղային բնույթի թեմաներ։ «Քննարկելու ենք թեմաներ, որոնք անհրաժեշտ են հանրությանը։ Այս անգամ շեշտը դրվելու է ոչ թե վեճի թեժության, այլ բովանդակության վրա։ Այսուհետև մենք չենք ցանկանում ստեղծել ավելորդ սկանդալներ և ինտրիգներ, որպեսզի հաղորդման վարկանիշը բարձրանա, որովհետև հաղորդումը ճանաչված է և ունի իր հեռուստադիտողների բանակը։ Ուզում ենք ներկայանալ պատրաստված, խելացի մոտեցումներով և ինչ-որ հարցի լուծումներ տրվող թեմաներով»,- նկատեց նա։

 

Թոք շոուները հաճախ բարձրացնում են խնդիր, սակայն հետագայում չեն անդրադառնում՝ այն լուծում ստացե՞լ է, թե՝ ոչ։ Արտակը նշեց, որ իրենք հետևողական են լինելու խնդրի լուծմանը և հետագայում այդ մասին իրազեկելու են իրենց լսարանին։ «Հեռուստատեսության և թոք շոուի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիրը ներկայացնի բազմակողմանի և լայնաշերտ, որպեսզի գերատեսչության ներկայացուցիչներն էլ հասկանան, թե մարդիկ ինչ են մտածում թեմայի մասին»,- ասաց հաղորդավարը և հավելեց, որ իրենց լսարանում չեն լինելու մարդիկ, ովքեր կոմպիտենտ չեն թեմային։ «Ամենակարևոր առանձնահատկություններից է, որ աուդիտորիայում նստած բոլոր մարդիկ ինչ-որ առումով կապ ունեն տվյալ թեմայի հետ։ Կարծում եմ ՝ յուրաքաչյուր  թոք շոուի համար երազանք է, որ ներկաներն ուղղակի ծափ տվող մարդիկ չեն։ Եթե ասելիք լինի, նրանք նաև կմասնակցեբ քննարկմանը»,- նշեց հաղորդավարը։

«Երևանն է խոսում»-ի առաջին հաղորդման ժամանակ ստեղծագործական անձնակազմն անդրադարձել է քառօրյա պատերազմում զոհված հերոս զինվորներին։ Տաղավարում հյուրընկալվել են զինծատայողներից Քյարամ Սրոյանի, Աղասի Ասատրյանի, Վրեժ Սարգսյանի, Հարություն Աբրահամյանի ծնողները, իսկ աուդիտորիայում նստած են եղել նրանց հարազատները։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը չի կարոացել գալ տաղավար, նրա մասին ռեպորտաժ է ներկայացվել։

Արտակը հայտնեց, որ հյուրընկալելու են ներկայացուցիչներ Պաշտպանության  նախարարությունից, Սոցապ նախարարությունից, Առողջապահության նախարարությունից։ Ներկայացուցիչները կխոսեն այն մասին, թե ինչ արտոնություններ են տրվում նրանց ընտանիքներին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել