Tert.am-ը գրում է.

Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ իր 2 պաշտպանյալների խախտված աշխատանքային իրավունքների դեպքին, որոնք այս օրերին կամավորագրվելով Արցախի պաշտպանության ջոկատին՝ հեռացվել են աշխատանքից:

Փաստաբանը նշեց, որ նման աշխատանքային իրավունքի խախտում տեղի է ունեցել ոչ միայն իր երկու պաշտպանյալների հետ. նրանք շատ ավելի են:

«Ի ուրախություն կարող եմ ասել, որ քանի որ հանրային մեծ հնչեղություն ստացավ, բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձան, կարծում եմ՝ խնդիրը կկարգավորվի մոտական ժամանակներում, և նրանք կգնան աշխատանքի»,- ասաց նա:

Փաստաբանը չնշեց, թե կոնկրետ որ ընկերությունն է աշխատանքից ազատել կամավորներին, բայց ասաց, որ դա պետական ոլորտ չի եղել: 

Ինեսա Վարդանյանը տեղեկացրեց, թե այն հիմքով են ազատվել, որ աշխատանքի չի ներկայացել: Փաստաբանը նաև նշեց, որ Աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում, որ աշխատանքի չգնալու համար աշխատանքից կարող են ազատվել, այլ հստակ նշում է, որ  անհարգելի բացակայության դեպքում կարող են ազատել աշխատանքից:

«Կարող է մարդը ընկել էր կոմայի մեջ, ինչպե՞ս պետք է տեղեկացներ, դրա համար էլ  աշխատանքային օրենսգիրքը քեզ պաշտպանում է»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ իր 22-ամյա պաշտպանյալը ուղղակի պետք է պատշաճ ծանուցում ներկայացներ, բայց ընկերների հետ արագ որոշել և գնացել էր, միայն բանավոր՝ զանգ կատարելով հաշվապահին տեղեկացնելով։

Ի դեպ, փաստաբանը նշեց, որ տվյալ դեպքերում գործ ունենք տեղական ընկերությունների հետն, բայց եթե անգամ միջազգային լինեին, պետք է հաշվի նստեին օերնսդրության հետ: 
Ասուլիսին ներկա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ թեև այս պարագայում պաշտպանված են աշխատողները, բայց իրենք ուսումնասիրում են աշխատանքային օրենսդրությունը նման դեպքերի համար առավելապես երաշխիքներ նախատեսելու այն մարդկանց համար, որոնք հայրենիքը պաշտպանելու համար այս կամ այն ձևով կթողնեն աշխատանքը և որպես կամավոր կմեկնեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել