Մարդիկ կան, որոնց, չգիտես ինչպես, հաջողվում է մեջդ եղած ամբողջ բացասականն արթնացնել։ Դա, անկասկած, ամենատհաճ զգացողություններից մեկն է, բայց հիմա էդպիսի շփումները դիտարկում եմ որպես դաժան, բայց օգտակար դասեր։ Առաջին անգամ էդ մասին մտածեցի էն ժամանակ, երբ որոշ շրջան ստիպված էի սերտ շփման մեջ լինել մի մարդու հետ, ում ապշեցուցիչ կերպով հաջողվում էր իմ մեջ հիմնականում բացասական գծեր արթնացնել, էն աստիճանի, որ ես ինքս ինձ համար էլ էի հաճախ տհաճ դառնում ու միաժամանակ զարմանում, որ ես կարող եմ էդքան վատը լինել։ Էդպիսի մարդկանց հետ հակառակն ապացուցելու յուրաքանչյուր ջանքդ կարծես քեզ ավելի ու ավելի խորն է ընկղմում արդեն դրսևորվածդ բացասականի մեջ։ 

Հետո էլի եղավ մի իրավիճակ, երբ շփումն ինքնին տհաճ չէի անվանի ընդհանուր առմամբ, բայց ինձ համար անհասկանալի ձևով ես ինքս ինձ տվյալ մարդու աչքերով բավական բացասական լույսի տակ էի տեսնում անընդհատ ու դրանից ահավոր դիսկոմֆորտի մեջ ընկնում։ Նման իրավիճակներում հետաքրքիրն այն է, որ մի կողմից կարծես գիտես, որ դա քո նորմալ, իսկական վիճակը չի, դու սովորաբար էդպիսին չես, շատ ավելի լավն ես, բայց մյուս կողմից էլ չես կարող չգիտակցել, որ, փաստորեն, էդպիսին էլ կարող ես լինել, դա էլ է իրականում քո մի մասը։ Ու ուզում ես ամեն կերպ ազատվել էդ բացասական մասից, որ այլևս ամեն պատահած մարդ չկարողանա քեզ «վատը դարձնել»։

Ես, իհարկե, նկատի չունեմ, թե պետք է էդպիսի մարդկանց հետ հատուկ շփում փնտրել, ավելին՝ համոզված եմ, որ երկարատև լինելու դեպքում նման շփումը կարող է մարդուն լրիվ հոգեկան հավասարակշռությունից հանել ու լուրջ վնասներ հասցնել։ Բայց ժամանակ առ ժամանակ կարճատև շփումները ինքնաբացահայտման ու ինքնավերագնահատման լավ հնարավորություն կարող են լինել։ Էսպես թե էնպես կյանքը դժվար թե որևէ մեկին լրիվ ապահովագրի էդպիսի շփումներից, էնպես որ դա ամեն դեպքում անխուսափելի է։ Ամբողջ հարցն այն է, թե ինչպես ես դրան նայում ու ինչ ես քաղում դրանից՝ բացի հասկանալի պատճառներով ստացած բացասական լիցքերից։

Ու ընդհանրապես, երբ ինչ–որ բան տհաճ է լինում, պետք է փորձես գոնե ուսանելի բան գտնել մեջը։ Հաստատ կգտնես։ Ինձ թվում է՝ հենց էնպես ոչինչ չի թափվում մեր գլխին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել