Ապրլի սկզբից առ այսօր տեղական և միջազգային փորձագետները բազմապիսի վերլուծություններով փորձում են հստակեցնել «թե ինչու Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց» հարցի պատասխանը։ Եվ եթե ի մի բերելու լինենք փորձագիտական եզրահանգումներն ու պնդումները՝ Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հիմքում ընկած էր, Արցախին տարածքային կորուստներ պատճառելով, բանակցային գործընթացում Հայաստանին խաղի կոշտ կանոններ թելադրելու մտադրությունը։

Ադրբեջանի ապրիլյան այս ռազմաքաղաքական հաշվարկների ռազմական բաղադրիչը ձախողված է, հետևաբար՝ ձախողվում է նաև քաղաքականը։

Սկսենք սկզբից։ Քառօրյա պատերազմում Արցախի սահմանների վրա հարձակված ադրբեջանական բանակի էլիտար ստարաբաժանումների գլխովին ջախջախումից, զինտեխնիկայի խոշոր կորուստներից  և Արցախում տարածքներ զավթելու ծրագրի տապալումից հետո, Ալիևը շտապեց շնորհավորել իր ժողովրդին, ոչ թե սեփական հասարակության գոհունակությանն արժանանալու համար, քանի որ նույնիսկ միջազգային հանրության քննադատություններին տեղի չտվող Բաքվի բռնապետը խորապես թքած ունի նաև իր երկրի հանրային կարծիքի վրա,  այլ հակամարտության մեջ Ադրբեջանի իբր նոր ռազմաքաղաքական առավելության մասին աշխարհին հայտնելու նպատակով։ Այսինքն՝ ռազմակամ ճանապարհով այդ առավելությունը չվաստակած Ալիևը փորձեց ստեղծել այդ առաջին տպավորությունը գերտերությունների մոտ՝ համոզված լինելով, որ հաղթանակի պատրանքով երկար ժամանակ կկարողոնա կերակրել նաև միջազգային հանրությանը և Ռուսաստանին, այսպիսով ստիպելով վերջիններիս ուղղորդել Հայաստանին դեպի տարածքային զիջումներ։

Ալիևի այս անտաղանդ ներկայացումը, սակայն, արժանացավ միայն իր մեծ եղբոր՝ Թուրքիայի, բռավո-բիսերին։

Սերժ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում անձամբ և դիվանագիտական տարբեր խողովակներով մի քանի անգամ խոսեց և հաստատեց Հայաստանի նոր կոշտ դիրքորոշումն ու բանակցության սեղանին նստելու նախապայամանները։ Եվ հարցն այստեղ այն չէ՝ Ադրբեջանը և միջազգային հանրությունը համաձայն են դրանց հետ, թե՝ ո՛չ, հարցն այստեղ այն է, որ ռազմական ճանապարհով հարցը լուծել չկարողացող Ադրբեջանը և հակամարտությունը ռազմական հարթակից բանակցությունների սեղան տեղափոխել ձգտող, ամեն դեպքում այդպես ցույց տվող, միջազգային հանրությունն այդ նախապայմանների հետ հաշվի չնստելու այլընտրանք չունեն։

ՌԴ-ում ՀՀ նախագահի այս դիրքորոշումը, իհարկե, ընդունվեց հիասթափությամբ և գիտակցությամբ, որ բանակցային գործընթացում ՌԴ-ի նախաձեռնողի դիրքերից հանդես գալու մտադրության իրագործումն անհաջող փորձ էր, գոնե կարճաժամկետ հեռանկարում։ Սակայն զուգահեռ սրան՝ ոչ ռուս պաշտոնյաները, ոչ էլ ռուսական մամուլը առանձնապես չջանացին համոզել կամ պարտադրել հայկական կողմին հետ կանգնել այս կտրուկ դիրքորոշումից։ Սա նշանակում է, որ եթե ՌԴ-ն, նույնիսկ առանձնապես կողմ էլ չէ Հայաստանի այս դիրքորոշմանը, առնվազն չի պատրաստվի համոզել Հայաստանին հրաժարվել դրանցից։ Սա շատ լավ հասկանում են Ադրբեջանում։ ՌԴ-ում Ադրբեջանի երկու հյուպատոսներին հետ կանչելը արտահայտում է հակառակորդի դժգոհությունը՝ դիվանագիտական հարթակում Հայաստանի այս կոշտ գործելակերպը ամենևին կասեցնել չպատրաստվող ՌԴ-ի նկատմամբ։ Ադրբեջանում շատ լավ հասկանում են նաև, որ եթե հայկական կողմն առանց իր առաջադրած նախապայմանների բավարարման որևէ երկխոսության չգնա, սեփական ռազմատենչ հայտարարությունների և անպարտ բանակի միֆի տակից դուրս գալու համար, ստիպված կլինի կրել նորանոր ռազմական անհաջողություններ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Մի գուցե հենց այս՝ Ադրբեջանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական տխուր իրականությունն է ստիպել այս երկրի արտաքին գործերի նախարարին այսօր հայտարարել, որ Բաքուն «դուրս չի եկել բանակցություններից», ինչը վկայում է գոնե բանակցային գործընթացի նախորդ փուլերում գոյություն ունեցող՝ քիչ թե շատ Ադրբեջանին ձեռնատու պայմանները վերականգնելու անմխիթար փորձերի մասին, որոնց վրա անվերադարձ խաչ է քաշել հենց ինքը Ադրբեջանը՝ ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Արցախի դիրքապահների և խաղաղ բնակչության վրա հարձակում սանձազերծելով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել