Tert.am-ը գրում է.

Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթեցմամբ քվեարկությունը երեկ տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտմամբ. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նշեց, որ օրենքի քվեարկությունից առաջ իրենց հնարավորություն չտվեց կարծիք հայտնել նախագծի վերաբերյալ: 


«Գալուստ Սահակյանը, որը եկավ այդ պահին, միանգամից դրեց քվեարկության ու հեռացավ, խախտեց կանոնակարգ օրենքը, նրանց այդ խախտումը տեղի ունեցավ տիկին Նաղդալյանի և պարոն Շարմազանովի օգնությամբ»,-ասաց նա:


Իսկ քվեարկությունից առաջ Փոստանջյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է նախագծին, և խմբակցության այն պատգամավորները, որոնք կողմ էին քվեարկելու նախագծին,  «Ժառանգության» կարծիքի հետ կապ չունեն։


Այնուհետև Փոստանջյանը անդրադարձավ առաջնագծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին և նշեց, թե այս իրավիճակը ցույց տվեց, որ չունենք դաշնակիցներ, և այն հավատը, թե դաշնակիցները թույլ չեն տա, որ պատերազմ սկսվի, հասկանալի դարձավ, որ այս թեզը ևս սնանկ է, և չի համապատասխանում իրականությանը: Ըստ Փոստանջյանի՝ մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա:


Փոստաջյանի խոսքով՝ պետության ամենաբարձր մակարդակով դեռևս 2011թ-ին արդեն եղել է համաձայնություն, որ ազատագրված հողերը վերադարձնեն՝ առանց հանրության կարծիք հաշվի առնելու:


Ըստ նրա՝ լայնածավալ պատերազմական գործողությունները, ցավոք, դեռ շարունակվում են, և դա նշանակում է, որ քաղաքականությունը ձախողվել է, դա էլ պատճառն է, որ հանգեցրել է պատերազմական գործողությունների:


«Այս պահի դրությամբ էլ քաղաքական դաշտում ձախողումները շարունակվում են»,-ասաց նա և նշեց, թե պետք է այս պահին ճանաչված լիներ Արցախի Հանրապետությունը և քայլեր ձեռնարկվեին, որ այն ճանաչվեր այլ պետությունների կողմից:


«Այստեղ ձախողում է տեղի ունեցել, չենք արել, և դա հավասարազոր է դավաճանության»,-ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել