Tert.am-ը գրում է.
Ստամբուլում դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր Cumhuriyet թերթի սյունակագիր Հիքմեթ Չեթինքայային և Ջեյդա Քարանին, ովքեր իրենց հոդվածները պատկերազարդել են ֆրանսիական Charlie Hebdo թերթից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով։ Այդ մասին հաղորդվում է թերթի կայքում։
 
Նշվում է, որ լրագրողները ծաղրանկարները տեղադրել են իրենց նյութերում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումից հետո։
 
Հրապարակումը հանրային արձագանք է գտել, ինչից հետո դատախազությունը 38 էջանոց մեղադրական եզրակացություն է պատրաստել։
 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չեթինքայային և Քարանին սպառնում է 4,5 տարվա ազատազրկում՝ Charlie Hebdo-ից ծաղրանկարների հրապարակման համար:
 
2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է 12 մարդ, այդ թվում՝ գլխավոր խմբագիրն ու երկու ոստիկան։
 
Հիշեցնենք, որ նույն թերթի լրագրողներ Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլն անցյալ տարվա մայիսին «Ահա և ըստ Էրդողանի գոյություն չունեցող զենքերը» խորագրով նյութ էին պատրաստել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություններին պատկանող բեռնատար մեքենաների մասին, որոնք զենք էին մատակարարում իսլամիստներին։ 
 
Դրանից հետո պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեղադրանքներով նախաքննություն էր սկսվել նրանց նկատմամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ջումհուրիյեթին» և Դյունդարին դավաճանության համար էր մեղադրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել