Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե երեկ իրենց խմբակցության պատգամավորների և կուսակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի հանդիպմանը երկրի Նախագահի կողմից դժգոհություններ չեն եղել, մասնավորապես՝ կապված «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրությանը վերաբերող նախագիծը տապալելու համար:

«Ինչի՞ պետք է գոհ չլինի, ի՞նչ է, առաջին անգա՞մ է, որ ինչ-որ օրենք չի ընդունվում: Օրենքի տապալումը դեռ չի նշանակում, որ պատգամավորները վատ են աշխատում»,-ասաց նա:


Հարցին, թե դժգոհություն չի՞ եղել նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Նիստի վերաբերյալ ես բարոյական իրավունք չունեմ ձեզ հետ զրուցելու: Ես չգիտեմ, ես չեմ կարող որևիցե մեկի անունից խոսել: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինձանից գոհ են, թե դժգոհ են, քանի որ ոչ գովել են, ոչ փնովել»:


Ըստ նրա՝ հանդիպումից դուրս են եկել դրական խթաններով. « Գլխավոր հրամանատարն ունի կամային այնպիսի հատկանիշներ, որ ամենակրիտիկական պահին, ամենածանրագույն ժամանակում էլ իր հետ հանդիպման ժամանակ ցանկացած զինվոր, քաղաքացի դրական իմպուլս է ստանում: Դա կամային հատկանիշներ ունեցող անձնավորության տեսակ է»։


Իսկ թե կուսակիցներին բացատրություն չի տրվել նաև հարցում, թե ինչու են պաշտոնանկ արել ՀՀ ՊՆ 3 բարձրաստիճան պաշտոնյաներ, Համլետ Հարությունյանը պատասխանեց, թե դա բոլորի համար հայտնի է։ 


«Աշխատանքներում թերացումների համար պետք է ոչ միայն նրանց, այլև շատ շատերին կարելի է պաշտոնանկ անել: Կրիտիկական պահ է, պատերազմական վիճակ է, և այստեղ շատ շատերը պետք է ապացուցեն իրենց պիտանելիության աստիճանը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել