Ցանկացած ավանդույթ կամ ժողովրդական սովորություն իր մեջ առասպելաբանության տարրեր է պարունակում: Բացառություն չէ նաև աղի բլիթի սովորությունը:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Հայրապետյանը սովորույթն այսպես է մեկնաբանում. «Աղի բլիթ ուտելու ժողովրդական սովորության դեպքում մարդ իր սպասումները փորձում է սեփական պատասխանատվության և հոգեկան դաշտից հեռացնել` տեղափոխվելով այն պատահականությունների կամ բախտ, ճակատագիր կոչվածի վրա»:
Ինչ վերաբերում է երազատեսությանը, հոգեբանը հակված է կարծել, որ մարդ արդիականացնում է այն սպասումը, որը ցանկանում է: Հոգեբանական տեսություններից մեկի համաձայն` եթե չի կատարվում այն, ինչ երազում տեսել ես, դու պարզապես մոռանում ես այդ մասին: Բանական և գիտական տեսանկյունից հնարավոր չէ, որ մարդ կարողանա տեսնել ապագան, նա պարզապես անցյալի փորձից ելնելով տեսնում է անձանց, դեպքեր կամ սեփական ակնկալիքները: Եթե սպասելիքներդ մեծ են, և հնարավոր չէ առօրյա կյանքում դրանց իրագործումը, կարող է ինֆորմացիոն և հոգեբանական խզում առաջանալ սպասելիքների ու իրական կյանքի միջև, իսկ ցանկացած խզում վտանգավոր է, քանի որ հղի է հոգեկան տրավմաներով:
Հոգեկան տրավմայի խորությունն ու սրությունը պայմանավորում են երկու գործոններ՝ թե ինչքան ինտենսիվ էին սպասելիքները, և թե ինչ սկզբունքով դրանք իրականացան կամ չիրականացան: Որքան հեռու գտնվեցին երկու գործոնների հատման կետերը, այնքան խորը կլինի տրավման:
Մարդիկ երազում տեսնում են այն, ինչի կարիքը հատկապես ունեն: «Անգամ ֆիզիոլոգիայի տեսանկյունից այս դեպքում գործում է աղիի մեխանիզմը, որը ջրի պակաս է բերում երազում»,-պնդում է հոգեբանն ու ասում, որ ինքը չի հավատում, որ երազում տեսած ինչ-որ մտքեր կամ երևույթներ ունենան այնքան էներգիա, որ կարողանան իրականում պայմանավորել մարդու ճակատագրի ընթացքը: 
Փոխարենը խորհուրդ է տալիս «աղի բլիթակերներին»` հավատալ, որ երազում տեսնելով ինչ-որ բան` կարող են իրական կյանքում, իրենց իսկ էներգիան օգտագործելով, այն իրականացնել:
Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ «լույս» է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում՝ հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։ Այսօր սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել