ՏՏ անվտանգության փորձագետԵս հաճախ եմ հանդիպում նման հարցի։ Մինչեւ ապրիլ ամիսը հիմնականում նմանատիպ թեմաների շուրջ թեզ գրող մագիստրոսներից էին նմանատիպ հարցեր հնչում (իմիջիայլոց, Հայաստանում տեղեկատվական պատերազմներով թեզեր գրողների ճնշող մեծամասնությունը աղջիկներ են։ Չգիտեմ, թե դա լավ է, թե վատ, բայց պարզապես ասեցի նշեմ սա, գուցե որևէ մեկին հետաքրքիր լինի։ Հիմա արդեն այս հարցը հուզում է շատ ավելի լայն հասարակական շերտերին։

Հիմա անդրադառնանք բուն հարցին։ Առաջինը, սկսենք նրանից, որ տեղեկատվական պատերազմ ասելիս՝ բոլորս տարբեր բան ենք հասկանում։ Բայց դե մեկ է, մոտավորապես ձեւավորվել են ինչ֊-որ շաբլոնային մոտեցումներ, որոնք էլ առաջանում են մեր հարեւան ադրբեջանական լրագրողների աշխատանքից։ Նայելով Ադրբեջանի այսօրվա մամուլի աշխատանքին՝ կարելի է եզրակացնել, որ տեղեկատվական պատերազմում լրագրողը պետք է մասնակցի ապատեղեկատվություն, քարոզչություն տարածելով, տեղեկատվություն կոծկելով եւ այլ նման հետաքրքրաշարժ գործողություններով։

Իրականում, սրանից վատ բան դժվար է մտածել։ Տեղեկատվական պատերազմում, անկասկած, օգտագործվում է ապատեղեկատվություն, քարոզչություն տարածելը։ Եվ նմանատիպ նյութեր պատրաստելու ու լայն զանգվածներին կերակրելու համար գոյություն ունեն հատուկ մասնագետներ։ Բայց դրանք չպետք է լինեն լրագրողները։ Խաղեր տվող լրագրողները, ովքեր փորձում են ինչ-որ մեկին խաբել, պարզ չէ, թե ում են օգնում դրանով, բայց որ վնասում են բոլորին, դա հասկանալի է առանց հիմնական բժշկական անալիզները ստուգելու։

Հենց հանուն հայրենիքի լրագրողները չպետք է զբաղվեն քարոզչությունով։ Լրագրողը միայն մեկ ձեւ ունի տեղեկատվական պատերազմում մասնակցելու․ պետք է շարունակի իր պրոֆեսիոնալ աշխատանքը։ Պարզ է, որ պատերազմական իրավիճակում լրագրողը ավելի շատ է աշխատում, ավելի բարդ է տեղեկատվություն ստանալ, հաճախ՝ նույնիսկ վտանգավոր։ Բայց լրագրողի գործն է տարածել օպերատիվ, ճշգրիտ, ստուգված տեղեկատվություն։ Հենց դրանով էլ լրագրողը կարող է մասնակցել տեղեկատվական պատերազմում․ ճշգրիտ, ստուգված տեղեկատվությունից լավ դեղ չկա հակառակորդի քարոզչության դեմ։

Եվ ընդհանրապես, խափելը լավ բան չէ, ինչպես ասել են Կոնֆուցիոսը եւ Էնգելսը իրենց վերջին գրքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել