Հերմինե Նաղդալյանին ու նրա նմաններին պետք է հրատապ մեկուսացնել միջազգային ամբիոններից։ Ասեմ ավելին՝ անթույլատրելի է, որ նման կասկածելի ինտելեկտուալ ցենզ և տակտի զգացում ունեցող տիկնայք ու պարոնայք երբևէ կրկին ներառվեն պետական համակարգերում։

Փաստորեն տեսեք, թե ինչ է ստացվում․ մենք ազգովի հերոսացնում ենք մեր խիիզախ տղերքին, ովքեր չեն խնայում իրենց քրտինքը, արյունն ու կյանքը, մասսայական հերոսության դրվագներ են գրացվում, իսկ բանակի մարտական ոգին այնքան բարձր է, որ ոչ մի բանի հետ հաշվի չեն նստում և միայն հաղթանակ են պահանջում, իսկ տիկին Նաղդալյանը վեր է կենում ու միջազգային հարթակում հայտարարում է, որ այդ տղաների արյան գնով պահված հողերը մերը չեն, մենք դրանց իրավունքը չունենք, մենք դրանք վերադարձնելու ենք վաղ թե ուշ․․․

Ոմանք սա շտապեցին որակել որպես դավաճանություն, բայց դա այդպես չէ։ Ես առավել քան վստահ եմ, որ խնդիրը ոչ թե դավաճանական մղումն էր, այլ Նաղդալյանի նեղլիկ ու սահմանափակ մտահորիզոնը։ Տիկինը հաշիվ չէր տալիս, թե ինչ է խոսում, որտեղ է խոսում և երբ է խոսում։ Ու Նաղդալայնն այդ սահմանափակ մտավոր ունակություններով միակ քաղաքական գործիչը չէ, ով ինձ համար անբացատրելի մոտիվներով ընդգրկված է ՀՀ-ի ներկայացուցչական պատվիրակություններում և ներկայացնում է ՀՀ-ն միջազգային ատյաններում։

Կարծում եմ, որ իշխանությունները հետևություններ պետք է անեն ու օր առաջ բացառեն, որ տիկին Նաղդալյանն ու իր նմանները հետագայում որևէ քիչ թե շատ ներկայացուցչական հարթականերում հայտնվելու հնարավորություն ունենան։ Իսկ եթե լինենք ավելի անկեղծ, ապա իշխանություններին խիստ շնորհակալ կլինեինք, եթե ընդհանրապես սկսեին ինքնամաքրումը և բացառեին Հերմինե Նաղդալյանների առկայությունն իրենց շարքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել