ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Boomberg գործակալությանը տված հարցազրույցում ամրագրեց քառօրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրադրության պայմաններում Արցախյան հիմնահարցում՝ Հայաստանի արտաքին քաղաքական փոփոխությունների հրամայականը։ Այժմ դիտարկենք հարցազրույցի ընթացքում հնչած մի քանի հայտարարություններ, որոնք մեր ընկալմամբ, ընդգծում էին հայկական կողմի ավելի կոշտ և նախկինի համեմատ ավելի հստակ դիրքորոշումը։

1.«Ռուս խաղաղապահների հնարավորթույուն չեմ  տեսնում»։

Պատերազմի բռնկման առաջին պահերից սկսած հայ քաղաքագիտական շրջանակների մի զգալի հատված սկսեց փնտրել ռուսական հետքը՝ հակառակորդի ագրեսիայի հետևում տեսնելով ՌԴ-ի՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժեր տեղակայելու սցենարի իրագործման ձգտումը։ Իսկ Կրեմլին մոտ կանգնած մի շարք լրատվամիջոցներ շտապեցին խոսել ՌԴ-ի արտգործնախարարի Երևան բերվող՝ այսպես կոչվող  Լավրովի փաթեթի մասին, որի համաձայն՝ Ռուսաստանը խաղաղապահների սցենարի իրագործման հաջողության ճանապարհին է։

Թե ինչ փաթեթ էր բերել ՌԴ արտգործնախարարը, հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, իսկ հայկական պաշտոնական օղակներն էլ վստահեցրին, որ Լավրովը Երևան էր եկել բանակցային գործընթացի և հակամարտության լուծման վերաբերյալ առանց որևէ առաջարկության։ Սակայն ինչպես նկատել էր Լավրովի մամուլի խոսնակը՝ ՌԴ-ի արտգործնախարարը երբեք որևէ տեղ դատրակձեռն չի գնում։ Վերջին պատերազմից դեռ տևական ժամանակ առաջ արևմտյան պետությունների հորդորով հայակական կողմն առաջ քաշեց շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, որի իրագործումը կարող էր իրականում մեծ արդյունավետություն ունենալ շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական ոտնձգությունները զսպելու գործում։ Այս մեխանիզմների իրագործումը ռուսական կողմն ընկալեց հակամարտության մեջ իր գերակայությանը հարվածող սպառնալիք և ամեն կերպ ձգտեց տապալել և հեռու պահել Արևմուտքի նախաձեռնությամբ հնարավոր ներդրվելիք մեխանիզմները արցախյան սահմաններից, և ՌԴ-ի խաղապահների սցենարն այս մեխանիզմների ավելի շատ ոչ թե ռուսական այլընտարքն էր, որքան դրանք բացառելու դեռևս հաջողված մարտավարություն։ Boomberg-ին տված հարցազրույցի ընթացքում, սակայն,  Սերժ Սարգսյանը հանրայներոն ասաց ոչ ՌԴ-ի այս հավակնություններին, ինչը Հայաստանի ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների նոր որակ է, որը ոչ այնքան սառնություն է մտցնում այստեղ երկու երկրների միջև, որքան Հայաստանի շահերի հաշվի առնելու անհրաժեշտություն է թելադրում ՌԴ-ին։

2. «Պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան»։

Նախագահի այս նախադասությունն ուղղված էր Ադրբեջանին։ Սա ազդակ էր հակառակորդին, որ ինչպես քառօրյա պատերազմից առաջ ամեն պատեհ անպատեհ առիթով պատերազմով սպառնացող Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին չհաջողվեց զիջումներ պարտադրել Հայաստանին, այնպես էլ ապրիլյան ռազմական ոտնձգությունը չի կարող ստիպել հայկական կողմին տարածքային զիջումների գնալ։ Սրանով հայկական կողմը Ադրբեջանից նրբորեն խլեց, պետք եղած դեպքում հարցը նաև ռազմական ճանապարհով լուծողի կերպարը, որը տարիներ շարունակ կերտել է հակառակորդի ռազմաքաղաքական վերնախավը և Հայաստանի վրա փորձել բանեցնել որպես քարոզչահոգեբանական ճնշում։ Սրանով հայկական կողմը հիշեցրեց Արցախյան երկու պատերազմներում էլ հրադադար խնդրած Ադրբեջանին, որ անպարտ բանակ ունենալու պատրանքը կարող է հաջողություն ունենալ սեփական ժողովրդի շրջանում, բայց ոչ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։

3. «Փաստաթուղթը գրեթե պատրաստ էր, բայց Ադրբեջանն ամեն անգամ հրաժարվում էր»։

Առաջին անգամ երկրի նախագահը խոստովանում է, որ Հայաստանը պատրաստ էր ստորագրել բանակցային գործընթացի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի տակ, որոնք ենթադրում էին տարածքային զիջումներ Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ նաև Սերժ Սարգսյանն անկենսունակ է համարում բանակցային գործըթնացի նախորդ փուլերի ընթցաքում մշակված այս փաստաթղթերը նոր իրադրության պայմաններում և անիմաստ է համարում Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ նստելը, քանի դեռ վերջինս չի դադարեցնում հրադադարի կոպիտ խախատումները։ Սրանով Սերժ Սարգսյանը վերջնագիր ներկայացրեց նախ միջազգային հանրությանը, որը, եթե խորապես մտահոգված է տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ցանկանում է կանխել պատերազմի հավանական վերսկսումը, պետք է հրաժարվի կեղծ հավասարակշռության սկզբունքից և սաստի պատերազմ հրահրողին, այլապես բանակցային գործընթացի մասին խոսք գնալ չի կարող։ Երկրորդ՝ սա հստակ ազդակ էր նաև Ադրբեջանին՝ կամ չխախտել հրադադարը, կամ որևէ բնույթի բանակցությունների վերսկսումն անհնար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել