Արդեն 101 տարի Հայոց ցեղասպնության իրողությունը պատմագիտական, դիվանագիտական և տեղեկատվական ճակատներում հետևողականերոն ժխտող Թուրքիայի իշխանություններն այս ընթացքում մշակել են պատմական իրականությունը սեփական հասարակությունից թաքցնելու և միջազգային հանրությանը կարծիք պարտադրելու բազմաթիվ քարոզչահոգեբանական թեզեր։

Այս  թեզերի տարածման համար Թուրքիան ներգրավել է նաև ադրբեջանական լոբբիստական կառույցները, տպել է բազմաթիվ գրքեր, տարածել դրանք աշխարհի հեղինակավոր համալսարանների գրադարաններում, կաշառել միջակ պատմաբանների՝ գիտությունը սեփական քաղաքական նկրտումներին ծառայեցնելու համար։ Տարիների ընթացքում հրապարակ նետված նորանոր թեզերը փոխարկերպվել են և «կատարելագործվել» են թուրքական իշանությունների կողմից։ Դրանք աստիճանաբար ձերբազատվեցին կոշտ, ազգայնամոլական, ծայրահեղական երանգներից, որոնք  թուրքական իշխանությունները խորամանկորեն փոխարինեցին եղբայրության և հաշտության մղումների քողով։

2010-ականներին թուրքական ղեկավարությունը «ցավալի տարհանման» կեղծ տեսությունից սահուն անցում կատարեց «ընդհանուր ցավ» չափազանց վտանգավոր քարոզչահոգեբանական թեզին։ Թուրքիայի ներկայիս իշխող կուսակցության առաջնորդների առաջ քաշած այս տեսությունը ոչ այնքան ուղղված է հայկական լսարանին, որքան միջազգային հանրությանը, որի շրջանում Թուրքիայի համար ցանկալի ազդեցությունը չեզոքացնելը պահանջում է հայ մասնագետների և լոբբիստական կազմակերպությունների լուրջ և հետևողական աշխատանքը։

Ի՚նչ է թաքնված «ընդահանուր ցավի» կեղծ տեսության տակ։

Նախ «ընդահանուր ցավի» մասին Էրդողանի և Դավութօղլուի ելույթներում ամենևին չի հստակեցվում, թե Օսմանյան կայսրության մայրամուտին այստեղ ծավալվող ողբերգական կոնկրետ որ դեպքերի ընթացքում են հայերի հետ միասին զոհվել նաև հազարավոր թուրքեր։ Կարելի է ենթադրել, որ խոսքը  Համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում թուրքական բանակի ռազմական կորուստների մասին է։ Ստացվում է, որ պետությունը, որը սեփական կամքով ներքաշվել է առաջին աշխրահամարտի մեջ, հավասարության նշան է փորձում դնել պատերազմում զոհված թուրք զինվորների և կայսրության՝ նպատակաուղղված սպանված  1.5 մլն. հայ բնակիչների միջև։ Հայերի հետ կատարվածը չհերքելով՝ Թուրքիան թոզ է փչում միջազգային հանրության աչքերին՝ 1915-ի վիշտը կիսելու և միաժամանակ այն իրեն վերագրելու փորձերով։

Ի՚նչ ազդեցություն կարող է ունենալ «ընդահանուր ցավի» թեզը միջազգային հանության վրա։

Մեծ պրոֆեսիոնալիզմով հաշվարկած այս տեսությունը դրական ընկալվելու մեծ հավակնություններ ունի երրորդ պետության կողմից, քանի որ այստեղ խորամանկորեն համադրվել են պատմական այս ողբերգական իրադարձությունների նկատմամբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կեղծ ցավակցությունն ու կարեկցանքը, դահիճից զոհի կարգավիճակի նուրբ անցումը և սեփական մեղքի չափաբաժինը մեղմացնելու նկրտումները։

Մարդասիրական արժեքների առերես վերհանման, իբր հաշտության և եղբայրության հաստատման ազդակներ պարունակող նմանօրինակ հնարքները, ցավոք, իրենց հաջողությունն ունենում են միջազգային հանրության շրջանում։ Թուրքիայի ներկայիս իշխանությունները լավ գիտակցում են այդ և մոտ ապագայում դժվար, թե հրաժարվեն՝ հատկապես արևմտյան հասարակությունների էմոցիաների վրա խաղացող՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության այս արդիականացված ռազմավարությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել