Թո՛ղ հանգստանան բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, թե այս նախագծի իմաստը ընկերության քարոզչությունն էր: Հանգստացե՛ք, գերշահույթներ չենք ստացել և դեռ մեծ հարց է՝ այս նախագիծը վնասե՞ց, թե՞ օգնեց ընկերությանը: Մենք այս ամենը հաշվի առել էինք և գիտակցում էինք, որ հնարավոր է այս միջավայրում ամեն բան սխալ մատուցվի և մեկնաբանվի:  
Շատերին ոչ թե դրոշի նոր տարբերակը դուր չեկավ, որովհետեև գրեթե ոչ մի խելամիտ, մասնագիտական կարծիք չհնչեց, այլ այն, որ «Braind»–ը որոշակի ճանաչում ձեռք բերեց:
Ասում են, թե դրոշի թեման օգտագործել են, որպեսզի իրենց ընկերությունը ճանաչում ձեռք բերի: Կրկնում ենք վերջին անգամ: Մեր նպատակը եղել և մնում է պետության ուժեղ դիրքի ստեղծումը, որն իհարկե չի սահմանափակվում միայն դրոշով: Այն մի ահռելի աշխատանքների և հստակ գործողությունների փաթեթ է, որը քաղաքակիրթ աշխարհում կոչվում է «Nation branding» http://en.wikipedia.org/wiki/Nation_branding 
Այո՛, մենք գտնում ենք, որ քրիստոնեությունը մեր պետությունը բնութագրող առանցքային, հիմնարար «գաղափարներից» մեկն է, և հայկական խաչը պետք է պատկերված լինի մեր դրոշի վրա: Եվ սա կրոնական պետություն լինել կամ չլինելու խնդիր չէ: «Ուսումնասիրեք բոլոր սկանդինավյան երկրների դրոշները»: 
Դրոշի նոր տարբերակը պետք է ոչ թե ստվեր գցի գործող և նախկին դրոշների վրա, այլ ուժեղացնի բոլոր այն զուգորդումները, որոնցով մենք տարբերակվում ենք այլ երկրներից:
Եվ վերջում: Ինչո՞ւ են բոլորը միայն խոսում այն հաղթանակների մասին, որոնք գործող դրոշի ժամանակահատվածում են իրագործվել, իսկ մինչ այդ մենք պատմություն չե՞նք ունեցել: Ո՞վ կարող է միանշանակ հիմնավորել նախկին դրոշների և գործող դրոշի ուժեղ և թույլ կողմերը: 
Ստորև ներկայացնում ենք հայկական դրոշների էվոլյուցիան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել