Ադրբեջանում արձագանք է գտել ապազգային տարրերի պատրաստած էժանագին տեսանյութը

Արշակ Զաքարյանի «Կինը» հեղինակային կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը ներկայացված է Լեհաստանում անցկացվող ZOOM ZBLIZENIA միջազգային կինոփառատոնին: Մրցույթի առաջին փուլում 451 ֆիլմերից եզրափակիչ փուլ են անցել 114-ը, այդ թվում` «Կինը» ֆիլմը: Մրցույթի վերջնական փուլը կկայանա փետրվարին: 

«Կինը» ֆիլմը, ինչպես նշում է ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ, միլիոնից ավելի այն մայրերի, քույրերի, կանանց մասին է, որ իրենց ուսերին են կրում մեր ազգի, նոր սերնդի պահպանման ու դաստիարակման և հայրենի օջախի ծուխը անմար պահելու ծանր բեռը և՛ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմի ժամանակ: Սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ռեժիսորը ֆիլմում օգտագործել է զոհված ազատամարտիկների իրական իրերը, պապիկների դերերը մարմնավորել են իրական Արցախյան պատերազմի մասնակիցներ: Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է փորձառու դերասանուհի Զարա Հակոբյանը, ում հարազատ եղբայրը նույնպես թաղված է Եռաբլուրի պանթեոնում: Ֆիլմի երաժշտությունը Արտո Թունջբոյաջյանինն է, հնչում են նաև հատվածներ «Մարտիկի երգը» (Սերժ և Խաչատուր Թանկյան), «The waves of genocide» (Ալբերտ Վարդանյան) երգերից: «ՎեբԾիրան» փառատոնում այն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

-Ֆիլմը ավելի շատ խաղաղությա՞ն մասին է, թե՞ պատերազմի: 
-Պատերազմը չի էլ ավարտվել: Ինչպե՞ս կարելի է այն ավարտված համարել, երբ նույն թշնամու ձեռքով տասնյակ հայ զինվորներ և քաղաքացիներ են զոհվում ամեն տարի: Մենք` հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք, և ամեն անգամ, զենքը մեր ձեռքը վերցնելիս, հույս ենք հայտնում, որ դա անում ենք վերջին անգամ, որ մեր որդիները այլևս չեն տեսնի` ինչ բան է պատերազմը, բայց, ցավոք, այդպես չի լինում: Այս ֆիլմը չավարտված պատերազմների մասին է, որ աշխարհում հայտնի է «չլուծված կոնֆլիկտներ» անվամբ: Պատերազմը շարունակվում է, որ խաղաղություն լինի...
-Բանակի մասին շատ է խոսվում, գրվում, անգամ գրականություն է ստեղծվում` վատը պախարակող: Ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ կատարվում է տեղեկատվական դաշտում:
-Լրատվամիջոցները բանակի մասին ցանկացած հոդված գրելիս պետք է հաշվի առնեն ազգային անվտանգության պահպանման կարևորությունը: Այո, պետք է ձայն բարձրացվի արատավոր երևույթների դեմ, բայց ոչ միջազգային մակարդակով, քանզի, կրկնում եմ, մենք պատերազմի մեջ ենք:
-Ո՞րն է Ձեր ֆիլմի գլխավոր ասելիքը: 
-Հայ մայրերը դեռ ծնում ու դաստիարակում են այն հերոսներին, ովքեր, երբ պետք լինի, նույն արժանապատվությամբ պատրաստ են գնալու և շարունակելու իրենց հերոս հայրերի գործը: Այն հաղորդագրություն է թշնամուն, որ մենք, ինչպես 90-ականներին, այսօր էլ, եթե հարկ լինի, պատրաստ ենք ջախջախելու մեր ոսոխին` արդեն թարմացված ու ավելի կատարելագործված ուժերով: 
-Նժդեհին նվիրված ֆիլմը բուռն քննարկումների առիթ տվեց: Անառողջ եռուզեռը արձագանք գտավ նաև հարևան երկրում` Ադրբեջանում: Ինչո՞ւ: Որովհետև քաղաքականացվե՞ց, թե՞ որովհետև ֆիլմի ռեժիսորն ու դերասանական խումբը հասցրել էին նախորդ ֆիլմերով հիասթափեցնել հանրությանը:
-Անկախ նրանից, թե ով է նկարահանել ֆիլմը, մեկնաբանելուց առաջ ես պետք է նախ և առաջ այն դիտեմ ամբողջովին։ Դա ֆիլմի մասին: Իսկ Ադրբեջանում արձագանք է գտել ոչ թե ֆիլմը, այլ մի խումբ ապազգային տարրերի պատրաստած էժանագին տեսանյութը, ուր ծաղրում են ոչ թե ֆիլմ արտադրողին կամ թեկուզ դերասանին չհաջողված ինչ-որ կադր, այլ հենց Նժդեհին ու նրա անունը: Տեսանյութում ռուսերեն «շ թՈՐպչՌվ ծՋՊֆ» արտահայտությունն է գործածվում, և օտարը, նայելով տեսանյութը, միայն տեսնում է, որ ինչ-որ խեղկատակ կերպար ասում է, որ ինքը Գարեգին Նժդեհն է: Օտար դիտողը պատկերացում էլ չունի, որ դա ֆիլմի կամ դերասանի պարոդիա է: Եթե նման կատակ արվեր որևէ հավաքույթի ժամանակ, նեղ շրջանակում, միգուցե և ընդունելի լիներ: Բայց համացանցով, այն էլ` օտար լեզվով, նման տեսանյութ տարածելը դավաճանություն է: Հեղինակները պետք է պատժվեն, իսկ տարածողները ամաչեն իրենց արարքից:

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել