Karabakh-open.info–ն գրում է.

Սպարտակ Հովսեփյանը պատերազմի ժամանակ ականներ էր տեղադրում, պատերազմից տարիներ անց, արդեն ականազերծողի դերում պայթեց ականի վրա՝ կորցնելով ոտքը։

44-ամյա Սպարտակը 3 անգամ վիրավորվել է, երկու անգամ պատերազմի տարիներին եւ վերջինը՝ 2003 թվականին։

Հովսեփյանները Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքից են, բայց արդեն 15 տարի է, ինչ ապրում են Ստեփանակերտում։ Այս տարիների ընթացքում բազմիցս ստիպված էին փոխել բնակարանը՝ վարձով են ապրում։

Արդեն տասներեքերորդ տարին է, ինչ Սպարտակի մի ոտքին փոխարինում է պրոթեզը։ Միջահասակ Սպարտակը քայլում է արագ՝ ասես ոչինչ իրեն չի խանգարում, բայց կինը` Ալինան, նշում է․ «Գիշերները ցավից տնքում է, արդեն 13 տարի է ապրում է այդ ցավի հետ»։

Սպարտակի կինը, ով ամուսնու հետ կիսել է տառապանքի օրերը, ժպտերես եւ անկաշկանդ է։ «3 անգամ վիրավորվել է, այդքան էլ մահից փրկվել»,- իր խոսքում հաճախ է փառք տալիս Աստծուն։

«Հավատում եմ Աստծուն ինչպես բոլորը, մեր կյանքում եղան դեպքեր, երբ էլ ոչ մի հույս չկար Աստծուց բացի, եւ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- նշում է Ալինան։

Հովսեփյանների տանը երկու 2-րդ կարգի հաշմանդամ կա․ Սպարտակից բացի հաշմանդամություն ունի նաեւ նրանց ավագ որդին՝ Ավոն, ով ծնվել է 1993թ․ հունիսի 15-ին՝ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանի /Ավո/ մահից անմիջապես հետո։ Այդպես էլ ասացին՝ Ավոն ծնվեց։

Ալինան պատմում է, որ 40 օրականում հիվանդանալուց հետո Ավոյի կյանքը վտանգի տակ էր․ «Փառք Աստծո որդին ապաքինվեց, չնայած հիվանության հետքերը մինչ օրս առկա են»։

Սպարտակը քչախոս է, ցավախառը ժպիտով է պատմում իր գլխով անցածը․«Առաջին անգամ ականի վրա պայթեցի 1992թ․ դեկտեմբերի 31-ին։ Պոստում իմացա, որ ադրբեջանցիներն անցել են մեր թիկունքը, երբ փորձեցինք հետ գնալ, պարզվեց, որ տարածքը ականապատ է։ Հենց այդտեղ էլ «Ուրալով» պայթեցի ականին»։ 

Երկրորդ դեպքն արդեն Կուբաթլուում էր․ «Արկը կողքիս պայթեց, ձեռքս տարա դեպի գլուխս, ափերս արյան մեջ էին, գիտակցությունս կորցրի, ուշքի գալով բժիշկների շրջապատում էի արդեն»։ 1993-ի գարունը ոչ թե ծաղկունք, այլ հաշմանդամություն էր նախատեսել Սպարտակի համար։ Այստեղ էլ դարձավ 2-րդ կարգի հաշմանդամ։

Ալինան պատմում է, որ իրենց կյանքի մղձավանջային օրերը դեռ նոր էին սկսվում։

«1995-96թթ․ վիճակը շատ վատ էր, փառք Աստծո, Սպարտակն այդ վիճակից դուրս եկավ։ Նյարդային հիվանդությունը վերածվում էր հոգեկան հիվանդության, փառք Աստծո, բանը չհասավ դրան»,- ասում է Ալինան ու կատակում․ «Հիմա նրա հիշողությունը ես եմ, երբեմն լսողությունն էլ եմ ես, լավ չի լսում»։ «Արկի պայթյունից հետո ականջներումս անընդհատ ինչ-որ աղմուկ կա»,-ավելացնում է Սպարտակը։

Ընտանիքով Ստեփանակերտ տեղափոխվեցին, Սպարտակն աշխատանք գտավ « The Hallo trust»- բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունում՝ որպես ականազերծող։

6-ամսյա աշխատանքից հետո պայթեց ականազերծված տարածքում մնացած միակ ականի վրա։

«Տարածքը տեխնիկայի օգնությամբ ականազերծված էր։ Խումբը նախապատրաստական աշխատանք էր տանում, գնացի ջուր խմելու, ծորակից 5 մետր հեռավորության վրա պայթեց ականը։ Կարծում էի, թե պայթյունն իմ թիկունքում է, քիչ հետո արդեն ոտքս գրկած նստել էի»,- սակրավորի աշխատանքի ողջ սարսափն է պատմում Սպարտակը։ «Ճակատագրից չես փախչի»,- ավելացնում է Ալինան։

Հովսեփյանների ընտանեկան արխիվում պահպանվում են Սպարտակի ծանր վիճակից նկարներ՝ Ալինան միշտ կողքին է։

«Մտածե՞լ եք երբեւէ՝ եթե նախկինում ականներ չտեղադրեիք, Ձեզ հետ այս դեպքը չէր պատահի»,- հարցիս ժպտում է ու պատասխանում․ «Էն ժամանակ պատերազմ էր, պիտի դնեինք․․․»։

Պատասխանը կարճ է, լռում է։

«Միայն թե նորից պատերազմ չլինի»,- հնչում է Ալինայի ձայնը, -«հիմա էլ մեր երեխաները պետք է կռվեն։ Երկրորդ որդիս՝ Ալյոշան, առաջնագծում է ծառայել»։

Ամուսինների համոզմամբ՝ այսօրվա 19-20 տարեկանները շատ են տարբերվում իրենց ժամանակվա երիտասարդներից․ այն ժամանակ ավելի հասուն էին, այլ կերպ էին մտածում։

Ալինան 19, Սպարտակը 21 տարեկան էր, երբ ամուսնացան։

«Երբ հարցնում էին՝ ինչո՞ւ եք շուտ ամուսնանում, ասում էի՝ կռիվ ենք գնում, ո՞վ գիտե՝ հետ կգա՞նք, թե՞ ոչ, գոնե ժառանգ թողնենք»,-ժպտալով պատմում է Սպարտակը։

Պատերազմից հետ եկավ, սակայն խաղաղ պայմաններում էլ պատերազմը «հետապնդեց» նրան։

Սպարտակի ոտքը, ինչպես ինքն է ասում, բժիշկները ճիշտ չեն կտրել, քիչ ավելի երկար է, դրա համար անընդհատ խնդիրներ է ունենում պրոթեզի հետ կապված։ 

«Ամեն անգամ պրոթեզի մեխանիզմը հանում եմ, ոտքս երկար է, շատ է ցավեցնում։ Անցած ամսում հերթական վիրահատությունն եմ տարել․ արյունը հավաքվում է, եւ միայն բժիշկները կարող են հեռացնել,- պատմում է նա, ավելացնելով, որ ամեն անգամ բժիշկներն ասում են, որ 5 սանտիմետր պետք է հեռացնեն ոտքից։

«Ավելի լավ է այսպես ցավ քաշեմ, քան նորից կտրեն ոտքս, այ դրան էլ չեմ դիմանա»,- տխուր ժպիտով ավելացնում է նա։

Պատերազմից, երկրորդ ոդու ծնվելուց, երկրորդ անգամ ականի վրա պայթելուց հետո Հովսեփյանների տանը հրաշք կատարվեց՝ 18 տարի հետո ծնվեց նրանց երրորդ որդին՝ Գոռը, ով մեր խոսակցության ամբողջ ընթացքում հիշեցնում էր իր ներկայության մասին՝ խաղալիք մեքենաների աղմուկով ու վանկարկումներով։

«Սպարտակը միշտ ասում է, որ Գոռն է իրեն ուժ տալիս դիմակայել դժվարություններին ու ցավերին»,- ասում է կինը՝ ժպիտը չթաքցնելով․ «Գոռին Աստված տվեց, 18 տարի հետո նորից մայրացա, արդեն խաղաղ պայմաններում»։

Արդեն երկու տարի է ինչ տեղափոխվել են հին բնակարանից, փոքրիկին ավելի լուսավոր, արեւշատ սենյակ էր անհրաժեշտ։

Հովսեփյանները շարունակում են 15 տարի շարունակ վարձով ապրել։ «Նրանք, ովքեր փախել են պատերազմից եւ հիմա ռուսաստաններում են, իրենց տներն են վարձով տալիս, իսկ մենք տուն չունենք»,- նշում է Ալինան։

«Մի քանի անգամ դիմել ենք երկրի նախագահին էլ, վարչապետին էլ, բայց ոչ մի արդյունք չկա։ Ես արդեն չեմ էլ ասում տուն տվեք, գոնե օգնեն առանց կանխավճարի հիպոթեքով տուն վերցնենք»,- ասում է պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամը։

«Իմ կյանքն արդեն ապրել եմ, ո՞վ գիտե դեռ որքան եմ ապրելու, բայց երեք տղա ունեմ՝ որտե՞ղ պիտի ապրեն»-իր խոսքն ավարտում է Սպարտակը։

Սպարտակի «բախտակից» Վլադիմիր Մկրտչյանի համար պատերազմը երբեք էլ չի ավարտվել։ 1993-ից մինչեւ 2010թ․ ծառայել է պաշտպանության բանակում՝ շարունակելով պատերազմական տարիների աշխատանքը։

Վլադիմիրը Մարտունի քաղաքում է բնակվում եւ աշխատում։ Նա եւս պայթել է ականի վրա, մի քանի անգամ էլ ընկերների մահն է տեսել, բայց ամենացավալին 1996թ․ հոկտեմբերի 30-ին էր։

«Պատերազմի տարիներին դաժան դեպքեր շատ են եղել, ցավալի պահեր եւս, բայց ամենացավալին այն է, երբ կողքիդ մահանում են ընկերներդ։ Մենք 11 հոգով էինք, ականների պայթյունից մահացան 8 հոգի, սպաներից միայն ես ողջ մնացի»,- պատմում է Վլադիմիրը։

Մի անգամ էլ տանկով է ականի վրա պայթել, ինչից հետո հանել են նրա երիկամը․ «Մի քիչ «թեթեւացած» եմ զգում» երիկամս հանելուց հետո»,- կատակում է նա։

Ժպտերես, ալեախառն մազերով, հիսունն անց տղամարդը մինչ այժմ մանրամասն հիշում է ականների կառուցվածքը, տարբեր մանրուքներ։

Քանի անգամ է մահից փրկվել՝ դժվարանում է հիշել, նշում է, որ սովորաբար ականներ հայտնաբերելու ժամանակ պայթեցնում էին, բայց բազմիցս ստիպված է եղել վնասազերծել դրանք։ «Անզգույշ մի շարժում եւ վերջ․․․»,-ասում է ու շարունակում․ «Սակրավորը սխալվում է մեկ անգամ»։

Հիշում է, թե պատերազմից հետո քանի անգամ է վնասազերծել իր իսկ կողմից դրած ականները։ Այսօր էլ, եթե պետք լինի, կանի այն, ինչ պատերազմի տարիներին էր անում, ասում է ու շարունակում, որ երիտասարդներին էլ խորհուրդ է տալիս ամեն վայրկյան զգոն եւ ուշադիր լինել։

Պատերազմի թոհ ու բոհով անցած Վլադիմիրը պատերազմ չի ուզում, բայց, ինչպես ինքն է ասում, պետք եղած դեպքում կկանգնի այսօրվա զինվորի կողքին, նաեւ ավագ որդու, ով նույնպես սակրավոր է։

Երեկ որդիների հայր Վլադիմիրի ծնողները տասնամյակներ առաջ են մահացել, բայց թոռները շարունակում են ականջալուր լինել նրանց պատգամին՝ «Երբեք քո հողը չլքես»։ Այսօր էլ Վլադիմիրն է իր որդիներին հորդորում մնալ հայրենիքում․ «Թող թեկուզ բանվորություն անեն, թող վարորդներ լինեն, բայց մնան այստեղ»։ 

Ի դեպ, Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ 1995 թվականից մինչեւ 2015թ․ հոկտեմբերի 1-ը տեղի է ունեցել 281 դժբախտ պատահար (188 ականներից, 93 չպայթած զինամթերքից), որոնց հետեւանքով տուժել է 366 մարդ:

Կազմակերպության գործունեության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 4,460 հա տարածք, իսկ կասետային ավիառումբերից մաքրել է ավելի քան 24,984 հա տարածք, որի հետեւանքով հայտնաբերվել եւ ոչնչացվել է` 11 117 ական, 12 145 կասետային ավիառումբ եւ 47 692 չպայթած զինամթերք:

Դեռեւս 809 հա ականազերծման ենթակա տարածք կա, իսկ կասետային ավիառումբերից պետք է մաքրվի դեռ 6,581 հա տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել