Ապրիլյան թեժ մարտերի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակն աստիճանաբար կայունանում է: Դրական տեղաշարժը նկատելի է յուրաքանչյուր օր:
ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանի հավաստմամբ՝ վիրավորների բուժման ընթացքն ու արդյունքները գոհացուցիչ են: Ավելին՝ առաջիկա օրերին մի խումբ զինծառայողներ կուղարկվեն վերականգնողական բուժական արձակուրդի:
Խոսելով կատարված մեծ ծավալի ու մասնագիտացված բարդ վիրահատությունների մասին` բուժծառայության փոխգնդապետը նկատում է. «Վերջին մի քանի օրերին զինվորական բժիշկներն ուղղակի հրաշքներ են գործել թե՛ մարտադաշտում, թե՛ հոսպիտալներում, օր ու գիշեր կատարել են այնպիսի վիրահատություններ, որոնք իրենց բնույթով եզակի են ու յուրահատուկ ողջ հանրապետությունում։
Առաջիկայում մի քանի վիրահատություններ են սպասվում ամպուտացված վերջույթներով վիրավոր զինծառայողներին: Պետք է կատարվի ծայրատների ռեամպուտացիա, որից հետո՝ հաջորդ քայլը լինելու է վերջույթների պրոթեզավորումը»։
Բուժանձնակազմի բարեհամբույր և հոգատար վերաբերմունքի, նրանց սրտացավության ու անտրտունջ աշխատանքի մասին փաստեցին նաև վիրավոր զինծառայողների մայրերը: Բժիշկների այդ սրտացավությունն էլ, ըստ նրանց, ոգևորում և լավատեսությամբ է համակում թե՛ ապաքինվողներին, թե՛ իրենց: