Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ տեղի է ունենում հերթական քաղաքական հետապնդումը։ Այն սկսվել է 2008թ-ից, երբ նա հայտարարեց նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին։ Դրանից հետո քաղաքական հետապնդումների ու հալածանքների են ենթարկվել Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանները, նրանց ողջ ընտանիքը։ Բացահայտ ապօրինությամբ նրանցից խլվեց «Բջնի» հանքային ջրերի գործարանը, ծանր հարված հասցվեց նրանց ընտանեկան բիզնեսին։

Որպես ԱԺ պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանի առաջադրվելու փաստը, այդ առիթով նրա մամուլի ասուլիսը լայն քաղաքական հնչեղություն ունեցավ, շատերի մոտ հույս արթնացրեց, դրականորեն ազդեց հասարակական տրամադրությունների ու մթնոլորտի վրա։ Վարչախումբը սարսափում է Սուքիասյան ընտանիքից նաև այն բանի համար, որ վերջինս, յուրացրած լինելով ազատ շուկայական տնտեսության ժամանակակից մեխանիզմները՝ գործում է բացառապես օրինականության և թափանցիկության դաշտում։ Խ. Սուքիասյանի նկատմամբ կատարված անզոր ու խարդախ այս քայլն այլ բան չէ, քան իշխանության վախի ու գծուծ վրեժխնդրության արտահայտություն։ Սրանով արդեն իսկ ցնդում է այն առասպելը, թե այս իշխանությունը պատրաստվում է օրինական ու արդար ընտրություն անցկացնել։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման այս փաստը, համոզված է, որ այն կարժանանա ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային հակազդեցության և հույս հայտնում, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերականգնել օրինականությունը։ Հակառակ դեպքում Կոնգրեսն ունի այս ապօրինությանը համարժեք պատասխան տալու հնարավորությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել