Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-27-ին հերթական այցն է պլանավորում Ադրբեջան։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա երկու երկրների նախագահների արդեն երրորդ հանդիպումն է՝ տարբեր ձևաչափերում և տարբեր առիթներով։ Քանի որ աշխարհաքաղաքականության մեջ ոչինչ պատահակական չի լինում, ուստի հայ-ադրբեջանական հակամարտության գերլարված այս օրերին պատահական չէ նաև երկու թուրքական պետությունների ղեկավարների հանդիպումների այս պաբերականությունը։

Տեղեկատվական տարբեր խողովակներով արդեն հանրությանը մատակարարվող լուրերից և ադրբեջանական կողմի կիսապաշտոնական հայտարարություններից դատելով՝ կողմերը շուտով նստելու են բանակցության սեղանին։ Պատերազմական գործողությունների վերսկսմամբ ջախջախվեցին ավելի քան 20 տարի տևած բանակցային գործընթացում ձեռք բերված «պայմանավորվածությունները»։ Եվ այն, որ հակամարտող կողմերը ամեն ինչ սկսելու են զրոյից և բոլորովին նոր մոտեցումներով պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ակնհայտ է ինչպես փորձագիտական շրջանակների, այնպես էլ միջազգային հանրության համար։

Ակնհայտ է նաև, որ հակամարտող կողմերը բանակցային գործընթացն իրենց ցանկալի հունի մեջ դնելու համար նոր ուղենիշեր մշակելու, շատ քիչ ժամանակ ունեն։ Եվ մինչ վերլուծաբանները փորձում են քառօրյա պատերազմից հետո կանխատեսումներ անել  հակամատրության սպասվելիք նոր տեղաշարժերի և նույնիսկ հանգուցալուծումների մասին շրջանառության մեջ դնելով բազմաբնույթ սցենարներ, հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությունները փնտրտուքի մեջ են։

Հայկական պաշտոնական շրջանակների խորհրդավոր լռությանը հակառակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն ռազմաքաղաքական նոր իրադրությունից առավելագույնը պոկելու՝ իր մտադրությունների իրագործման բուռն քննարկումների մեջ է։

Ադրբեջանի և Թուրքիայի մտադրությունների «հեռահարության» և վտանգի մասին։

Թուրքիայի ԶՈւ շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը օրերս ասել էր, թե իր ամենամեծ երազանքը Թուրքիան և Ադրբեջանը մեկ պետության մեջ տեսնելն է։ Իրականում, նախկին բարձրաստիան թուրք պաշտոնյայի շուրթերով Թուրքիան հայտնել է իր՝ պատմաքաղաքական խորն արմատներ ունեցող պանթուրքիստական  մեծ երազանքը, որը վերջինս փորձում է իրագործել Հարավային Կովկասում արդեն գրեթե մեկ դար։ Չէ՞ որ, ադրբեջանական հանրապետություն ստեղծելու նախագիծը քեմալականներ-բոլշևիկներ ընդհանուր պայմանավորվածության արդյունք էր, որից, ԽՄ փլուզումից հետո և ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ավելի շատ շահել է թուրքական պետությունը, քան Ռուսաստանը։

Մինչ Ռուսաստանի պաշտոնյաները, հաճախ նաև վիրավորական ձևակերպումներով, հակադարձում են հայկական կողմի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ մտահոգութուններին, պատճառաբանելով, որ այսպիսով ՌԴ-ն հավասարակշռություն է պահպանում կողմերի միջև և շարունակում է վերահսկել հակամարտությունը, Թուրքիան հստակ  քայլեր  է ձեռնարկում թյուրքական աշխարհում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Հակամարտության վրա զենքի վաճառքով վերահսկողություն ունենալը ռուսական կողմի ամենամեծ ինքնախաբեությունն է։ Ադրբեջանը մշտապես եղել է ու կա Թուրքայի պանթուրքիստական ծրագրի անկյունաքարային մասնակիցը, որի գործառույթը եղել է Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև սեպի պես խրված հայկական պետականության թուլացումն ու վերջնական կործանումը։ Իսկ մասամբ ռուսական ազդեցության գոտում գտնվող թյուրքական աշխարհի միջինասիական հատվածը Ռուսաստանից խլելն ու յուրացնելը շատ ավելի դյուրին գործընթաց կլինի առնվազն՝ այստեղ քաղաքակրթական և մշակութային ազդեցիկ լծակների կիրառմամբ։ Հարց է առաջանում՝ մի՞թե ՌԴ-ն չի գիտակցում Արցախյան հակամարտության մեջ իր կեղծ հավասարակշռության քաղաքականության իրական վտանգը, որի հետևանքով վերջինիս շուրջ հերթական անգամ կսեղմվի շրջափակման օղակը։ Հարց է առաջանում, բայց դրա խելամիտ պատասխանն այսօր դժվար է գտնել թե՛ ռուսական վերլուծական, և թե՛ պաշտոնական շրջանակներում։

Հիմա հող հանձնելու մասին։ Հակառակորդը մեզնից ուզում է ոչ թե Ղարաբաղը, այլ հայոց պետականությունը, և պատմությունը մեկ անգամ չէ, որ տվել է մեզ այս խրատը։ Եվ անկախ նրանից, թե դիվանագիտական մտորումների արդյունքում ինչ մարտավարություն կընտրի հայկական կողմը, բանակցությունների սեղանին պետք է դրվի «ոչ մի թիզ հող»-ի սկզբունքը, հակառակ դեպքում՝ մենք ինքներս են մասնակիցը դառնում պանթուրքիաստական ծրագրի հաջողությանը Հարավային Կովկասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել