4-օրյա պատերազմում մենք չպարտվեցինք, բայց պետք չէ նաև ինքնախաբեությամբ զբաղվել, որովհետև մենք չհաղթեինք էլ։ Պատերազմը՝ զուտ ռազմական գործ չէ։ Ցանկացած պատերազմ բաղկացած է ռազմական, քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական բաղադրիչներից։

1․ Հաղթանակ կարելի է արձանագրել միայն ռազմական բաղադրիչում, այն էլ վերապահումով։ Մեր բանակին փաստորեն հանկարծակիի բերեցին, ու կրկին անգամ գործով ապացուցվեց հայտնի իմաստությունը, որ «գեներալները միշտ նախորդ պատերազմին են նախապատրաստվում»։ Եկեք իրերն իրենց անուններով կոչենք ու փաստենք, որ առաջին գիշերը հակառակորդը հասավ բավականին լուրջ մարտավարական հաջողությունների՝ գրավելով կարևոր բարձրունքներ հյուսիսում ու հարավում, ինչպես նաև կարողացել էր որոշ չափով առաջանալ  խոր տարածք՝ մինչև 1-2 կիլոմետր։

Ու թերև պատերազմի 3-րդ ու 4-րդ օրերին մեզ հաջողվեց գրեթե զրոյացնել նրանց ձեռքբերումները, բայց նույնիսկ տասնյակ զոհերի գնով մենք չկարողացանք վերականգնել այն իրադրությունը, որն առկա էր մինչև ամսի 2-ի գիշերը։ Փաստացի՝ Ադրբեջանական հարձակողական գործողությունը տապալվեց, բայց տապալումը լիակատար չէր։

2․ Քաղաքական առումով մենք հաղթել ենք այնքանով, որքան Ադրբեջանը՝ ռազմական առումով։ Մենք անսպասելիորեն հայտնվեցինք համաշխարհային հանրության անտարբեր ու նույնիսկ հակահայկական վերաբերմունքի գոտում։ Անսպասելիորեն վտանգվեց այն ստատուս քվոն, որը հավերժ էր թվում, ու անսպասելիորեն մեր իշխանավորները սկսեցին խոսել այնպես, ասես ջարդ ենք կերել, և ադրբեջանական բանակը Երևանի մատույցներում է։ Ինչո՞ւ։ Հաստատ ոչ նրա համար, որ պարտվել էինք ռազմի դաշտում, այլ նրա համար, որ քաղաքական համակարգը բացարձակապես պատրաստ չէր նման զարգացումների և շոկի մեջ էր։

3․ Տնտեսապես մենք նույնպես պարտվում ենք, և որքան էլ մեծ լինեն Ադրբեջանի նյութատեխնիկական կորուստները, մեկ է, մարդիկ, փաստորեն, բավական փող ունեին առաջնակարգ սպառազինություն դաշտ դուրս բերելու համար ու չէին վախենում դրա հետևանքներից, այդ թվում՝ իրենց ավերված բնակավայրերից։ Նրանից, թե իրենց միջոցներով են տակից դուրս գալու, թե՝ երրորդ կողմերի, մեր վիճակն ավելի լավը չի դառնում։ Մենք պարզեցինք, որ այսքան ժամանակ թալանով այնքան էին տարվել, որ ո՛չ ռազմավարական ենթակառուցվածքներն էին հավուր պատշաճի պահում, ո՛չ էլ բանակն է տեխնոլոգիական հագեցվածության պատշաճ մակարդակում։ Արդյունքում, 14 խոցված տանկ՝ իսրայելական հեռահար հրթիռներով ու կամիկաձե ԱԹՍ-ներով, որի դեմ պայքարում են պապական մեթոդներով ու այն էլ, եթե բախտներս բերում է ու ժամանակին ենք հավաստանշում։ Պակաս անմխիթար վիճակում չէր նաև սպասարկող ենթակառուցվածքը։ Պարզվեց, որ մեր գերատեսչությունները նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհները օրեր շարունակ չեն կարողանում կարգի բերել։

4․ Բարոյահոգեբանական բաղադրիչում անսահման դրականն ու ոգեշնչողը կենակցում են զազրելիի ու գաղջի հետ։ Հասկացանք, որ ազգ ենք, հասկացանք, որ կռվող ու անկոտրում ազգ ենք, հասկացանք, որ արտաքին թշնամու դեմ ամբողջ ազգը դառնում է մի զորք։ Սակայն, արի ու տես, որ մեր մեջի կեղտն ու տականքը թքած ունի այդ ամենի վրա, չի ուզում ընդունի և ուղղի իր սխալները, ոչինչ չի անում, որպեսզի այդ զարթոնքը և մարտադաշտում տարված հաղթանակն ամրագրվի մնացած բաղադրիչներում։ Պարզեցինք, որ ունենք այնպիսի ոսկրացած քաղաքական համակարգ, որտեղ ակտիվ գործողություններից մի քանի օր անց վերադառնում են այն անիմաստ և ինքնաոչնչացման տանող կենսակերպին, որը վարում էին մինչև ապրիլի 2-ը։ Հասկացանք նաև, որ այնքան է դեգրադացվել մեր քաղաքական համակարգը, որ վախենում է անգամ հենվել սեփական ժողովրդի վրա, որը պատրաստ է ներել ամեն ինչ ու նեցուկ կանգնել ցանկացած հարցում, եթե քաղական ողջ համակարգը՝ իշխանությունով և ընդդիմություններով, ներկաներով ու ապագաներով, պայքարեն հանուն ազգային շահի։

Այնպես որ, արդյունքում մնում է գրանցել հեղհեղուկ ոչ-ոքի, որը ցավոք հղի է կամ նոր խոշոր բախումներով, կամ էլ՝ պարտությունով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել