Սուրիկ Խաչատրյանի որդին է հիմա էլ կամավորագրվել` ակտիվ մարտական գործողությունների դադարից 2 շաբաթ անց: Ուշագրավ է, որ դեռ չենք էլ հասցրել մոռանալ սելֆիդայական սեֆլիներից ամենաանհաջողը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից, ով առնվազն 3 գումարտակ ադրբեջանցի սարսափահար անող հայացքով ու փայլուն կոշիկներով խրոխտ նկարվել էր խրամատների մեջ, և ահա՝ Խաչատրյանների ընտանեկան բենեֆիսի նոր սերիան...

Գիտե՞ք, երեկ «Հայլուր»-ով պատահաբար տեսա, որ պատերազմի առաջին օրերից կամավորագրվել է նաև հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը: Ես դրա մասին նոր էի իմանում: Նոր էի իմանում նաև այն, որ Գլումովն ինքը հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնում է զորացրվել ու չգիտեի, որ ազատամարտիկի որդի է: Մարդն առանց որևէ շուխուռի, պաթոսի և դեմագոգիայի գնացել է և ոչ մի բենեֆիս չի արել դրանից ու համացանց չի գցել «դբա Բաքու» ֆեյս կանտռոլով սելֆիներով:

Տիգրան Խաչատրյանի պահով ինձ զայրացնում է մի քանի բան. եթե Տիգրան Խաչատրյանն այդքան տոգորված է հայրենասիրության ոգով ու սրտացավ է երկրի պաշտպանության հարցերով, ապա ի՞նչն էր խանգարում նրան, որպեսզի ժամանակին ծառայեր բանակում: Եթե առողջական այդքան լուրջ խնդիրներ ուներ, որ չի ծառայել, հիմա ինչո՞ւ է գնում առաջին գիծ, առավել ևս, երբ արդեն ամեն ինչ բավականին հանգիստ է:Լավ, ենթադրենք, որ ես նախանձ եմ ու պարապ և կանխակալ մոտեցում եմ ցուցաբերում այս հարցերում: Այդ դեպքում, բացատրեք նվաստիս, թե ի՞նչ անպայման է այս բենեֆիսը անպայմանորեն տեսախցիկների և ֆոտոխցիկների օբյեկտիվի տակ անել:

Իրոք, արդեն զզվացնում են սրանք: Ոնց որ Միդաս արքայի ավելի գաղջ մոդիֆիկացիան լինեն. եթե առաջինի պարագայում ինչին կպներ՝ ոսկի էր դառնում, ապա սրանց պարագայում ինչին կպնում են՝ պղծում են: Պետք է մի հատ օպերտիվ տեմպերով համաբանակային օպերացիա իրականացվի մոտ օրերս, և բոլոր սելֆիդայիններին դիրքերից ու դիրքերի հարակից տարածքներից վերադարձնել է պետք իրենց տները: Վնասից բացի, այլ օգուտ չեն տալիս սրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել