ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ-Ի ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------
Ադրբեջանի կողմից ս.թ. ապրիլի սկզբին ԼՂՀ դեմ սանձազերծված ռազմական արկածախնդրության ընթացքում այդ երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կամ այդ երկրում գտնվող դեռևս չպարզված այլ անձանց կողմից խոշտանգվել և անարգվել են ԼՂՀ պաշտպանության բանակի թվով 18 զինծառայողների դիեր, որոնք հետագայում փոխանցվել են ԼՂՀ ներկայացուցիչներին:
Բացի դրանից, մամուլում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք ցուցադրում գլխատված ԼՂՀ ՊԲ զինծառայողի գլուխը:
Բացի վերը նշվածից, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում՝ իրենց իսկ տանը, հայտնաբերվեցին գնդակահարված տարեցների դիակները` ականջները կտրված վիճակում:
Ավելին, դպրոց գնալու ճանապարհին ադրբեջանական ռմբակոծության հետևանքով զոհվեց 12 տարեկան երեխա, վիրավորվեցին այլ երեխաներ:
Ակնհայտ է, որ նշված վայրագություններն ու խոշտանգումները միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև բազմաթիվ այլ կոնվենցիաներով ամրագրված դրույթների կոպտագույն խախտումներ են, որոնք բոլոր դեպքերում ենթադրում են պատասխանատվություն:
Ինչպես այդ օրերին, այնպես էլ այժմ, տարբեր մակարդակներով ու տարբեր հարթությունների վրա մի շարք անձանց և մասնագետների կողմից քննարկվում է Ադրբեջանին և այդ վայրագություններն իրականացրած ենթադրյալ անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության և անհրաժեշտության հարցը` հղում կատարելով մի շարք կոնվենցիաների և կանոնադրությունների:
Քննարկումներից կարելի է հանգել հետևության, որ առաջարկվում է հիշատակված հարցերով դիմել ինչպես ՄԱԿ-ի Քրեական, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ինչ խոսք, որևէ արդարացում չկա այդ վայրագություններին, որով մեկ անգամ ևս հավաստվում է, որ, ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք ատելության վրա կառուցված պետության հետ, որը ոչ մի դրական բան չի խոստանում մեզ:
Ավելին, անհրաժեշտ ու կարևոր է, որ ինչպես մամուլի, այնպես էլ տարբեր անձանց միջոցով հանրայնացվեն և միջազգային հանրությանը ներկայացվեն Ադբեջանի կողմից իրականացված վայրագություններն ամբողջությամբ:
Կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունի կատարելու խորհրդարանական դիվանագիտությունը:
Այդուհանդերձ, մեկ բան է այս մասին իրազեկելն ու բարձրաձայնելը, բոլորովին այլ բան` իրավական ընթացակարգով հետամուտ լինելու գործընթացը:
Որքան էլ զգացական և բարոյական հարթության վրա մեզ համար դատապարտելի լինեն այդ վայրագությունները, այդուհանդերձ, նկատի ունենալով, որ քննարկվող հարցը գտնվում է բացառապես իրավական հարթության վրա, հետևանք է ԼՂՀ և Ադրբեջանի միջև ծագած ռազմական կոնֆլիկտի, հարցին պետք է մոտենալ բացառապես այդ դիտանկյունից և նրբանկատորեն` խուսափելով որևէ կերպ վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան շահերը:
Ինչպես նշվեց արդեն, առաջարկվում է հիշատակված հարցերով դիմել ինչպես ՄԱԿ-ի քրեական, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 1998 հուլիսի 17-ին՝ Հռոմում տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում, որն ուժի մեջ է մտել 2002-ի հուլիսի 1-ին:
Չնայած ՀՀ-ն նշված կանոնադրությունն ստորագրել է 1999-ի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս չի վավերացրել: Ըստ տեղեկությունների` Ադրբեջանը նույնպես չի վավերացրել:
2004թ. օգոստոսի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-502 որոշմամբ՝ 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները (Կանոնադրության նախաբանի 10-րդ մաս և 1-ին հոդված), ճանաչվել է ՀՀ սահմանադրության 91- 92 հոդվածներին չհամապատասխանող:
Նույն որոշմամբ՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, նույնպես ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի, 55 հոդվածի 17 կետի, 81 հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող:
Հարկ է նշել, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 5 հոդվածով ամրագրված է Դատարանին ընդդատյա հանցագործությունների շրջանակը: Այդ հանցագործություններն են`
1.Ցեղասպանության հանցագործությունը,
2.Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները,
3.Պատերազմական հանցագործությունները:
Ընդ որում` դատարանին ընդդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև՝ ագրեսիայի հանցագործությունը:
Կանոնադրությունն ամրագրում է, որ ագրեսիայի նկատմամբ Դատարանն իր իրավազորությունը կիրականացնի միայն այն ժամանակ, երբ Կանոնադրության 121 և 123 հոդվածների համաձայն կընդունվի այդ հանցագործությունը սահմանող և այն պայմաններն ամրագրող դրույթը, որոնց դեպքում Դատարանն իրականացնում է իր իրավազորությունն այդ հանցագործությունների նկատմամբ:
Դատարանի կողմից Կանոնադրության 5 հոդվածում նշված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու առիթ կարող են հանդիսանալ.
-Կանոնադրության մասնակից պետության կողմից դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
-Դատախազի կողմից այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնելը:
Կանոնադրությունը սահմանում է Դատարանի կողմից գործի ընդունելիության մասին որոշում կայացնելու կարգը, գործի ընդունելիությունը մերժելու հիմքերը, գործի ընդունելիության մասին որոշման բողոքարկման կարգը:
Կանոնադրության 29-րդ հոդվածի համաձայն` Դատարանին ընդդատյա հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում:
Կանոնադրությունն ամրագրում է Դատարանի կողմից քննության, քրեական հետապնդման և քրեական իրավունքի միջազգային չափորոշիչներն ու սկզբունքները:
Մասնավորապես, ոչ ոք չի կարող Կանոնադրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե կատարման պահին տվյալ արարքը Դատարանին ընդդատյա հանցագործություն չէ (nullum crimen sine lege), Դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձը կարող է պատժվել միայն կանոնադրության համապատասխան (nulla poena sine lege), կանոնադրության դրույթները չեն կարող կիրառվել մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված արարքի համար (ratione personae):
Կանոնադրությունն ամրագրում է նաև Դատարանի գործունեության հիմքում ընկած քրեական իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են անհատական պատասխանատվության, պաշտոնական դիրքը վկայակոչելու անթույլատրելիության, ինչպես նաև միևնույն հանցագործության համար անձին կրկին պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության սկզբունքները (ne bis in idem):
Կանոնադրությունը նաև իրավական երաշխիքներ է ստեղծում կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց արդար դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու համար:
Մասնավորապես, երաշխավորվում է դատաքննության կազմակերպումը մեղադրյալի պարտադիր ներկայությամբ, ամրագրվում է անմեղության կանխավարկածի իրավունքը, Միջազգային քրեական դատարանի Դատական պալատը կրում է դատաքննությունն անաչառ և առանց ձգձգումների կազմակերպելու, մեղադրյալի իրավունքները հարգելու, տուժողներին ու վկաներին պաշտպանելու պարտականություն:
Կանոնադրությունը նաև երաշխավորում է Դատարանի կողմից իրականացվող քննությանը մասնակից այլ անձանց` վկաների, տուժողների իրավունքների պաշտպանությունը:
Կանոնադրության 75 հոդվածը տուժողներին ընձեռում է վնասի հատուցում ստանալու հնարավորություն:
Վերը նշվածը հնարավորություն է տալիս հանգելու պարզ հետևության, որ Հայաստանն ու Ադրբեջանը` որպես ինքնիշխան պետություններ, չեն կարող դիմել դատախազին` այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն:
Դատախազը չի կարող ինքնուրույնաբար հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնել, քանի որ կանոնադրության նորմերը չեն գործում Հայաստանի և Ադրբեջանի տարածքում:
Մնում է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դատախազին այն իրավիճակի ներկայացմամբ դիմելու հնարավորությունը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն:
Բայց այս դեպքում էլ դեռևս պետք է հստակեցնել այն սուբյեկտների շրջանակը, ովքեր օժտված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու իրավասությամբ, որի մասին կխոսենք առավել ստորև` ընդգծելով նաև այն իրողությունը, որ անգամ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դիմի դատախազին, ապա նա չի կարող հանցագործության կատարման ենթադրյալ վայրերում նախաձեռնել քննություն, քանի որ, ինչպես նշեցինք արդեն վերևում, կանոնադրության նորմերը չեն գործում Հայաստանի և Ադրբեջանի տարածքում:
Բոլորովին այլ ընթացակարգ է սահմանված Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու համար:
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում են բարձր պայմանավորվող կողմ, ստորագրել և վավերացրել են ՄԻԵԿ-ը (Այսուհետ` կոնվենցիա) կից արձանագրություններով:
Կոնվենցիայի 32-րդ հոդվածի համաձայն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են կոնվենցիայի և նրան կից արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը և որոնք հանձնվում են 33, 34 և 47-րդ հոդվածների դրույթներով նախատեսված դեպքերում:
Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է Դատարան դիմել կոնվենցիայի և նրան կից արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որ թույլ է տվել մեկ այլ բարձր պայմանավորվող կողմ:
Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն` Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, ոչ կառավարական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն կոնվենցիայով կամ նրան կից աձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացումը:
Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վերջնական որոշման կայացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես բարձր պայմանավորվող կողմ, կոնվենցիայի և նրան կից արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով կարող է դիմել Դատարան, եթե կարողանա ապացուցել, որ հանցագործությունները կատարել է Ադրբեջանի Հանրապետությունը:
Երկրորդ, ցանկացած անձ, անձանց խումբ կամ ոչ կառավարական կազմակերպություններ նույնպես կարող են դիմել Դատարան, եթե կարողանան հիմնավորել, որ դարձել են Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտման զոհ:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ Դատարանը ֆիզիկական անձանց և ոչ կառավարական կազմակերպության դիմումները քննարկման կարող է ընդունել միայն այն ժամանակ, երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները և 4 ամսվա ընթացքում` հաշվարկված ազգային համապատասխան մարմնի վերջնական որոշման կայացման ամսաթվից:
Վերը նշվածը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ միջազգային վերը հիշատակված դատարաններին դիմելու համար բավականին բարդ ընթացակարգ է սահմանված` սկսած ապացուցման բեռից, վերջացրած դիմող սուբյեկտների հստակեցումից, դիմելու ձևից և իրավասությունից:
Չհավակնելով որևէ կոնկրետ դիրքորոշում հայտնել վերը նշված հարցերի վերաբերյալ այն պարզ գիտակցամբ, որ գործ ունենք բավականին զգայուն հարցերի հետ, որոնք շոշափում են մարդկանց անձնական ողբերգությանը, և այս կամ այն դիրքորոշումը կարող է հավելյալ սպասումների պատուհան ստեղծել, այդուհանդերձ, գտնում եմ, որ հիշատակված թեմաներով հանդես եկող անձինք, կազմակերպությունները կամ պետական իրավասու ատյանները պետք է մշակեն և սեղմ ժամկետում ներկայացնեն ճանապարհային քարտեզ կամ հստակ իրավական ուղեցույց` հիշատակված դատարաններ դիմելու հստակ իրավասությունների և հիմքերի վերաբերյալ, որոնցում, ի թիվս այլոց, կլինեն նաև հետևյալ հարցերի պատասխանները.

1.Ո՞վ է պետք է իրականացնի փաստահավաք առաքելություն և մեկտեղի կատարված խոշտանգումների և այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ առկա ապացույցները` Հայաստանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՞, անձի՞նք, անձանց խումբը՞, թե՞ ոչ կառավարական կազմակերպությունները:
2.Կոնվենցիաներով ամրագրված ենթադրյալ խախտումներից և հանցագործություններից կոնկրետ որո՞նք են կատարվել Ադրբեջանի Հանրապետությա՞ն, որո՞նք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
3.Եթե հանցագործությունները կատարվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետությունն ո՞ր իրավասությամբ պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
4.Ո՞վ պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` Հայաստանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՞, անձի՞նք, անձանց խումբը՞, թե՞ ոչ կառավարական կազմակերպությունները:
5.Ո՞ր իրավական ակտին հղում տալով կարելի է հիմնավորել, որ այդ հանցագործությունները ՄԱԿ-ի քրեական դատարանին ընդդատյա հանցագործություններ են, այն դեպքում, երբ այդ դատարանի կանոնադրության դրույթները չեն գործում ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի տարածքում:
6.Ինչպե՞ս է ապահովվելու Դատարանի գործունեության հիմքում ընկած այնպիսի սկզբունքի գործադրումը, ինչպիսին է անհատական պատասխանատվության սկզբունքը, այլ կերպ ասած` ի՞նչ գործիքակազմի գործադրմամբ պետք հիմնավորվի, որ հանցագործությունները կատարել են կոնկրետ այս կամ այն անձինք:
7.Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի դիմել ՄԱԿ-ի քրեական դատարանի դատախազին, վերջինս ո՞ր իրավասության շրջանակներում պետք է նախաձեռնի քննություն հանցագարծության կատարման վայրերում:
8.Հայաստանի Հանրապետության` որպես բարձր պայմանավորվող կողմի` կոնվենցիայի և նրան կից արձանագրություններով ամրագրված կոնկրետ ո՞ր իրավունքներն են խախտվել:
9.Ադրբեջանի Հանրապետությունը` որպես բարձր պայմանավորվող կողմի` կոնվենցիայի և նրան կից արձանագրություններով ամրագրված կոնկրետ ու՞մ և ո՞ր իրավունքներն է խախտել:
10.Նկատի ունենալով, որ խոշտանգման ենթարկված քաղաքացիները հանդիսացել են ԼՂՀ քաղաքացիներ, իսկ զինծառայողները` ԼՂՀ ՊԲ զինծառայողներ, Հայաստանի Հանրապետությունն իրավական ո՞ր նորմին հղում կատարելով պետք է կարողանա հիմնավորել, որ իրավասու է ներկայացնել նշված սուբյեկտների շահերը հիշատակված դատարաններում:
11.Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրավական ինչպիսի՞ նորմերի հղում տալով կարող է իրացնել խոշտանգման կամ այլ հանցագործության ենթարկված իր քաղաքացիների և զինծառայողների խախտված իրավունքների պաշտպանությունը նշված դատարաններում:
12.Խոշտանգման ենթարկված անձանց հարազատները կամ այլ անձինք իրավական ի՞նչ ընթացակարգով պետք է հաղթահարեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածով ամրագրված դրույթները:

Չեմ բացառում, որ առաջադրված հարցերը կարող է կրեն շտկման անհրաժեշտություն, ինչպես նաև լինեն լրացուցիչ այլ հարցեր:
Այդուհանդերձ, կարևորելով հարցի լրջությունը, ինձ համար էլ ավելի կարևոր է քննարկվող հարցի հետագա ընթացքը և ենթադրյալ ավարտը:
Որևէ դեպքում պետք է խուսափել այնպիսի ջանքերի գործադրումից, որը հետագայում կարող է ստեղծել փակուղի:
Հետևաբար, այս օրերին հանրության մեջ տարբեր հարթակներում քննարկվող այս հարցերին պետք է մոտենալ զգուշորեն և սթափ, որպեսզի հետագայում հնարավոր լինի ճիշտ վայրում և ճիշտ կերպով օգտագործել ձեռք բերված հանցագործությունների ապացույցները:
Այս առումով, հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ թեև այն բանին, որ ինչպես ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ, այնպես էլ ՀՀ ռազմական դոկտրինով Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց դա չի նշանակում, որ այդ երաշխավորության իրացումը կամ հիշատակված հարցերի լուծման ընթացքը պետք է ստորադասի ԼՂՀ ինքնիշխանությունն ու անկախությունը:
Հիշատակված հարցերի լուծման ճանապարհին կարևոր ու հուսադրող քայլ է ս.թ. ապրիլի 4-ին ԼՂՀ դատախազության կողմից հարուցված քրեական գործը, որով պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ ագրեսիայի ակտ են իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Միաժամանակ, ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ և առանձին քաղաքացիական անձանց, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, մեծ չափերի անօրինական, կամայական գույքի ոչնչացում:
Տվյալ փաստերով ԼՂՀ նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր:
Վերոգրյալը հիմք ընդունելով՝ ԼՂՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) և 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածների հատկանիշներով:
Միաժամանակ, ԼՂՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, և տվյալ գործով նախաքննությունը հանձնարարվել է այդ քննչական խմբին»:
Իմ խորին համոզմամբ, ՀՀ իրավական միտքն այս փուլում պետք է սևեռվի նշված քրեական գործի ուղղությամբ և հնարավոր բոլոր միջոցներով ցուցաբերի իրավական աջակցություն` գործի դրական ելքն ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել