Քանի չեմ մոռացել, գրեմ: Արցախից տարբեր թեմա է, բայցևայնպես, նույնպես արդիական: Չնայած` Արցախի թեմայի հետ էլ միջնորդավորված առնչություն ունի:

Նախօրեին սիրիահայ ընտանիքների հանդիպեցի: Իմ հանդիպածներն ապրում էին հանրակացարանում կամ վարձով տանը` հազիվ ծայրը-ծայրին հասցնելով: Հետները մի քիչ զրուցելուց հետո եկա հետևյալ մի քանի եզրահանգման:

1. Հայաստան եկած սիրիահայերի գերակշիռ մեծամասնությունը արևմտահայերենից բացի տիրապետում է նաև արաբերենին և թուրքերենին:
2. Գործարար սիրիահայերը, որ իրենց հետ որոշակի գումար էին բերել, կարողացել են գործ սկսել Հայաստանում, իսկ նրանք, որ գործարար չեն եղել կամ պատերազմի հետևանքով ոչինչ չեն կարողացել բերել, հայտնվել են ծայրաստիճան ծանր սոցիալական վիճակում:
3. Նրանք շատ են ցանկանում աշխատել, բայց չեն հաջողում` կամ փորձաշրջան անցնելուց հետո նրանց հրաժեշտ են տալիս, կամ պատճառաբանում են, թե տարիքն արդեն մեծ է, ասենք` 50-ից բարձր:
4. Մենք լրատվական դաշտում սարսափելի վակուում ու բացթողում ունենք լցնելու: Արաբախոս աշխարհը Հայաստանից և հայերի մասին լուրեր ստանում է հիմնականում արևմտյան կամ թուրքական աղբյուրներից:

Այսօր կան կայքեր, որոնք ունեն թուրքերեն բաժիններ: Եթե կայքերի մեծ մասը սկսի բացել թուրքերեն և արաբերեն բաժիններ, այդ քայլով մի քանի խնդիր կլուծի:

Նախ, որ Հայաստանից և հայկական թեմաների մասին արաբախոս և թուրքախոս լսարանի տեղեկատվական դաշտը կսկի լրացնել` տալով նրանց այլընտրանքային կարծիք լսելու հնարավորություն:

Եվ ամենակարևորը` կլուծի սիրիահայ որոշ ընտանիքների սոցիալական հարցերը` վարձատրելով ընտանիքի գոնե մեկ անդամի` կայքերի արաբերեն և թուրքերեն բաժինները վարելու համար:

Համոզված եմ, որ մեկ լրագրողի միջին աշխատավարձի չափով նրանց վարձատրություն առաջարկելու դեպքումկայքերը կունենան բազմաթիվ առաջարկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել