Գուցե հրաշքները այնքան էլ հավատալու համար չեն...
Գուցե հրաշքներ չկա՞ն...

Մարդիկ հորինել են այդ բառը... որովհետև... 
Գուցե՞ պարզապես հորինել են ...

Սենյակս դատարկ չէ այլևս...
Մայրիկը զարմանում է, թե այդ ինչպես, երբ բողոքում էր տնից այդքան շատ բացակայելուս համար, հիմա մեկ վայրկյան չեմ հեռանում սենյակիցս... Հատկապես անկյունում դրված փոքրիկ սեղանիկի մոտից, որի դարակում կարոտ եմ պահում... Այնտեղ քեզնից պահված ամեն, ամեն ինչ կա... Անձեռոցիկ, մաստակի տուփ...
Ամեն, ամեն ինչ, ինչ մնում էր մեր բոլոր հանդիպումներից, ես բերում ու պահում էի թանկարժեք իրի նման...

Կատակում էիր միշտ, որ երբ վերադառնաս, թանգարան բացած կլինեմ... Իրականում նման մի փոքրիկ ու խենթ ցանկություն կար...

Ես խենթանում եմ հա՞ ...
–Ցնդածը դո՛ւ ես...
Ես բղավում եմ այնքա՜ն բարձր, որ բոլորը լսեն...
Ու ես դողում եմ այնքա՜ն զգուշությամբ, որ ոչ ոք չտեսնի...

........
Կան հեռուներ, որ մեզ բաժանել են իրարից հավետ... ու կանք ես ու դու, որ կապվել ենք իրար ամենաամուր կապով... Դու հեռուների մի ծայրում, ես՝ մյուս...

Ու կար ժամանակ, որ այդ հեռուները մեզ ընդամենը մի երթուղային էր բաժանում... Չնայած ձմռանը, դու շատ էիր մրսում կանգառում... Ու առաջին պատակած երթուղայինը քեզ տանում էր մյուսի մոտ.. Երկու երթուղային... Ի՞նչ է այս ահռելի երկու հեռուների միջև...

Դու քաղաքի մի ծայրում, իսկ ես մի ուրիշ քաղաքի մեջտեղում...
Անգամ երեք երթուղայինը մեզ չի փրկի, սիրելի՜ս...

Դեռ այն ժամանակ, երբ մեր հեռուները մոտիկ էին իրար, և մենք ընդամենը մի երթուղայինով շտապում էինք հանդիպման... ու դառնում մոտիկ..
Սկզբում դու գրկում էիր ինձ, իբրև բարևում ես այդպես... սակայն ես շատ լավ հասկանում էի քո գրկախառնության պատճառը...

Մարդիկ երբեք առանց պատճառի չեն գրկախառնվում...

Ես ինքս ինձ պատճառաբանում էի, թե գրկում եմ, որովհետև մենք սահմանել էինք մի թեորեմ, ըստ որի՝ իրար տեսնելուց պետք է գրկախառնվեինք, ու դու անպայման պետք է համբուրեիր այտս, իսկ հետո ես ժպտայի... Սա կանոն էի դարձել, որը ես փորձում էի խցկել մեր հանդիպումների արանքում, որպես ամեն անգամ աշակերտի տնային առաջադրանքն ու քո՝ ուսուցչի ստուգումը, թե արդյոք թեորեմս ճիշտ է...

Իսկ դու ինքդ քեզ չէիր պատճառաբանում... որովհետև գուցե գաղտնիքներ չունեիր... Դու գրկում էիր, որովհետև սիրում էիր ինձ... Այդպես էիր ասում միշտ, երբ ես մանկան նման ստույգ իմանալով պատասխանը՝ ամեն անգամ հարցնում էի, թե ինչու մեր թեորեմը ուրիշների հանդեպ չի գործում... Ուրիշներին հանդիպելուց չենք գրկվում ու համբուրում այտը, որ հետո նրանք ժպտան...
Դու միշտ շոյում էիր վարսերս ու գլուխս գրկելով ծիծաղում...
Ես դա էլ էի թեորեմ սարքել, որ ամեն անգամ այդ թեորեմն ասելուց հետո դու պետք է ապացուցեիր այն գլուխս գրկելով ու ծիծաղելով...
Քո գործը հեշտ էր...

Հետո, երբ պետք է հանդիպեինք... դրանից առաջ զանգում էինք իրար, սակայն ես դա թեորեմ չէի անվանում, որովհետև մեր հանդիպումները հաճախ պատահական էին լինում...
Դու շատ էիր սիրում ինձ անակնկալ մատուցել ու հայտնվել հանկարծակի...
Այդ պահերին քեզ ուղղված իմ ժպիտը ու երջանկությունս նույնպես թեորեմ կարող եմ անվանել...

Հանդիպում էինք միշտ, բայց մեր հանդիպումները երբեք թեորեմ չէի կարող անվանել, որովհետև նրանք միշտ տարբեր էին ... յուրօրինակ ... խենթ...
Հետո միշտ մեր հանդիպումների վերջում դու ինչպես դեռ նոր ծանոթացածի ուղեկցում էիր ինձ տուն... Ես բարկանում էի, որ երեխա չեմ ու մենակ էլ կհասնեմ... Դու նույնպես բարկանում էիր ու պատճառաբանում, որ երևակայեմ ինձ: Քեզ նման երիտասարդն ինձ ամեն օր տուն է ուղեկցում... Այստեղ իմ ժպիտը պարտադիր էր...
Հետո ... շատ հետո, երբ հասնում էր հրաժեշտի պահը գործում էր առաջին թեորեմը... Դու գրկում էիր ինձ ու համբուրում այտս...

Ու կրկին մեր մոտիկ հանդիպման արանքում խցկվում էր երթուղայինն ու քեզ տանում հեռուներ...
15 րոպե չանցած, երբ դեռ չէի էլ հասցնում փոխվել, հեռախոսազանգդ անպակաս էր...
Միշտ ճիշտ նույն ժամին հասնում էիր տուն... Sա էլ էր ինչ-որ տեղ թեորեմ...

Ու երբ մենք արդեն հանդիպեցինք վերջին... վերջին անգամ... (սա թեորեմ չէ) ...մեր հեռուները, երբ մոտեցան մի երթուղայինի շնորհիվ... մեր առաջին թեորեմը այդ օրը շատ երկար ապացուցվեց... Դու գրկել էիր ինձ սովորականից ամուր ու երկար... Հետո ինչ-որ տեղ խախտվեց թեորեմը, ու ժպիտս, որ պետք է հետևեր գրկախառնությանդ, չկար... 
Դու, արցունքներս հազիվ սրբելով ու քո արցունքները մեջդ սեղմելով, որ հանկարծ երևան չգան, բռնեցիր ձեռքս.. Ինձ թվաց՝ առաջին անգամ ես բռնում ... ուժ չունեիր մեջդ, ինչպես արդեն մեզ՝ երկուսիս, հայտնի դարձած թեորեմ... Ձեռքս բռնելու փոխարեն մեջքս գրկել... Դու ուժ չունեիր... Ես դա զգացի ու ապացուցեցի ինձ համար ձեռքիդ թուլությունից... Ու ինձ թվաց՝ իրոք առաջին անգամ եմ բռնում ձեռքդ...
Դու՝ որպես ինձից ուժեղ ու հոգատարության վերջին նշույլ, ինձ միշտ պաշտպանում էիր... ու սա ևս ինձ համար թեորեմ էր դարձել... Սակայն սա ևս ինչ-որ տեղ խախտվեց, երբ բռնեցիր ձեռքս քո թուլացած մատներով...

Հետո մենք այդ օրը մեր բոլոր թեորեմները խախտեցինք...

Դու չափից դուրս ուժեղ գրկեցիր ինձ... չափից դուրս երկար համբուրեցիր... իսկ ժպիտ այդ օրը ես չտեսա... Մեր այդ օրվա վերջին հանդիպումը տարբերվում էր մեր բոլոր տեսակի տարբեր ու յուրօրինակ հանդիպումներից... Ամեն ինչ չափից դուրս շատ էր... ու միակ թեորեմն այդ օրվա տխրությունն էր...
Հետո ... շատ հետո, երբ դու ինձ պետք է ճանապարհեիր հերթական անգամ... ես չառարկեցի... և դու չզարմացար... Ես փորձեցի վերջին անգամ հպարտանալ այն մտքով, որ ինձ ուղեկցում է քեզ նման մի երիտասարդ, ինչպես դու միշտ կատակում էիր... ու գուցե թույլ տվեցի մեզ ավելի շատ մոտ գտնվել իրար... Սովորականի պես մենք բաժանվել չէինք ուզում... սակայն սովորականին ոչ նման բաժանվեցինք... Մեր վերջին գրկախառնությունը շատ ավելի երկար տևեց... այնքան երկար, որ դու շատ վաղուց տուն հասած կլինեիր ու շատ վաղուց 15 րոպե անց կզանգեիր... 
Դու շատ երկար նաև համբուրեցիր ... դեմքս կարմրեց... ամոթի՞ց... չէ...արցունքներս զսպելուց...
Ու հետո շատ երկար մենք հրաժեշտ տվեցինք իրար...
Դու բաց թողեցիր երեք երթուղային... իսկ ես ձեռքս չիջացրի շուրթերիցս մինչև հեռանալդ... 
Քո սովորական զանգը 15 րոպե հետո ուշացավ... Երբ արդեն հասավ 20-ին , ես անհանգիստ վերցրի հեռախոսը... 
Դու դիդմամբ բաց էիր թողել քո չորրորդ երթուղայինը...
Մեր պատուհանի դիմաց թեև այգի չկա...բայց դու շատ հարմար տեղավորվել էիր բակի ինչ-որ անկյունում այնպես, որ հարմար լինի նայել պատուհանիս... 
Ես անհամբերությամբ դուրս թռա տնից ու վազեցի քեզ մոտ... 
Մեր գրկախառնությունը .... չեմ հիշում..
Հետո դու նստեցիր արդեն 15-րդ երթուղայինդ ու վերջին... վերջին անգամ ժպտացիր...
Հետո ... երթուղայինը մեզ համար ոչինչ թվաց, երբ շատ ժամեր անց մեզ բաժանողը ինքնաթիռն էր լինելու... 
Ու հիմա հեռու, շատ հեռու կապված ենք իրար... Մեր հեռուները մի օր կմոտիկանան ընդամենը մի ինքնաթիռի շնորհիվ... Ու եթե անգամ ձմեռ լինի, սիրելի՜ս... ստպված չես լինի կանգառում չսառելու համար երկու ինքնաթիռ փոխել... (մխիթարում եմ)...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել