Ո՞վ է քո թշնամին, խաբված ժողովուրդ
Զարթոնքի, մեր արժանապատվությունը վերանայելու, պատմությունից դասեր առնելու և մեր սխալները ուղղելու կարևոր պահ է հասունացել հայ ազգի համար՝ ճակատագրական, պատմական կարևոր պահ: Այսօր՝ ազգին սպառնացող վտանգի պահին աշխարհասփյուռ հայությունը դարձել է մեկ բռունց և աշխարհին ապացուցում է, որ միայն մե՛նք են մեր երկրի սահմանների անվտանգության երաշխավորը, և մեր արտաքին հարցերը մենք ինքներս ենք լուծելու: Բայց գիտենք, որ հզոր բանակ ունենալու համար ոչ պակաս դեր է խաղում հզոր տեխնիկան: Դեռևս Խրիմյան Հայրիկն իր ժամանակ "Զենք առե՛ք" հորդորով կարևորել է զենքի դերը: Այսօր, երբ մենք ունենք մատունակ բանակ, որի թիկունքում՝ տաս միլիոնից ավելի ոգի տվող հայություն, այնուամենայնիվ, ռազմական տեխնիկայով հետ ենք մնում հակառակորդից (շատ թե քիչ, դա կասեն ռազմական փորձագետները): Ո՞ւր է մեր իշխանությունների արժանապատվությունը, երբ իրեն բարեկամ հայտարարող Ռուսաստանը տարիներ շարունակ հարստացրել է մեր թշնամու զինանոցը՝ հարձակվողական զենքերով, որ վաղ թե ուշ սկսվեր այս պատերազմը՝ քաջ գիտենալով, որ թշնամին նենգ է, վախկոտի հոգեբանությամբ է հարձակվում, խաղաղ բնակչության վրա ծանր հրետանի է գործարկում: Ո՞ւր է մեր իշխանությունների արժանապատվությունը, որ երկրի ներսում մի քանի օլիգարխների՝ երկրի բյուջեն գերազանցող փողերով կարելի էր հայոց բանակը զինել հարձակվողական տեխնիկայով: Ո՞ւր է մեր իշխանությունների արժանապատվությունը, որ այսօր Սփյուռքը զզված է Հայաստանի որևէ մի ոլորտում ներդրում անելու մտքից: Ինչո՞ւ ԼՂ պրոբլեմ ունեցող երկիրը այսքան տարիներ ներդրումներ չի արել ռազմական արդյունաբերության, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում, ինչո՞ւ է Սինգապուրի համար հնարավոր արտադրել անօդաչու թռչող սարքերի, իսկ մեզ համար՝ ոչ... Ի՞նչ է ստացվում, մենք այսօր մի թշնամի ունենք: Եւ դա մեր իշխանություններն են: Նախ սրանց հետ հարցերը պետք է լուծել, իսկ դրանից հետո՝ ո՞ւմ շունն է թուրքը, հայի ձեռքով կվերադառնա իր քոչվոր նախնիների գիրկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել