Թվում է թե պարզ է, այդուհանդերձ…
Պատերազմի առաջ բոլորը հավասար են: Այդ արհավիրքը չի հարցնում, աղքա՞տ ես, հարու՞ստ, թոշակառու՞, թե՞ օլիգարխ: Այն մարտահրավեր է հասարակությանը, որն արհամարհում են միայն դասալիքներն ու խելապակասները: Այս պատերազմը ստիպում է լրջորեն վերանայել ոչ միայն պաշտպանական ռազմավարությունը, այլև հանրային հարաբերությունները, որովհետև պատերազմը սահմանային յուրատեսակ իրավիճակ է, երբ ճոխությունն ու շքեղությունը կորցնում են փայլը, ապօրինի հարստանալու մոլուցքը դառնում է դավաճանություն, իսկ Հայրենիքի պաշտպանությանն անմացորդ նվիրումը՝ բարոյական պահանջ: Պետք է հասկանալ, որ պատերազմի ժամանակ հասարակական համերաշխությունն ու փոխվստահությունը հաղթանակի կարևոր պայմանն են, իսկ կոռուպցիան, հովանավորչությունը, դիրքի չարաշահումը, ժողովրդին տեսակների ու դասակարգերի բաժանելը և ընդհանրապես՝ սոցիալական հանցագործությունները դանակի հարված են ժողովրդի թիկունքին, թշնամական գործողություններ, հասարակության պառակտման և քայքայման պատճառ: Այնպես որ, մի թաքցրեք միլիոնները՝ եթե գող չեք, մի կառուցեք ապարանքներ՝ եթե միջնադարի ֆեոդալ չեք, մի կաշառեք ու մի կաշառվեք, մի խաբեք ու մի կեղծեք: Մի խոսքով՝ պետք է ապրել օրենքով, մարդավարի և ազնվորեն: Ի վերջո, սահմանին մեր եղբայրներն ու որդիները կյանքի գնով պաշտպանում են յուրաքանչյուրիս ազատությունն ու արժանապատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել