Ինչպես արդեն գիտենք երեկ` ապրիլի 12-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, լայն անդրադարձ կատարվեց նաև Արցախում ստեղծված իրադրությանը։
Նախ հանդես եկավ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով իր ելույթում, ինչպես և սպասելի էր, գտնվեց մաքսիմալ չեզոք, քանի որ, եթե ոչ այլ ինչ, ապա միայն նրա պաշտոնն ու դիրքը թույլ չեն տալիս հօգուտ որևէ կողմի հանդես գալ: Սակայն նրա ելույթից կարելի է առանձնացնել ուշագրավ մեկ փաստ: Բարձր հանձնակատարը նշեց, որ բոլորը հասկանում են հիմա, որ ստատուս քվոն կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բռնությունների, այդ կերպ հասկացնելով, որ Եվրամիության տեսանկյունից ապրիլյան այս թեժացման արդյունքում ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենանախընտրելի սցենարը պետք է փնտրել ստատուս քվոյի կարգավիճակից դուրս: Այսինքն` մեկ բառով ասած, չվերադառնալ այն վիճակին, որը կար մինչ սույն թվականի ապրիլի 2-ը և այդպես շարունակ ձգվում էր երկար-բարակ 22 տարի:
Ապա եղավ ամենահետաքրքիրը, Եվրախորհրդարանի շուրջ 2 տասնյակ պատգամավորներ իրենց հասցեական և թիրախավորված ելույթներով ցնցեցին ամբողջ Եվրոպան և մերկացրեցին Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ քաղաքականությունը: Նրանցից շատերը կոչ արեցին, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը` դա համարելով ստեղծված իրավաճակից դուրս գալու միակ ու հնարավոր ելք, մի մասը կոչ արեց միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, մյուս մասը հորդորեց Ադրբեջանին համաձայնել ներդնելու հրադադարի խախտումների հետաքնությունների մեխանիզմ: Կարճ ասած, Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատությունների այդ ահռելի և ջաջախիչ ալիքը եվրոպական այդ կառույցից սրբեց տարավ ալիևյան Ադրբեջանին` ոչինչ չթողնելով այդ ավտորիտար միավորումից:
Իրենց դիպուկ և գերհայանպաստ դիրքորոշումներով հանդես եկան Չեխիան ներկայացնող եվրապատգամավոր Յարոմիր Շտետինան, Կիպրոսը ներկայացնող պատգամավորներ Մավրիդիս Կոստասը և Էլենի Թեոխարուսը, Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրենկ Էնգելը, Մեծ Բրիտանիայից Չարլզ Թեննոքը, Լեհաստանից Մարեք Յուրեքը, Ռումինիայից Բուշոյ Քրիստիան-Սիլվիուն, Իսպանիայից Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը և այլք:
Անկեղծությամբ պետք է նշել, որ այս իրադարձության դերն ու նշանակություն շատ մեծ է, քանզի եվրոպական այդ բարձր ամբիոնի ձայնը ամենուրեք լսելի է: Եվ լսելի լինելուց զատ, այն նաև կարծիք ստեղծող և ուղղորդող ձայն է շատ-շատերի համար: Այս ամենը ավելի ծանրակշիռ և նշանակալի է դառնում այն ժամանակ, երբ շատերը սկսում են գիտակցել, որ այդ պատգամավորները անկեղծ ասել են այն, ինչը իրականում կա և տեղի է ունեցել, քանի որ բոլորը գիտեն, որ Հայաստանը չունի ոչ խավիար, ոչ նավթ, այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող այդ պատգամավորներին կաշառակերության և սուբյեկտիվ կարծիք արտահայտելու մեջ մեղադրել: Եվ այս հանգամանքը ավելի ազդեցիկ է դարձնում նրանց հայտնած մտքերն ու ներկայացված դեպքերի իսկությունը:
Վերոնշյալին նպաստում է նաև դրան նախորդող մի շարք իրադարձություններ ևս: Խոսքս Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված նույն Եվրախորհրդարանի ընդունած դատապարտող բանաձևն է, Հռոմի պապի կոչն ու Սուրբ պատարագը: Այս ամենը մեծ ազդեցություն են ունենում միջին վիճակագրական եվրոպացու և ինչու չէ նաև Եվրոպայից դուրս բազմաթիվ պետությունների և ժողովուրդների վրա: Եվ բազմաթիվ մարդիկ այդ ամենը լսելուց հետո իրենք իրենց հարցադրում են անում, թե այդ ի՞նչ է թաքնված Թուրքիայի և նրա արյունակից եղբայր Ադրբեջանի տակ, քանզի այդքան դատապարտող ելույթները չեն կարող պատահական լինել, դրանք պարզապես օրինաչափություն են արդեն:
Իհարկե, շատ հաճելի է, որ երեկ եվրապատգամավորները քարը քարի վրա չթողեցին ագրեսոր Ադրբեջանից: Բայց սա հարցի մի կողմն է: Մենք պետք դիտարկենք նաև հարցի մյուս կողմը և մեր երախտիքը հայտնենք այն մարդկանց ու կառույցներին, ովքեր այս կարևոր իրադարձության ակունքներում են կանգնած և դրա նախաձեռնողներից են:
Այս օրերին որոշ մարդիկ ջանք ու եռանդ չխնայեցին Հայաստանի արտգործնախարարին քարկոծելու համար, և նրանցից ոմանք նրան մեղադրում էին նրա մեջ, թե ի՞նչ է անում պատերազմի օրերին Նալբանդյանը Եվրոպայում: Եվրախորհրդարանում տեղի ունեցած այս ամենը ցույց տվեցին, թե ինչ էր անում նա Եվրոպայում: Եվ որոշ ժամանակ անց դեռ կբացահայտվեն, թե այլ ինչեր է նախաձեռնել ՀՀ արտգործնախարարը: Այս մեծ գործում իրենց մեծ ավանդն են ունեցել նաև Եվրամիությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, տեղի հայկական համայնքային կառույցները, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Անշուշտ, դեր ունեցավ նաև Հայաստանի և ԼՂՀ-ի 520 կազմակերպությունների ստորագրահավաքը և համատեղ հայտարարությունը` ուղղված Եվրախորհրդարանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել