Քանի կինոնկարը ամբողջական չեմ նայել, չեմ կարող վերջնական կարծիք հայտնել: Նախ՝ գլխավոր դերասանի հետ կապված անհամաձայնությունների հետ համաձայն չեմ, պատճառաբանություն բերողներին հիշեցնեմ, որ Հրաչյա Ներսիսյանը խաղացել է և՛ «Պատվի համար»-ում, որտեղ գլխավոր հերոսը ոտնատակ է տալիս նույնիսկ սեփական դստեր պատիվն ու կյանքը, և՛ «Պեպո»-ում: Երկու հակադիր կերպարներ: Հենց դրանով է որոշվում դերասանի վարպետությունը: Սպասենք, տեսնենք Արտաշեսը իր խաղով կհամոզի՞, որ տաղանդավոր դերասան է՝ ուզած դերի համար: Բայց հենց միայն փոքրիկ հատվածներից արդեն իսկ զգացել եմ ռեժիսորի ու սցենարիստի սխալներն ու փաստերին ցուցաբերած դիլետանտությունը, որն աններելի է: Ժամանակին ամենաթանկ արժողությամբ նկարահանվեց նաև «Մխիթար սպարապետը»: Կինոնկարը մասսայականություն այդպես էլ չվայելեց, չկայացավ, բայց նաև այսպիսի անհարգալից, համարյա փողոցային մակարդակի արձագանքի չարժանացավ՝ դրանով իսկ նսեմացնելով հենց Մխիթար սպարապետի պատմական կերպարը: Իսկ այսօր Նժդեհի անունը դարձել է տեղից բարձրացող, թող ներող լինեն, նույնիսկ ամեն մի սինլքորի բերանի ծամոնը: Ճիշտ է, նկատի ունենալով իր մասնագիտական ոչ լայն հնարավորությունները, Հրաչն ինքը չպետք է համարձակվեր ձեռք զարկել այս թեմային, ոչ էլ համապատասխան մարմինները պետք է նրան այդ իրավունքը տային: Բայց եղածը եղել է: Իսկ այսօրվա այդ վայնասունից վնասվում է միայն ՆԺԴԵՀԻ պատմական կերպարը: Լավ, Հրաչ Քեշիշյանը այդ չհասկացավ, գոնե դուք զսպեք ձեզ: Զգույշ եղեք ՆԺԴԵՀԻ անունը տալիս:
Իհարկե, դեռ առիթ կունենանք լսելու պրոֆեսիոնալ կինոգետների անաչառ խոսքն ու գնահատականը այս կապակցությամբ: 
Ասեմ նաև՝ ցավալով ցավում եմ, երբ ՆԺԴԵՀԻ անունը կապվում է նաև ինչ-որ կուսակցության հետ ու շահարկվում: ՆԺԴԵՀՆ այդ ամենի հետ կապ չունի: Հարգենք նրան ու վերջ տանք ծաղր ու ծանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել