Մեզ հետաքրքրում է միայն այն մարդկանց կարծիքը, որոնք հայրենասեր են դառնում ոչ թե եռագույնը ծածանելով, այլ իրենց ամենօրյա վարքագծով, կրթվածությամբ և քրիստոնյային վայել ապրելակերպով:
Նախ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն բարեկիրթ, չափի զգացողությունը չկորցրած անձանց, որոնք իրենց անկեղծ կարծիքը հայտնեցին նախագծի վերաբերյալ: 
Հասկանալի էր, որ նման առաջարկը միանշանակ արձագանք չէր ունենալու, բայց որ մեր իրականությունում կան այսքան չարացած, անկիրթ, տգետ մտքեր, սա արդեն լուրջ մտահոգություն է:
Այս միջավայրում որևէ քննարկում, մասնագիտական առաջարկ կամ երկխոսություն կազմակերպելը դառնում է ինքնանպատակ:
Պարզվում է՝ կան մարդիկ, որոնք կարծում են, թե մեր բոլոր հաղթանակներն ու հերոսությունները եղել են եռագույնի պահպանման համար: Այնինչ եռագույնը կարող էր լինել անգամ ծիածանագույն (իմիջիայլոց, այդ տարբերակի հեղինակը Մարտիրոս Սայրանն է եղել) կամ ամբողջովին այլ պատկեր ունենար, միևնույն է մեր հաղթանակները պետք է իրականություն դառնային, քանի որ գիտակից հասարակությունն ազատագրում և պաշտպանում է իր պատմական հողերը, ընտանիքը՝ անկախ դրոշի տեսքից և գունային համադրությունից: 
Հրաժարվում ենք մասնակցել տարբեր տեսակի անիմաստ, իրականությունն աղավաղող և ամեն ինչը շոուի վերածող հաղորդումների, թոք-շոուների, բրիֆինգների: Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ արդեն իսկ ցանկություն ենք հայտնել մասնակցել որոշ քիչ թե շատ կայացած հեռուստահաղորդումներին և հայտնել մեր մասնագիտական տեսակետն այս նախագծի առնչությամբ:
Այն մարդիկ, որոնք իրենց և ուրիշների հայրենասիրությունը չափում են միայն եռագույնի տեսքի մասին ունեցած պատկերացումներով, թող այսուհետ իմանան, որ դա առնվազն սնոտիապաշտություն է և հակաքրիստոնեկան մոտեցում: 
Վզնոցին խաչ կրելը չունի որևիցե արժեք, եթե այն չես կրում քո ներսում և չես զբաղվում հոգևոր շինարարությամբ: Չէ՞ որ գործող դրոշը նույնպես փոփոխման արդյունքում է ձևավորվել: Հիմա ի՞նչ, կարող ենք ասել, որ հեղինակները դավաճաննել են մեր նախնիներին: Մեզ հետաքրքրում են այն մարդիկ, որոնք հայրենասեր են դառնում, ոչ թե եռագույնով, այլ իրենց ամենօրյա վարքագծով, կրթվածությամբ և քրիստոնյային վայել ապրելակերպով:
Այս պայմաններում խոսել դրոշի ձևափոխման մասին դառնում է անիմաստ, որովհետև մենք անդունդի եզրին ենք կանգնած թե՛ մեր մտածողությամբ, թե՛ մեր ճաշակով, թե՛ մեր կրթվածությամբ և թե՛ մեր շփման էթիկայով: Եկե՛ք շարունակենք նվաստացնող սերիալներ դիտել, և պրոպագանդել թուրքական երաժշտությունը:
Ինչ վերաբերում է դրոշի նախագծի իրականացման հիմնավորմանը, ապա կարող ենք առավել հանգամանորեն ներկայացնել մեր սուբյեկտիվ, բայց երկար տարիների ուսումնասիրություններն ու մասնագիտական փորձը:
Մենք նպատակ չենք հետապնդում ստվեր գցել կամ վարկաբեկել բոլորիս համար հոգեհարազատ դարձած պետական խորհրդանիշը: Նպատակն այն ավելի ազդեցիկ, տպավորիչ և ճանաչելի դարձնելն է: 

Հ.Գ. Չմոռանանք նաև, որ մեր իրականությունում գոյություն ունեն «հայրենասերներ», որոնք անձնական վիրավորանք են հասցնում՝ մտածելով, որ իրենց այդ քայլը չի պատժվի, քանի որ գործում են վիրտուալ դաշտում: Վայ այդպիսի «տղամարդկանց», որոնք անգամ չեն կարողանում երկու բառ խոսել իրական կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել