Բրիտանացի գիտնականները պարզել են, որ աշխարհի ամենալավ ազգը ռուս ազգն է: Գիտնականները այս եզրակացությանն են եկել Տիգրան Քեոսայանի՝ ՙՀուսո աստղ՚ ֆիլմը դիտելուց հետո, որի վերջում գլավնի գերոյին մարմնավորած Արմեն Բորիսիչ Ջիգարխանյանը, տեսնելով Սյունիք հասած ռուսներին, դեմքին տալիս է հիացական արտահայտություն/Ջիգարխանյանը՝ փայլուն դերասան է/ եւ բացականչում՝ ՙՌուսները, ռուսները, ռուսները…՚, ապա դիմելով, իր զինվորներից մեկին, ասում է՝ ՙԳնա եւ գրկիր նրանց՚:
Գիտական այս եզրակացության հետ չեմ վիճի, մանավանդ, որ ռուսները աշխարհի ամենալավ գրականություններից մեկն ունեն, ամնենալավ հյուսիսային մայրաքաղաքը եւ ամենակարմիր հրապարակը: Չեմ վիճի նաեւ այն պատճառով, որ աշխարհի ամենալավ ազգ լինելը դեռ չի նշանակում աշխարհի ամենալավ դաշնակից լինել: Այ, եթե գիտնականները հայտարարեին, թե ռուսներն աշխարհի ամենալավ դաշնակիցներն էին, ես կգնայի Ղարաբաղ, տեղի ՊԲ-ից կխնդրեի ինձ մեկ օրով տրամադրել ադրբեջանական կողմից նետված Սմերչի չպայթած հրթիռը եւ այն կտանեի ուղիղ Լոնդոն, ինչպես ասում են՝ ճշմարտությունը աչքը մտցնելու համար: Համ էլ կյանքումս առաջին անգամ կտեսնեի գոնե մեկ բրիտանացի գիտնականի: Ընդ որում, Ղարաբաղում չպայթած Սմերչը Ռուսաստանի ամենավատ դաշնակիցը լինելու ապացույցն է ոչ միայն հայ-ռուսական դարավոր, ռազմավարականը հաշվի առնելով: Բանն այն է, որ ռուսներն ասում են, թե Ադրբեջանն էլ իրենց դաշնակիցն է, որին զենք են վաճառել, զենք են վաճառում եւ զենք են վաճառելու, անկախ նրանից, թե Ադրբեջանը փողը տալի՞ս է, թե ոչ: Բայց արի եւ տես, որ ռուսներից գնված զենքը չի համապատասխանել իր տեխնիկական բնութագրին, ինչի մասին հստակ հայտարարել է նաեւ Մամեդյարովը՝ պահանջելով, որ ռուսները լուծեն այդ հարցը, այսինքն իրենց վաճառեն այն զենքը, որը սարքին է: Կնշանակի ռուսները, Ադրբեջանին զենք վաճառելով, դաշնակից չեն Հայաստանին, բայց Ադրբեջանին ոչ սարքին զենք վաճառելով, դաշնակից չեն նաեւ Ադրբեջանին: Եթե հիշենք, որ մեր օրերում աշխարհում ռուսները քչերի հետ են դաշնակից, իսկ որի հետ էլ դաշնակից են, մասամբ հանում են օժանդակող զորքը այդ երկրներից, նշանակում է, որ ռուսներն աշխարհի ամենավատ դաշնակիցն են: Բայց սա սարսափելին չէ, սարսափելին այն է, որ աշխարհի ամենավատ դաշնակիցը մերն է: Ու խնդրում եմ, ինձ մատնացույց չանել Սոլովյովին, եւ Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Պյոտր Տոլստոյին, որոնք այս օրերին հայտարարեցին, թե Ղարաբաղն, իհարկե, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ, օրինակ Տոլստոյի գործընկեր Ալեքսանդր Գորդոնը հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստանի մաս չէ եւ փառք Աստծու, որ այսպես է, բայց նույն դեմքերը նաեւ հայտարարում են, որ Հայաստանը, շեշտում եմ՝ Հայաստանը, ոչ թե ԼՂՀ-ն, պետք է Ադրբեջանին վերադարձնի ԼՂ-ի շրջակա տարածքները, որի դիմաց ստանա Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվում է ԼՂ-ից: Այնպես որ Սոլովյովն ու նրա ընկերները գուցե ավելի լավ տղերք են, քան Կիսելյովը/Կիսելյովին հիշո՞ւմ եք, ժիրինովսկու մեկն է/, բայց ավելի լավը լինել, չի նշանակում լավը լինել: Ու չմոռանանք, որ Ռուսաստանում ամենալավ տղեն նախագահ Պուտինն է, այդ մասին եւ Սոլովյովն է խոստովանում, եւ Տոլստոյն ու Գորդոնը, որն, ի դեպ, ԱՄՆ քաղաքացի է, եւ Կիսելյովը: Հիմա, ի՞նչ տարբերություն Տոլստոյի, Գորդոնի, Սոլովյովի եւ Կիսելյովի մեջ:
Իմ կարծիքով ԵԱՏՄ հեղինակությունը չէ, որ ընկած է, կամ էլ ՀԱՊԿ-ի, ինչպես կոնկրետ ԵԱՏՄ-ի վերաբերյալ կարծիք է հայտնել նախագահ Սարգսյանը՝ Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսին: Որպեսզի ինչ-որ բանի հեղինակությունն ընկնի, պետք է այդ ինչ-որ բանը հեղինակություն ունենա, հետեւաբար, ես կարծում եմ, որ այստեղ մի ընկած հեղինակություն ունեցող կա, որի անունն է հայ-ռուսական, ռազմավարական, դաշնակցային, իսկ իրականում՝ ռազվարակա՞ն, դաշնակցայի՞ն հարաբերություններ: Թե ո՞վ եւ ինչպե՞ս պետք է այդ հեղինակությունը վերակագնի, ես չգիտեմ, բայց գիտեմ, որ Լավրովը Բաքվում հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը, ապա Պուտինը կողմերին արել են հիմնահարցի լուծման մի շարք առաջարկություններին, որոնցից, օրինակ, մեկով, ենթադրվում է ԼՂ-ի շրջակա շրջանների վերադարձ, զուգահեռաբար ԼՂ-ի կարգավիճակի որոշում, ուշադրություն՝ որոշում, ոչ թե անկախության ճանաչում:
Իմ կարծիքով Էդմոն Քեոսայանի՝ կրկին ռեժիսոր որդին՝ Տիգրանը, պետք է, որ նկարահանի՝ ՙՀուսո աստղ-2՚ ֆիլմը, որտեղ արդեն ծերունի եւ փորձառու, ամեն ինչ տեսած Արմեն Բորիսիչը, դեմքին ամենեւին էլ հիացական արտահայտություն չի տա, երբ Սյունիքում, Արցախում կամ Հայաստանի որեւէ այլ վայրում հանդիպի ռուսներին: Չնայած սա հազիվ թե տեղի ունենա, քանի որ Տիգրանն ապրում եւ աշխատում է Մոսկվայում, եւ ինչպես իր կին Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովի ընկերներն են, այսինքն, երբ Սոլովյովն ասում է, թե ինքը բազմաթիվ հայ ընկերներ ունի, նկատի ունի այդ թվում Տիգրանին եւ Մարգարիտային: Չեմ կարծում, որ եթե Սոլովյովը մեկ արցախցի ընկեր ունենար, հայտարարեր, թե ԼՂ-ի շրջակա տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին: Փոխարենը կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը Երեւանից՝ Մոսկվա տեղափոխված ԵԱՏՄ վարչապետների հավաքին ներկայանալու եւ Ղազախստանի վարչապետ Քյարիմ Մասիմովի հետ պռոտոկոլային նկարվելու տեղը, կարող է հանձնարարել, որ մի ֆիլմ նկարահանեն՝ «Սեպ խրողը դուք եք, տովարիշչի» վերնագրով, բայց խնդրանք, այս հանձնարարությունը տալ ոչ Ճոյտին, ինքը շատ դաժան է նկարում, ցույց չեն տա: Եւ նկարել ռուսերեն, որովհետեւ մեր ռազմավարական դաշնակիցը այդ դաշնակցության դարերի ընթացքում այդպես էլ հայերեն չսովորեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել