Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, անշուշտ, փոխվեց: Մեծամասնության մոտ, եթե ոչ բոլորի: Դա տխուր է: Մեր երկրներին ու ժողովուրդներին կապող շատ բան կար: Մշակույթը, Մեծ Հայրենական պատերազմը, ԽՍՀՄ-ից մնացած որոշ հարցերում նույն մենթալիտետը: Եվ հատկապես Ռուսաստանում ժամանակին և այսօր ապրող մեր հայրենակիցները, որոնցից շատերն ունակ են հարցեր լուծելու: Կարևոր հարցեր:
Բայց երևի սա նրանց պատերազմը չէ:
Հնարավոր է, որ ես չեմ նկատել տեղեկությունն այն մասին, թե ինչպես են Ռուսաստանի հայտնի հայերը և առհասարակ՝ շարքային քաղաքացիները, դիմում Պուտինին սպառազինության տրամադրումը կանխելու պահանջով, կամ ինչպես են Հայաստանի դրոշներով դուրս եկել փողոց՝ պահանջելով դադարեցնել մերձավոր դաշնակցի դեմ տարվող պատերազմը: Ինչպես որ այս օրերին տեղի է ունենում Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ի դեպ, ԱՄՆ-ի մասին:
Համարելով Ամերիկան Հզոր երկիր (երևի, աշխարհում Ամենահզորը), անձամբ ես նրա նկատմամբ ոչ մի անգամ համակրանք չեմ տածել: Արտաքին ահավոր քաղաքականության պատճառով, որի արդյունքում Իրաքում, Լիբիայում, Սիրիայում և այլ երկրներում ահռելի թվով մարդիկ մահացան: Իսլամական պետության և աշխարհին անընդհատ սեփական ոչ այնքան հասկանալի արժեքները պարտադնելու պատճառով: Բայց այսօր Ամերիկան ինձ համար ավելի համակրելի է, քան Ռուսաստանը: Չէ, իրականում ոչինչ չի փոխվել: Ուղղակի, մորթեպաշտական շահերից ելնելով: Այն պատճառով, որ ԱՄՆ-ի ԱԳՆ-ն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Եվ այն պատճառով, որ ԱՄՆ-ի նահանգներից 7-ը ճանաչել են Արցախի անկախությունը: Ընդ որում, Հավայի նահանգը՝ մի քանի օր առաջ:
Եվ մի գուցե ինձ, ինչպես և «աչքերը բացած» շատ այլ հայերին, այլևս չի նյարդայնացնի աշխարհում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանությունը Հայաստանում: Հնարավոր է, ես կսկսեմ ավելի հանգիստ վերաբերվել նրանց կողմից մեր երկրում արվող ռազմավարական ներդրումներին: Այսօր ինձ ավելի մոտ է Ամերիկան: Ավելի մոտ է Սլովենիան, Տրինիդադ և Տոբագոն, Բոտսվանան, Պարագվայը: Ցանկացած այլ պետություն: Բայց ոչ՝ Ռուսաստանի Դաշնությունը: Դրա պատճառով մենք կորցրել ենք շատ հեռավոր, բայց ամեն դեպքում՝ ապագան, մտնելով Եվրասիական և Մաքսային միություններ և ՀԱՊԿ կոչվող անիմաստ փուչիկի մեջ: Կառույց, որում չկա Ադրբեջանը, բայց որը, սակայն, աջակցում է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին: Այնպես, ինչպես Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազան, որի զինվորները երկիրը պաշտպանելու փոխարեն սպանում են 6 հոգուց բաղկացած ընտանիք:
Վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ փոխվել է:
Եվ դա լավ է: Հիմա մենք հստակ գիտենք, որ ոչ ոք մեզ չի օգնի: Բոլորը թքած ունեն: Ե՛վ ցար Պուտինը, և՛ անհասկանալի Օբաման, և՛ առնական Մերկելը: Հայաստանը նրանց համար ընդամենը տարածք է Թուրքիայի, Իրանի և Վրաստանի կողքը: Որը վատ չէր լինի գաղութացնել: Ես գիտակցում եմ, որ մենք այսօր շատ մեծ կախում ունենք Մեծ տերություններից: Եվ դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: Բայց կա նաև վաղը:
ՄԵԶԱՆԻՑ ԲԱՑԻ ՄԵՆՔ ՈՉ ՈՔ ՉՈՒՆԵՆՔ:
ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՈԳԻ ԵՎ ԿԱՄՔ:
ԵՎ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԶ ՎՐԱ:
Ես համոզված եմ, որ մեր երկիրը զարգացման միայն մեկ ճանապարհ ունի: Այն ճանապարհը, որն ընտրել է Իսրայելը:
Համախմբվել մեծ միասնական բռունցքի պես, հավաքվել միասին, զարգանալ և զինել երկիրը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով: Չթալանենք և թույլ չտալ թալանել երկիրը: Պայքարենք հողի ամեն մի սանտիմետրի համար: Եվ պատին դեմ տանք բոլոր թշնամիներին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Պատերազմական ժամանակի օրենքներին համաձայն: Ցավոք սրտի, հիմա հենց այդպիսի ժամանակ է՝ պատերազմական: Ես շատ կուզենայի, որ մենք բոլորս դասեր քաղեինք մեզ հետ պատահածից: Այն, ինչ մենք անում ենք այսօր, պետք է անել ամեն օր:
Ես վստահ եմ մեր հաղթանակի մեջ:
Աստված մեր երկրին խաղաղություն տա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել