Սկզբում ուտում էինք ծխահարած սալամանդր ինչ-որ մոլախոտի փոշու հետ խառնած, և դեռ կարողանում էինք ծիծաղել, երբ փորձում էինք ուտել նրա եփած ուղեղը, բայց երբ վերջում կերանք նույնիսկ ջրափոսի վրայի սարդոստայնը, հասկացանք, թե ինչքան չի հերիքում ետևում թողած աշխարհը։ Քանի որ չգիտեի դեռ այն ժամանակ մահվան դեմ որևէ միջոց, պառկեցի նվազագույն ցավ պատճառող դիրքով ու սկսեցի սպասել, մինչ նա տենդի մեջ զառանցում էր ինչ-որ կնոջ մասին, որն այնքան զգայուն էր, որ հառաչելով կարող էր անցնել պատի միջով, բայց նույնիսկ այս հնարովի սիրային տառապանքը մահին խաբելու նրա պատրանքն էր։ Այն պահին, երբ մենք արդեն մեռած պիտի լինեինք, նա մոտեցավ ինձ ու նստեց կողքիս, լի կյանքով, ինչպես երբևէ ու գիշերն անցկացրեց մոտս՝ հետևելով հոգևարքիս, խորհելով այնպես ուժեղ, որ մինչև հիմա չգիտեմ քամի՞ն էր արդյոք, թե՞ նրա միտքը, որ սուլում էր ավերակների մեջ, իսկ արևածագին ասաց ինձ նույն ձայնով ու նույն՝ ինչպես նախկինում հաստատակամությամբ, որ հիմա վերջապես ինքը գիտե ճշմարտությունը, այն է, որ իմ պատճառով էր շեղվել իր կյանքի գիծը, այնպես որ, ինձ պետք է հավաքեմ, որովհետև ինչպես ծռել եմ, այնպես էլ ուղղելու եմ հիմա։ Այդ ժամանակ կորցրի սիրո այն փոքրիկ պատառիկը, որ դեռ ունեի նրա նկատմամբ։ Նա հանեց վրաս մնացած վերջին ցնցոտիները, ինձ փաթաթեց փշալարերով, վերքերիս վրա բորակ լցրեց, ինձ ողողեց ինձնից իսկ արտադրված հեղուկով ու թևատակերիցս կախեց արևի տակ՝ գոռալով, որ այդպիսի խոշտանգումը բավարար չէ, որ գոհացնի իրեն։ Վերջում նա ինձ թողեց սեփական թշվառությանս մեջ, բանտախցում փտելու, որտեղ միսիոներները գաղութատիրության ժամանակներում ուղիղ ճանապարհի էին բերում հերետիկոսներին ու նենգությամբ, որի պակասից չէր տառապում, օգտագործելով որովայնախոսության իր արվեստը՝ սկսեց նմանակել ուտելի կենդանիների, հասած բազուկի ձայները, աղբյուրի կարկաչը, որ իմ մոտ պատրանք ստեղծեր, որ այդ առատության մեջ մեռնում եմ սովից ու ծարավից։ Երբ վերջապես մաքսանենգները նրան ուտելիք տվեցին, իջավ իմ բանտախուցն ու ինձ ուտելու ինչ-որ բան բերեց, այնքան, որ սովից չմեռնեմ, բայց հետո այդ ողորմության համար վճարեցի նրանով, որ աքցանով քաշեց եղունգներս ու չեչաքարով խառտեց ատամներս ու միակ հույսս այն էր, որ դեռ առիթ կունենամ այս ստորացումներից ու դաժան տանջանքից ազատվելու։ Զարմանում էի, թե ինչպես եմ կարողանում դիմանալ սեփական մարմնիս նեխման գարշահոտին, իսկ նա դեռ շարունակում էր վերևից վրաս շպրտել իր ուտելիքի մնացորդները ու նեխած մողես ու գիշատիչ թռչուն՝ վերջնականապես թունավորելու համար բանտախցիս օդը։ Չգիտեմ, ինչքան անցավ, երբ նա ինձ ցույց տվեց մի ճագարի մարմին ու հայտնեց, որ պատրաստ է թողնել փտելու այն իմ աչքի առաջ, միայն թե չտա ուտեմ, ու այդտեղ հատեց իմ համբերությունն, ու ես բռնեցի ճագարի ականջներից ու շպրտեցի դիմացի պատին՝ պատկերացնելով, որ ոչ թե կենդանին է ծեփվում պատին, այլ նա ինքը, ու կարծես երազում տեսա, թե ինչպես ճագարը ոչ միայն անտանելի ճչոցով վերակենդանացավ, այլ նաև ինչպես օդի միջով նորից թռավ ձեռքերիս մեջ։

Այդպես սկսվեց իմ փառապանծ կյանքը։ Այդ ժամանակվանից ես պտտվում եմ աշխարհում ու մալարիայով հիվանդների ջերմությունն իջեցնում երկու պեսոյով, կույրերի տեսողությունն եմ վերականգնում չորս ու հիսունով, ջրգողությամբ տառապողներին՝ տասնութ պեսոյով, կռնատների վերջույթներն եմ վերականգնում քսան պեսոյով, եթե բնածին արատ է, եթե վերջույթները կորցրել են դժբախտ պատահարի կամ կռվի հետևանքով՝ վերցնում եմ քսաներկու, քսանհինգ՝ եթե պատերազմի կամ երկրաշարժի, ծովային հետևակայինների ափ դուրս գալու կամ այլ բնական աղետի հետևանք է, սովորական հիվանդությունները բուժում եմ խմբերով, խելագարներից վերցնում եմ նրանց խելագարության պատճառից դատելով, երեխաներին բուժում եմ կես գնով, հիմարներին՝ հենց այնպես, և հիմա, պարոն քսաներորդ նավատորմի հրամանատար, հրամայեք ձեր տղաներին հավաքեն բարիկադները, որ տառապյալ մարդկությունն առաջ գա, բորոտները կանգնեն ձախ կողմում, ընկնավորները՝ աջ, պարալիզվածներն այնտեղ, որտեղ չեն խանգարի, իսկ ոչ այնքան հրատապ դեպքերը թող սպասեն ետևում, միայն խնդրում եմ բոլորդ միանգամից մի խմբվեք շուրջս, այլապես ես ոչ մի բանի համար պատասխանատու չեմ, կարող եմ շփոթել հիվանդություններն ու կարող եմ ձեզ բուժել մի հիվանդությունից, որ չունեք, և թող հնչի երաժշտություն, հնչի այնպես, որ պղնձե փողերը շիկանան, ու հրավառությունից վառվեն հրեշտակները, իսկ օղին սպանի միտքը, և թող գան լարախաղացներն ու պոռնիկները, հիմարներն ու նկարիչները, և այս ամենն իմ հաշվին, տիկնայք և պարոնայք, որովհետև սրանով վերջ է դրվում հրաշագործների վատ համբավին ու սկսում համըդհանուր համերաշխություն։

Այսպես, բանեցնելով քաղաքական գործիչների հնարքները՝ հանգստացնում եմ ես նրանց, եթե հանկարծ ուժերս ինձ դավաճանեն, և նրանցից որևէ մեկը իմ բուժումից հետո իրեն ավելի վատ զգա քան մինչև բուժումը։ Միակ բանը, որ ես հրաժարվում եմ անել, մահացածներին հարություն տալն է, որովհետեև նրանք դեռ աչքերը չբացած, բռունցքներով հարձակվում են վրաս իրենց հանգիստը խախտելու համար, իսկ հետո մեկ է ինքնասպան են լինում, կամ նորից մահանում հիասթափությունից։ Առաջին պահերին իմ հետևից ման էր գալիս գիտնականների մի շքախումբ, որ պարզեր իմ գործունեության օրինականությունը, իսկ երբ եզրահանգման եկան, սկսեցին ինձ սպառնալ Սիմոն Հրաշագործի դժոխքով և խորհուրդ տվեցին ապաշխարել, որ ճիշտ քրիստոնյայի ճամփան բռնեմ, բայց ես ամբողջ հարգանքով, որին իրենք արժանի են, պատասխանեցի, որ հենց դրանից էլ սկսել էի։ Չէ որ, ինձ, արտիստիս, իմաստ չունի մահից հետո սուրբ հռչակվել, և ուզում եմ միայն մեկ բան՝ ապրել ու սլանալ հախուռն, գլուխս կորցրած, առանց խելքիս շատ զոռ տալու, այս հին, մեծ վեց գլանանոց կաբրիոլետով, գնված ծովային հետևակազորի հյուպատոսից՝ վարորդի հետ միասին ինչ-որ ժամանակ առաջ, Նոր Օռլեանի ծովահենների օպերայում, իմ այժմյան մետաքսե շապիկներով, իմ արևելյան հեղուկներով, իմ թոփազե ատամներով, իմ դիպակե գլխարկով, երկու գույնանի կաշվե կոշիկներով, ուզում եմ քնել այսուհետև առավոտյան ինչքան ցանկանամ, պարել գեղեցկության թագուհիների հետ և պտտեցնել նրանց գլուխը իմ հանրագիտարանային պերճախոսությամբ, և իմ ծնկները չեն դողա, եթե հանկարծ չորեքշաբթի, քառասուն օրվա պասի առաջին օրը զատկից առաջ, կորչեն իմ ունակությունները, չէ՞ որ, այս մինիստրի կյանքով ապրելը շարունակելու համար, ավելի քան բավարար է հիմար դեմքի արտահայտությունը և անթիվ կրպակները, որ ձգվում են այստեղից մինչև հորիզոն, որտեղ նույն զբոսաշրջիկները, որ առաջ ուզում էին վրեժ լուծել ադմիրալի համար, հիմա կռվում են իմ ստորագրությամբ նկարների համար, օրացույցների՝ իմ գրած սիրային բանաստեղծություններով, իմ կիսադեմով մեդալների, հագուստի մի պատառիկ ձեռք բերելու, չնայած նրան, որ ես ի տարբերություն հայրենիքի հայրերի, մարմարից չեմ կերտված, օր ու գիշեր ձի չեմ հեծում, և պատված չեմ ծիծեռնակներով։ Ափսոս, որ այս պատմությունը չի կարող կրկնել չար աճպարարը, թե չէ դուք կհամոզվեիք, որ ամեն բառ ճիշտ է այստեղ։ Վերջին անգամ, երբ նրան տեսել են, կորցրել էր անգամ գնդասեղները, որոնցով ամրացված էր նախկին պերճությունը և անապատի սաստկության մեջ անհետացել էր նրա հոգին, ոսկորները խառնվել մարմնում, բայց երկու-երեք զանգակածաղկի բոժոժիկ նրա ծամից դեռ մնում էին, ու դա ավելի քան բավարար էր:

Մի կիրակի նա նորից հայտնվեց Սանտա Մարիա դել Դարյեն նավահանգստում, իր անփոփոխ դամբարանի նման ճամպրուկով: Այս անգամ հակաթույն չէր վաճառում: Զգացմունքների լիառատությունից դողդոջուն ձայնով խնդրում էր, որ ծովային հետևակայինները գնդակահարեն իրեն բոլորի աչքի առաջ, որ կարողանա ցուցադրել իր վրա վերակենդանացման գերբնական իր ընդունակությունը, տիկնայք և պարոնայք, դուք, որ այսքան երկար տառապել եք իմ խաբեբայությունից՝ կան բոլոր հիմքերը ինձ չհավատալու, բայց երդվում եմ մորս ոսկորներով, որ դուք այսօր կտեսնեք իսկական ճշմարտություն և ոչ թե ինչ-որ բան անդրշիրիմյան աշխարհից, եթե անգամ թիզ ինչ կասկածում եք, ուշադիր նայեք և համոզվեք, որ հիմա այլևս չեմ ծիծաղում, ինչպես առաջներում և դժվարությամբ եմ զսպում արցունքներս։ Նա վերջապես անհրաժեշտ տպավորությունը թողեց բոլորի վրա, երբ արտասուքով լի աչքերով արձակեց կրծքի վրայի կոճակները և բռունցքով խփեց այնտեղ, որտեղ սիրտն է, հաստատելով այդպիսով մահվան ամենաիրական տեղը, սակայն ծովային հետևակայինները վախենալով կիրակնօրյա բազմության աչքի առջև խայտառակ լինելուց՝ չկրակեցին։ Ինչ որ մեկը, հավանաբար հիշելով նրա առաջվա աճպարարությունները, գնաց ինչ - որ տեղ ու բերեց թիթեղատուփով երնջակի մի քանի արմատ, որը կհերիքեր, որ Կարիբյան ծոցի բոլոր ձկները որովայնով վերև ջրի մակերես բարձրանան: Նա ճանկեց թիթեղատուփը այնպիսի ագահությամբ, կարծես պատրաստվում էր ուտել, և իսկապես կերավ, տիկնայք և պարոնայք, միայն, կխնդրեմ չսարսափել, մի շտապեք աղոթք անել իմ համար, չէ՞ որ մեռնելն ինձ համար նունն է, ինչ հյուր գնալը։ Այս անգամ նա արդարացի վարվեց, չփորձեց ինչպես դերասանը բեմում պատկերել հոգևարքի խռխռոց, այլ միայն իջավ մի կերպ սեղանից, հողի վրա ճոճվելով ընտրեց ամենահարմար տեղը և այտեղից արդեն պառկած, նայեց ինձ ինչպես հարազատ մորը, մեկնեց մարմնի երկայնությամբ ձեռքերը և զսպելով տղամարդու արտասուքը, փչեց վերջին շունչը հոգևարքի գալարումների մեջ։ Այո, այդ եզակի անգամ գիտությունն ինձ հաղթեց։

Ես նրան դրեցի ծաղկավոր ճամպրուկի մեջ, պատվիրեցի հոգեհանգստի ժամերգություն, որը նստեց վրաս չորս անգամ հիսուն դուբլին այն պատճառով, որ քահանան ոսկեզօծ զգեստով էր և եկեղեցում նստած էին երեք եպիսկոպոս: Թաղեցինք նրան կեսարին վայել մի դամբարանում, որը գտնվում է բլրի գլխին, ամենաթարմ ծովային հովիկների գգվանքի ներքո մի մատուռում, իսկ բետոնե սալաքարին գոթական մեծատառերով գրել տվեցի, - այստեղ հանգչում է մեռած աճպարարի աճյունը, չար մականունով, որը խաբել է ծովայիններին ու գիտության զոհ է դարձել, և երբ որոշեցի որ այս մեծարանքներով հատուցեցի պատշաճը, սկսեցի վրեժ լուծել կրածս ստոարացումների համար։ Ես վերակենդանացրի նրան իր դամբարանի ներսում և թողեցի այնտեղ սարսափով համակված։

Այս ամենը կատարվել է վաղուց, այն ժամանակ, երբ Սանտա-Մարիա-դել-Դարյեն նավահանգիստը կերան մրջույնները, բայց մատուռը դամբարանով, բնավ անվնաս մինչ օրս կանգնած է թմբի վրա, Ատլանտիկի քամիների մեջ քնած վիշապների ստվերում, և ամեն անգամ, երբ լինում եմ այդ կողմերում, լեփ-լեցուն մեքենա վարդ եմ տանում: Սիրտս կտոր-կտոր է լինում երբ հիշում եմ նրա առաքինությունների մասին, բայց հետո, երբ ականջս դնում եմ բետոնե սալաքարին ու լսում, թե ինչպես է արտասվում հալից ընկած ճամպրուկի բեկորների մեջ:

Բայց ամեն անգամ վերակենդանացնում եմ նրան, երբ մահանում է, քանզի այս պատիժը նրանով է հրաշալի, որ նա կապրի դամբարանում, քանի դեռ ապրում եմ ես՝ այսինքն հավերժ։

Առաջին մասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել