Ես հին հայկական մի հեքիաթ եմ հիշում, Մարիա. բարի աղջկան լողացրած ջուրը ոսկի էր դառնում: Աղքատի աղջիկ էր: Ու թագավորը նրան կնության առավ, թե իր տղային, կարևոր չի դա... անվերջ լողացնում էին, անվերջ լողացնում էին, անվերջ լողացնում էին, ու գանձարանը ծփում էր ոսկով: Հեքիաթի վերջում բարի կախարդը խղճաց աղջկան ու ետ վերցրեց շնորհը, ու աղքատ հերը լալով եկավ ու կաշի-ոսկոր իր աղջկան տարավ տուն:

Այ էդ աղջկա նման տաշեցին ձայնդ, Մարիա: Մայրդ քերում էր այն ու թափում զինվորների առաջ, որոնց առաջ կանգնած երգում էիր ու փող վաստակում: Մայրդ աղջիկ էր ծնել ու սպասում էր քո փոխարեն տղայի: Դու էիր չար կատակ, թե մայրդ էր դաժան կին: Չսիրեցիք իրար:

Երբ դեռ նոր էիք տեղափոխվել Նյու-Յորք, հայրդ ջազի ու դասական երաժշտության ձայնապնակներ գնած` ուրախ-ուրախ մտավ տուն, և, օ, սարսափ, կատաղած տիկինը դուրս շպրտեց ջազին վերաբերող ամեն ինչ. նա պաշտում էր միայն ու միայն դասականը: Եվ դու, Մարիա, պարտավոր էիր լսել: Ամբողջը: Որովհետև
մայրդ գտել էր քո ձայնը, իսկ քո ձայնը թանկ արժեր:

Ձայնդ   ցուրտ փողոցում կանգնող ծախու աղջիկ էր, ով տաք տուն էր երազում ու սեր: Մայրդ պինդ կավատ էր: Քո մահվանից հետո քո փողերն անգամ մայրդ կստանա` Եվանգելիա Կալոգերոպուլոսը, և առաջին ամուսինդ` Բատիստո Մենեջինին, որից կարծեմ չէիր էլ բաժանվել ըստ օրենքի...

Անսահման բարի մարդ Բատիստոն, ում քնքշանքով ասում էիր Տիտո: Նա գտավ քեզ, փայփայեց, հանուն քեզ հարուստ ու հաջողակ գործարարից վերածվեց Կալլասի սովորական մենեջերի, որովհետև առաջին կինը խլեց ամեն ինչ, իսկ նա տվեց հոժար, նա սիրում էր քեզ, ավելի շուտ քո ձայնը, որ անչափ շքեղ էր:


Չսիրեցիր: Սիրեցիր:Վիժեցիր: Կորցրեցիր երեխայիդ, ձայնդ, Օնասիսին...

Արիստոտել Օնասիս. հույն տղեկ, ով կորցրել էր ամեն ինչ ու սպառնացել աշխարհին թաց աչքերով ու զայրույթից սեղմած բռունցքով, որ դեռ հետ է գալու ու եկել էր:
Օ... Ն... Ա... Ս... Ի... Ս... ամեն տառը ջրհեղեղ էր,  քշեց-տարավ Տիտոյի տաքուկ անկողինը, ընտանեկան խաղաղ կյանքը, բեմերը, ինչ բերեց, բերեց վարար, շռայլ: Մարիային էլ ինչ էր պետք: Ավելի շուտ միայն սեր էր պետք: Իսկ Օնասիսն ամուսնացած էր: Չբաժանվեց: Ավելի ուշ, երբ բաժանվեց ու կրկին ամուսնացավ, կինը Մարիան չէր, այլ Ժակլին Քենեդին:

Գեշ աղջիկ, հաստլիկ աղջիկ, ով միշտ իրեն տգեղ էր համարում, անսահման մենակ ու նյարդային և սարսափելի աշխատասեր: Անգամ փոքրիկ ելույթներից առաջ դու կարող էիր ժամերով պարապել:

Քո ամբողջ կյանքում քեզ հավատարիմ մի կին եղավ` սպասուհիդ: Պաշտում էիր ուտելիքը: Ուտելիքը քեզ հանգստացնում էր և կարող էիր ռեստորանը փակել տալ, որովհետև դու որոշել էիր սնվել տրաքվելու չափ: Շատ չաղլիկն էիր դու, հարյուր կիլոգրամանոց հաստլիկ երգչուհի, ով կնիհարի ուղիղ կիսով չափ և այլևս չի չաղանա` ճարպերի փոխարեն վաստակելով մի կույտ դեպրեսիաներ, մի քանի դեղահաբ և արցունքներ` իր առանձնատան բազմաթիվ սենյակներից միայն մեկում անխղճորեն դես ու դեն թափված...
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել