Այսօր, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հաստատել է, որ իր երկիրը պաշտպանում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Ստացվում է, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի բանակցային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը` ողջ աշխարհում ժողովրդավարության հիմք հանդիսացող ԱՄՆ-ը, խեղաթյուրում է նույն այդ ժողովրդավարությունը հենց իր երկրում` անտեսելով ժողովրդավարության կարևորագույն չափորոշիչներից հանդիսացող ազգերի ինքնորոշման սկզբունքը և արհամարհելով իր իսկ պետության թվով յոթ նահանգների կողմից Արցախը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձևերը:
Սա ոչ այլ ինչ է, քան արևմտյան երկակի քաղաքականության հերթական դրսևորումը, ինչը միանշանակ կերպով խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետագա զարգացումը:
Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության լուծումը բացառապես բանակցային գործընթացի շրջանակներում տեսնող գերտերության պետքարտուղարն ընդամենը պետք է ձեռնպահ մնա նմանատիպ ապակառուցողական հայտարարություններից:
Ավելին, ԱՄՆ-ը էական քայլեր պետք է ձեռնարկի Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու ուղղությամբ, առավել ևս այն պարագայում, երբ հերթական անգամ նշում է, թե ԱՄՆ-ը հավատարիմ է հակամարտության բոլոր կողմերի հետ աշխատելու սկզբունքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել