Ռադիոհաղորդավար Անկա Սարիբեկյանի հյուրն այս անգամ երգչուհի Գոհար Հովհաննիսյան է, ով զրույցի ժամանակ պատմել է ստեղծագործական կյանքից և բալիկի լույս աշխարհ գալու մասին: BlogNews.am-ն ներկայացնում է զրույցը:
- 2015-ը լուսավորվեց Ձեր բալիկի լույսաշխարհ գալով, կպատմե՞ք, թե որ երկիր էիք մեկնել համերգի:
- Ասեմ, որ բալիկիս ծնունդից հետո առաջին անգամ պետք է խոսեմ այս մասին: Ես, Ռուբենը և Աղասին համերգներով հանդես եկանք Սիդնեյ քաղաքում: Համերգը նվիրված էր Դաշնակցության 125 ամյակին: Այն բնույթով բարեգործական համերգ էր: Երեք օր երգելուց հետո ես արդեն ուժասպառ էի եղել՝ չնայած, որ փոքրիկիս ծնունդին դեռ մեկ ամիս կար: Վերադառնալիս ես արդեն ինչ-որ զգացողություն ունեի: Երկու ժամ թռնելուց հետո 13 ժամ կար դեռ, ինձ մոտ սկսվեց այդ խուճապը, բայց քանի որ իմ մեջ հավատքը շատ մեծ էր, Աստված ինձ ուժ էր տվել, որ խնդիր չի լինելու, իհարկե, վախը կար: Ընթացքի ժամանակ ինձ աշխատակիցներն ուժ էին տալիս՝ ասելով, որ շատ քիչ մնաց, պետք է համբերեմ մինչև հասնենք մոտակա Պերտ քաղաքին: Մեկ ժամ դիմանալուց հետո ինչ այնտեղ տեղափոխեցին հիվանդանոց: Հիանալի բժիկներ էին, և ես մեկ վայրկյան ինձ օտար հողում չեմ զգացել:
- Երեխայի անունը կասե՞ք
- Գայանե: Ինձ ասացին, որ այն կղզիանման քաղաք է, որտեղ հայեր չկան: Ես մտածում էի՝ ի՞նչ պետք է անեմ: Եվ ինձ զանգահարում է մի աղջիկ, ասում է՝ ես կգամ քեզ կտեսնեմ: Ես ուրախացա և նաև զարմացա, թե ինչպես գտավ ինձ: Եվ ինքն էլ ասում է՝ Սիդնեյից զանգահարեցին, ասացին՝ հայ աղջիկ եգած է հոս, չոջուխ բերած է: Եվ այս աղջիկը ինձ մայրիկի նման էր վերաբերվում: Նա շատ մեծ չէր, ուներ 4 երեխա: Նա նույնիսկ ասաց, որ հյուրանոց գնալու կարիք չկա, և ես կարող եմ մնալ իրենց տանը: Ու իսկապես 20 տարուց ավել նա ապրում էր այնտեղ, բայց երբ մտա իրենց տուն եկեղեցու նմանեցրի: Ամեն ինչ շատ հայեցի էր: Ու ասեմ, որ նա չգիտեր,որ ես երգչուհի եմ: Ուղղակի մտածել էր՝ հայ է, եկել է, խնդիր ունի և ես պետք է օգնեմ: Հետո երբ տեսավ, արդեն ճանաչեց ինձ: Շնորհակալ եմ իրեն անչափ, նա իմ բալիկի երկրորդ ծնողն է:

- Շատերին հուզում է մի հարց. երեխան Հայաստանի քաղաքացի՞ է, թե՞ ոչ:
- Շատերը կարծում էին, որ դա պլանավորած էր: Ասեմ, որ, սիրելինե՛րս, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել: Նա համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ այդ օրենքը, ըստ որի այնտեղ, որտեղ երեխան ծնվում է, ունենում է տվյալ երկրի քաղաքացիություն, վաղուց դուրս է եկել: Պարզապես անձնագրում գրվում է, թե որտեղ է նա ծնվել:
- Որքա՞ն ժամանակ եք մնացել այնտեղ
- 20-22 օր մնացել եմ այնտեղ:
- Գիտեմ՝ Ձեզ հետ նաև Ձեր ընկերներն էին այնտեղ:
- Ինձ հետ Աղասն ու Ռուբենն էին ինքնաթիռում: Մի բան ասեմ, երբ ես արդեն շատ վատ էի, տեսա, որ Ռուբենը ձայնով լաց է լինում: Ես ինձ մոռացել էի և խնդրում էի՝ Ռուբ, լավ, հանգստացի, ես զարմանում եմ՝ ինչ է պատահել: Շնորհակալ եմ իրեն անչափ, իմ պահապան հրեշտակն էր ինքը: Երբ արդեն բերեցին ինձ պալատ, տեսա, որ սենյակում համարյա հատակին քնել էր ինքը: Շնորհակալ եմ իրեն, իմ եղբայրն է իսկական:
- Ե՞րբ հանդես կգաք նոր տեսահոլովակով
- Այս տարի կունենամ նոր տեսահոլովակ անպայման, բայց նախ պետք է ընտրեմ երգը:

- Վերջին շրջանում, և ոչ միայն,անընդմեջ սասնա ժողովրդական մաքրամաքուր կատարումներով եք ներկայանում: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են արտերկրում ընդունում և արդյո՞ք կա նախագիծ Հայաստանում այդ նույն համերգային արշավով ներկայանալու:
- Ասեմ, որ մենք Հայաստանում հաճախ ենք ունեցել «Սասնա Էրգիր» խորագրով համերգներ: Եթե դու ներկայացնում ես ազգայինը անհնար է, եթե հայ են, ուրեմն շատ ուրիշ կերպ են ընդունում: Արտերկրում պարզապես կարոտը ավելի մեծ է այդ երգերի հանդեպ: Շատ ջերմ ու հուզիչ են անցնում մեր համերգները:
- Կան երգեր, որոնք իրոք շատ հին են և այդ ամենը պետք է պրպտել, պեղել: Ովքե՞ր են այդ ամենով զբաղվում
- Ես ինքս եմ զբաղվում: Լսում եմ մեր վարպետների կատարումներն ու վերցնում այն, ինչ ինձ հարկավոր է: Բայց ժողովրդական և ազգային երգը չես կարող լսել և անգիր անել: Ավելացնում ես քո շունչը, տեսակը,մտածելակերպը...
- Իսկ քննադատություններ չե՞ն լինում
- Իմ կատարման մեջ ես ինքս եմ իմ ամենամեծ քննադատը: Տասը չափում մեկ կտրում եմ, անպայման: Ես շատ զգույշ եմ մոտենում այդ երգերին: Ասում են՝ պետք է նմանակես մեր վարպետներին: Ես դեմ եմ դրան, քանի որ ես, իհարկե, պահպանում եմ երգելաոճը, իրավունք չունենք խախտելու, բայց դու շարունակողն ես և քեզանից հետո երիտասարդ սերունդին պետք է ունենաս ասելիք: Իմ նպատակն այն է, որ տարիներ անցնի, իմ խոսքը հասնի մեր երիտասարդներին: Այնպես, ինչպես մենք ենք լսում մեր մեծերին, նրանք էլ լսեն ինձ:
- Օրինակ, «Աղջիկ ես սասունցի» երգը մեծ հաջողություն ունեցավ: Այն կատարում են երիտասարդ կատարողները: Ի՞նչ կասես դու
- Ես մտածեցի, որ այդ երգը կարող է լսվել նաև խնջույքների ժամանակ: Ինչու՞ հենց հարսն ու փեսան չպարեն ազգային երգերի տակ: Հաճախ են ասում, որ ազգային երգերի տակ ուրախանալ չի լինի, բայց դա այդպես չէ: Ոըրախ եմ, որ ուրիշները ևս կատարում են այդ երգը:
- Կար մի ընթացք, երբ դու ներկայանում էիր 4 տարբերակ խմբում՝ հանդես գալով հետաքրքիր աշխատանքներով: Եկավ պահ, երբ դուք դադարեցիք աշխատել միասին : Այդ ամենը շատ կտրուկ տեղի ունեցավ: Գժտվա՞ծ եք, միմյանց չե՞ք բարևում, հաճախ կա կարծիք , թե երբ նույն տեղում համերգ եք ունենում, չեք գնում և այլն. Կա՞ նման բան:
- Իհարկե ոչ, չկա: Նրանք իմ շատ սիրելի և թանկ ընկերներն են: Պարզապես պահը հասունացել էր, քանի որ իմ ուղղվածությունն ավելի շատ ժողովրդականի կողմն էր: Հաճախ զարմանում են՝ ինչու էստրադայից փոխվեցի ժողովրդականին: Ոչ, ես երբեք էլ չեմ երգել էստրադային ոճում, չեմ էլ կարող երգել: Պարզապես դա նախագիծ էր, որտեղ մենք չորսս դնում էինք մեր համեմունքներն ու երգ էր ստացվում:
Մենք մնացել ենք լավ ընկերներ, քանի որ միշտ ասել ենք՝ այդ ամենը մեր լավ ընկերության հիմքի վրա է, քանի որ ցանկացել ենք միասին երգ ունենալ: Չի կարող աշխատանքը խանգարել ընկերությանը: Հիմա էլ մեկս մեկին ինչով կարողանում ենք օգնում ենք:
- Հաճախ ասում են, որ շոու-բիզնեսում ընկերություն չկա և հաճախ միմյանց թիկունքից հարվածներ են տալիս: Ի՞նչ կասես այդ մասին
- Գիտեք՝ կապ չունի, հարվածող մարդը կլինի շոու-բիզնեսում, թե՞ ուսումնական հաստատությունում: Եթե ինքը բնույթով այդպիսինն է, կհարվածի ամեն բնագավառում: Այդքան էլ համամիտ չեմ: Ունեմ շատ լավ ընկերեր,ովքեր երգիչներ, պարողներ, արվեստագետներ և այլ մասնագիտության տեր մարդիկ են...

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի



