Մարտի 26-ին` Հակոբ Պարոնյանին անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր միության 75-ամյակին: 

Այս տարի «Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակ է ստացել Ագնեսա Շահնազարյանը` «Շատերից մեկը» մոնոներկայացման համար. «Ես արդեն մի քանի տարի է զբաղվում եմ մոնոներկայացումներով, որը իսկապես շատ դժվար ժանր է: Չես կարող վիրպել և պետք է լավ խաղաս: «Շատերից մեկը» ներկայացումն անցյալ տարի է բեմադրվել, այն մեծ արձագանք է ունեցել: Այս ներկայացմամբ առաջին անգամ եղել եմ Բուլղարիայում, հիմա կրկին փառատոնի սեզոնը բացվում է և պետք է մեկնեմ: Պիեսի հեղինակը Նելլի Շահնազարյանն է` մայրս, իսկ ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ` Վահե Շահվերդյանը»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է դերասանուհին

Դերասանուհին նշում է, երբ առաջին անգամ կարդացել է պիեսը, շատ է հավանել կերպարը` չնայած մայրը դեմ էր. «Ես ասացի, որ զգում եմ` այս պիսեսը ինձ հաջողություն է բերելու: Երկար բանակցություններից հետո, որոշեցինք, որ բեմադրում ենք այդ գործը: Այն խաղացել եմ «Արմմոնո» փառատոնին անցյալ տարի»:

Ագնեսան նաև նշում է, որ այսպիսի լուրջ մրցանակաբաշխության չէի մասնակցել, բայց ամեն դեպքում նաև կարևորեց Լոռի փառատոնին ստացած Վարդուհի Վարդերեսայանի անվան հատուկ մրցանակ. «Այդ ժամանակ դեռ տիկին Վարդուհին ողջ էր և հիշում եմ` նա շատ ուրախացավ, որ այդ մրցանակը ես եմ ստացել: Հետաքրքիր է, երբ տեսնում էի մրցանակ ստացողների հույզերը միշտ զարմանում էի` ինչո՞ւ էին այդքան ուրախանում, բայց այս անգամ երբ կարդացին իմ անունը, չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Գիտեք այնքան հաճելի էին ծափահարությունները»

Դերասանուհին շատ է կարևորում այս մրցանակը, քանի որ կար ժամանակ, երբ թողել էր թատրոնը և տեղափոխվել էր Մոսկվա բնակության. «Մոսկվայում բոլորովին այլ գործով էի զբաղվում, բայց այդ մեկ տարին որ անցկացրել եմ այնտեղ, ինձ շատ կիսատ էի զգում առանց թատրոն: Ես այդ ժամանակ էլ որոշում կայացրեցի, որ պետք է վերադառնամ և հասնեմ նրան, ինչին այսօր հասել եմ: Շատ ուրախ եմ և ինձ շատ գնահատված եմ զգում, իսկ այս մրցանակը շատ պարտավորեցնող է»: 

Դերասանուհին հիմա պատրաստվում է նոր ներկայացման, որը մայիսի 3-ին պետք է խաղա «Արմմոնո» փառատոնի շրջանակներում: Աշխատում է նոր ռեժիսորի հետ և այլ ոճում է ներկայանալու. «Պետք է նաև ասեմ, որ ամսի 25-ին մշակույթի նախարարությունը ինձ շնորհեց ոսկե մեդալ. դրան չէի սպասում: Ես տիկին Հասմիկ Պողոսյանից շնորհակալ եմ, որովհետև դա ինձ թևեր տվեց, ավելիին հասնելու համար»:

Ագնեսան խոսում է թատերական գործունեությունից, բայց նա ժամանակին խաղում էր նաև սերիալներում: Այն հարցին արդյո՞ք կան նոր առաջարկներ` դերասանուհին այսպես պատասխանեց. «Մի քիչ տնավարի լեզվով ասեմ, կարծես` թուղթ ու գիր արած լինեն, որովհետև միշտ քասթինգների մասին ամենավերջում եմ իմանում, երբ վերջացած է լինում: Այսինքն ինձ երբեք չեն կանչում քասթինգի, չգիտեմ` ինչ է կատարվում, բայց հույս ունեմ, որ այս մրցանակը խթան կհանդիսանա և կկանչեն գեղարվեստական ֆիլմերում»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել