Մեր հյուսիսային հարևան Վրաստանի դերն ու նշանակությունը Հայաստանի համար դժվար է գերագնահատել: Այսօր Հայաստան մտնող և դուրս եկող ապրանքաշրջանառության 70 %-ը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ գերազանցապես վրացական երկաթգծով և Փոթիի ու Բաթումիի նավահանգիստներով: Մեր ռազմավարական դաշնակից և գլխավոր գործընկեր Ռուսաստանի հետ ցամաքային կապը ևս հնարավոր է Վրաստանի միջոցով (այս կապի խիստ կարևոր նշանակությունը գիտակցելու համար պետք է հիշել տարիներ առաջ տեղի ունեցած ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը և դրան հաջորդող շրջանում Լարսի անցակետի փակումն ու դրա հետևանքները): Վրաստանի տարածքով է անցնում նաև Ռուսաստանից Հայաստան եկող և կենսական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» գազատարը: Պետք է նշել, որ Վրաստանը Հայաստանի համար տարանցիկ երկիր է նաև Թուրքիայի մասով, և հայ-թուրքական փակ սահմանների պայմաններում այն բազմամիլիոն ապրանքաշրջանառությունը, որ կա Հայաստանի և Թուրքիայի միջև իրագործվում է Վրաստանի տարածքով:
Վստահ կարելի է պնդել, որ թուրքա-ադրբեջանական պարտադրված տնտեսական շրջափակման պայմաններում, մեր հարևան Վրաստանը Հայաստանի համար կատարում է արտաքին աշխարհ բացվող երթիկի դեր:
Վերոնշյալ պատճառներից ելնելով` նախկին, ներկա և ապագա հայ քաղաքական գործիչների համար հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների պահպանումը առաջնահերթ և օրակարգային հարց էր, կա և կլինի:
Հայ-վրացական փոխհարաբերություններում լուրջ տեղաշարժեր գրանցեց 2004 թվականին Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունը» և դրա արդյունքում իշխանության եկած Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամանակահատվածը: Վերջինս ամբողջ թափով բացեց վրացական դարպասները թուրքական և ադրբեջանական ներդրումային հոսքերի համար, նոր` չտեսնված բարձր մակարդակի բարձրացրեց տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Իսկ այդ ամենը չէին կարող չանդրադառնալ հայ-վրացական երկկողմ հարաբերությունների վրա:
Սակայն «Երազանք» դաշինքի գլխավորությամբ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը և նաև վերջին շրջանում հայ և վրաց պաշտոնյաների բավական հաճախակի դարձած փոխայցելությունները թույլ են տալիս մտածել, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները վերաիմաստավորել են իրենց քաղաքականությունը Հայաստանի մասով:
Միայն վերջին երեք-չորս ամսվա կտրավածքով Հայաստան ժամանեցին Վրաստանի առանցքային նախարարների գլխավորած պատվիրակությունները: Դեկտեմբերին Երևանում էր փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, փետրվարին` Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, իսկ օրերս պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:
Վերջին շրջանում վրացական կողմից նկատվող բարձր մակարդակի այս ակտիվությունը չի կարող պատահական լինել: Վրացական իշխանությունները գիտակցել են այն կարևոր նշանակությունը, որը կարող է ունենալ Հայաստանը Վրաստանի համար:
Թյուրքերի հանդեպ մեծ սիրով լեցուն Սահակաշվիլու ժառանգությունը (վրացական բիզնեսն ու կարևոր նշանակության գրեթե բոլոր օբյեկտների հանձնումը թյուրքերին) և Վրաստանին վտանգավոր խաղի մեջ ներքաշելն ու նրա որոշ հատվածների վրա թյուրքացվելու վտանգ կախելը` ահազանգ հանդիսացան վրացական իշխանությունների համար, որպեսզի դադարեցվի կարճաժամկետ հաջողությունների հեռանկարով արբած Սահակաշվիլու քաղաքական գիծը
Եվ այսօր, երբ Արևմուտքը վերացնում է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները, և Իրանը վերադառնում է մեծ քաղաքականություն, այս պայմաններում իրանական հսկա շուկան Վրաստանի համար ևս գործելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Իսկ այդ գործընթացներում իր մեծ դերն է ստանձնում նաև Հայաստանը, քանզի այս դեպքում էլ Հայաստանն է Վրաստանի և այնուհետև նաև Եվրոպայի համար դառնալու կարևորագույն նշանակություն ունեցող տարանցիկ երկիր:
Այս ամենից կարելի է ենթադրել, որ թյուրքական տնտեսական և քաղաքական էքսպանսիայի ահագնացող վտանգի և «Իրանական գործարքի» փայլուն հեռանկարի գիտակցումով է Վրաստանն այսօր ակտիվացնում իր արտաքին քաղաքականություն հարավային ուղղությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել