Հիսուսի հարության օրը գերեզմանը հսկող զինվորները՝ Հիսուսին մահվան դատապարտողների կողմից ԿԱՇԱՌՎԵԼՈՎ, տարածում են մի կեղծիք, թե իբր Հիսուսի աշակերտները գողացել են նրա մարմինը: Մատթեոս ավետարանիչն ասում է, որ այդ լուրը «տարածված է մինչև այսօր», այսինքն՝ Հիսուսի հարությունից 30-40 տարիներ հետո էլ կեղծիքը հրեա հասարակության մեջ տարածված է մնում:
Բայց ինչո՟ւ միայն այն օրերին, նաև այսօր, ինչո՟ւ միայն հրեաների մեջ, այլ մեր՝ քրիստոնեաներիս: Քանի-քանիսն են այսօր ուրանում Քրիստոսի հարության ճշմարիտ փաստը, քանի-քանիսն են այսօր մեզանից ընդունում Հիսուսի հարությունը ճշմարիտ կերպով և ոչ թե ձևականորեն ու ավանդության ուժով՝ սահմանափակվելով ձու ներկելու և զատկական ուտեստներ ուտելու սովորությամբ: Ինչո՟ւ է այսպես… պատասխանը պարզորոշ է. ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ, որովհետև ընդունել՝ նշանակում է նաև պարտավորություններ ու պատասխանատվություն ստանձնել: Այս վախից էլ ծնվում է ոչ թե անհավատությունը, այլ չհավատալու ցանկությունը: Չենք ցանկանում ընդունել հարության փաստը, որովհետև ընդունել՝ նշանակում է ապրել որպես իրական քրիստոնյա, պահել պատվիրանները, սիրել մեզ նման մեկ ուրիշի, աշխատել քրտինքով, անհրաժեշտության դեպքում անցնել այն չարչարանքների ճանապարհով, որով անցավ մեր Փրկիչը:
Մարդու վրա երկրի օրենքներն ու կառավարման համակարգերը ոչ մի ազդեցություն չեն ունենա, եթե նա ներքնապես պատրաստ չլինի իր քաղաքացիական պարտականությունների կատարմանը: Բոլոր դժբախտություններն ու ձախողումները կյանքում արտահայտվելուց առաջ մեր մեջ են տեղի ունենում՝ ամեն օր հոգով մեռնելով ու մեր մեջ անհոգությամբ Աստծուն սպանելով: Ե՛վ բարիքը, և՛ չարիքը մինչև գործադրվելը մեր հոգու մեջ են ծնունդ առնում: Եթե մեր սրտերի վրա դրել ենք ավելի ծանր քար, քան Հիսուսի գերեզմանի վրա դրվածն էր, եթե մեր սրտի վրայից դեն չենք նետում այդ քարը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեղքը, ուրեմն մեր հոգիներում Քրիստոս դեռևս թաղված է: Եթե շարունակում ենք չհրաժարվել մեր կրքերից ու չար գործերից, ուրեմն մեր հոգիներում Քրիստոս դեռևս խաչված է: Եթե ապրում ենք չարությամբ ու նախանձով, ուրեմն մենք ևս կամակից ենք այն ամբոխին, որ գոչում էր՝ «Խա՛չը հանիր դրան»: Եթե չենք ցանկանում ընդունել Քրիստոսի հարության իրականությունը, ապա դասակից ենք Քրիստոսին խաչողներին, որոնք ԿԱՇԱՌՔՈՎ հարության ճշմարտությունը փոխեցին կեղծիքի տարածման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել