Այս օրերին Երևանը «փոքրիկ Ավարայրի» է վերածվել, համոզվեցի՝ հայերիս ամենասիրած հերոսը Վարդան Մամիկոնյանն է: Հայաստան ժամանած իրանցիները (ոչ թե պարսիկները) Հայաստանում դժգոհության մեծ ալիք են բարձրացրել. իրական կյանքում հանդիպում են դժգոհ դեմքեր, ֆեյսբուքում՝ լույսի արագությամբ տարածվող գրառումներ՝ «պարսիկների արշավանքը Հայաստան», «ես իմ անուշ Պարսկաստանի», «գարուն, գարուն, գարուն է» և այլն:

Մի խոսքով՝ մեր հարևան ժողովուրդը կարճ ժամանակով դարձել է մեր երկրի «նյուզմեյքերը»: Այս ամենի արդյունքում Նովրուզը կորցրել է իրական խորհուրդը: Ուշադրության կենտրոնում իրանական «գլամուռ» հասարակությունն է և այն, թե ինչպես են անցկացնում իրենց ժամանակն սեփական երկրի սահմաններից դուրս` ուշադրությունից դուրս թողնելով Նովրուզի իրական խորհուրդը և տոնն Իրանում անցկացնող ավանդաշատ իրանցիներին:

Նովրուզ պարսկերենով բառացի նշանակում է «նոր օր», որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ: Համարվում է, որ տոնի արմատները հասնում են մինչև զրադաշտականություն:
Նովրուզը համարվում է պաշտոնական տոն և տոնվում է մեծ շուքով: Իսլամական Իրանում այն պաշտոնապես ճանաչված է որպես երկրի նոր տարեմուտ: Իրանի մուսուլման ժողովրդի համար այս տոնը նաև դարավոր ու կրոնամշակութային հարուստ անցյալի փայլուն դրսևորման խորհրդանիշն է:

Տոնակատարության նախապատրաստումն սկսվում է անցնող տարվա վերջին չորեքշաբթի օրվանից, որը կոչվում է «չհարշամբէյե ախար» (վերջին չորեքշաբթի):
Նովրուզին սեղանին դրվում է Ղուրան, ծաղիկներ, մոմեր, փոքրիկ ակվարիում՝ կարմիր ձկներով, հայելի և այսպես կոչված՝ «Հավթ սինը»՝ պարսկերենում «սին» տառով սկսվող յոթ մթերքներ. սիր (սխտոր), սիբ (խնձոր), սերքե (քացախ), սաբզի (կանաչի), սոմախ (համեմունք), սենջեդ (փշատ), սամանու (ածիկ) և այլ տեսակի քաղցրավենիք: Սեղանի վրա դրվում է նաև ոսկյա կամ արծաթյա մետաղադրամ և արճեցրած ցորեն, որպեսզի գալիք տարին հացառատ լինի: Ընտանիքի բոլոր անդամները` նոր հագուստներ հագած, հավաքվում են սեղանի շուրջ` դիմավորելու Նովրուզը: Երբ տարին փոխվում է, երեխաները մոտենում և համբուրում են ընտանիքի նահապետի ձեռքը և նրանից նվերներ ստանում: Այնուհետև տան ավագն աղոթք է կարդում Ղուրանից: Տանը փոքր ինչ մնալուց հետո մարդիկ գնում են շնորհավորելու իրենց բարեկամներին ու մտերիմներին: Ընդ որում, բարեկամին կամ ընկերոջն առաջինը այցելելը համարվում է հարգանքի նշան: Այցելություններն ու տոնակատարությունները շարունակվում են մինչև Նոր տարվա 13-րդ օրը: Այդ օրը իրանցիները տան մնալը համարում են վատ նշան և ձգտում են այն անցկացնել բնության գրկում՝ սեղանների շուրջ: Այդ արարողությունը կոչվում է «սիզդեբեդար» (տասներեքի վանում):

Ի դեպ, 2009թ. ՅՈւՆԵՍԿՕՆ-ն Նովրուզը ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Հ.Գ. Չմոռանանք, որ «երբեմն» մեզ էլ դրսում կարմիր գորգով ու գրկաբաց չեն ընդունում: Այս պարագայում մենք իրանցիների հետ նույն հարթության վրա ենք գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել