... հեռու-հեռավոր սահմանի մոտ, ձյունածածկ սարերի կողքին դու քեզ տիրակալ ու իշխան կզգաս։ Աչքերդ կորոնեն անծայրածիր հորիզոնից անդին բարձրացող Ցավը, Կարոտը, Սերը, կփակես կոպերդ որոնածդ հոգուդ մեջ տեսնելու համար։ Ու արեւ-օրվա պես պարզ ու իրական կհառնի Արարատի լուսե գագաթը՝ ճերմակ աստղափոշին լանջնիվեր, հպարտ ու մենակ, վեհաշուք ու գերված, կարծրասիրտ ու սգակիր։

Եվ այս էլ որերորդ անգամ կփորձես վերծանել նրա հայացքի սեպագիրը, լսել լեռան թիկունքում պատսպար ավերակների զսպված հառաչը ու տնքացող-ոտնակոխ հողի ցավի ծանրություն զգալ սրտիդ մեջ։ Սահմանը՝ անցյալի ու ապագայի, պատմության ու ներկայի խաչմերուկում, որպես տրոփուն վերք, ցավող սպի, արյամբ վավերացված հիշողություն, վրեժի պատգամ, որպես խարույկ մեր հոգու մեջ ու մեր երակներում, որպես չմարած պարտք եւ դու՝ պարտքի, ցավի, սիրո ու վրեժի ժառանգակիր՝ Զինվոր։ Մի փորձիր փորփրել հիշողությունդ, պատմության դասագիրքը չէ, որ պիտի սովորեցնի քեզ։ Զգա արյանդ կանչը, ականջալուր եղիր նրա ապրումին, ու ապուպապերիդ երազը կարթնանա հոգուդ մեջ, կդառնա կամուրջ անցյալի ու ապագայի միջեւ։ Եվ դու կհասկանաս, որ այդքան իրական ու հաստատ, այդքան քաջասիրտ ու զինակիր՝ մեր մեծ երազի մի մասն ես, գուցե՝ ամենակարեւորը։ Դու գիտե՞ս ինչ դժվար էր քո ծնունդը, գիտե՞ս՝ որքան սեր, քաջություն, ցավ, ըմբոստություն ենք ամբարել սերնդեսերունդ՝ քեզ երկնելու, անտուն- անհայրենիք՝ գերեվար հայից քեզ զինվոր օծելու համար։

Թուր-Կեծակին մենք ինքնակամ չենք զիջել, չենք փոխել մի փոր հացի հետ կամ չենք տվել ապահով ու անփառունակ ստրկության □շնորհի□ դիմաց, մեր արժանապատվությունը, հպարտությունը, ոգին ու փառքը՝ զենքն ու ասպարը, խլել են մեզնից. ուժով մեր կյանքը խլելուց հետո միայն։ Հիշողությունը դարեր շարունակ ցավ ու մորմոք էր ծնել, վիշտ ու անհասություն, բայց ուժ ու քաջություն, ոգի ու հպարտություն՝ զենք ու զինվոր չէր դարձել։ Ու արու զավակը դեռ չծնված՝ մենք մտովի զինվոր էինք օծում նրան, զենք էինք տալիս, ու նա այնքան ուժեղ, այնքան քաջարի էր մեր երազներում։ Օտարը մեր տան մեջ իշխան էր մեր գլխին՝ ասկյար ու ղարավաշ, ու մենք քո տեսքին կարոտ էինք, զինվոր։ Քեզ կորցրել, քեզ հետ՝ մեր տունն ու մեզ։ Մեր բանտված միտքը փայփայում էր պատկերդ սրբապատկերի պես, մեր կակազ լեզուն թոթովում էր անունդ աղոթքի նման։ Բաց ու անտեր, ոտնակոխ ու ասպատակ սահմանին մեր սիրտը ոգեկոչում էր քեզ, ու այդ տեսիլքը այնքան ցավոտ էր ու այնքան բաղձալի։ Պատմության դասագրքերը մի թերթիր, ապավինիր գենիդ հիշողությանը ու փորձիր տեսնել□ պատկերացրու խրոխտ ու ձյունապատ սարերը անտիրական, գետնաքարշ ու խեղճացած, այս սահմանները, որին կյանքդ ես ժամապահ դարձրել, գերի ու նվաճված։

Պատկերացրու ու մի տնքա ցավից, եթե կարող ես։ Պատկերացրու ու մի վառվի վրիժառության կրքով, եթե խոշտանգված ու նահատակ ապուպապերիդ ժառանգն ես։ Պատկերացրու ու մի հերոսացիր, եթե Վարդանի, Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի, Վազգենի ըմբոստ ու ազնիվ արյունն է հոսում երակներումդ։ Զենք ու զրահ տալուց առաջ քո պապերը իրենց արյունն են տվել քեզ ու իրենց երազը, իրենց ըմբոստությունն ու արիությունը, իրենց սերն ու տառապանքը։ Եվ հենց այդ վսեմ ժառանգությունն էր, որ 88-ին մեզ Թատերական հրապարակ տարավ։ Եվ գիտես՝ ի՞նչ էր մեր ուզածը՝ որ դու այդպես կանգնես այդ սահմանին, որպես տեր ու իշխան։ Կանգնես հպարտ ու քաջասիրտ, հերոսական ու անձնվեր։ Մենք վաղուց կորցրած քո զենքն ու զրահն էինք ցանկանում հետ բերել ու պատրաստ էինք ցանկացած գին վճարել դրա համար։ Ու վճարեցինք։ Մենք հոգնել էինք անպտուղ երազներից, եւ օպերայի հրապարակում մեր քաջությանն ու ոգուն ուղղված տանկերի փողերը այլեւս անզոր էին ու խեղճ, երկնքից կրակ թափելու պատրաստ ինքնաթիռները իզուր էին փորձում վայրի հռնդյունով սասանել մեր՝ հայրենասիրության ու հերոսականության շաղախով ամրացած շարքերը։

Մենք քեզ Եռաբլուր ենք նվիրել, դա ամենաոգեղեն ու վեհ ժառանգությունն է, որ կարող է թողնել որեւէ ազգ, որեւէ սերունդ իրենից հետո եկողներին։ Իսկ Եռաբլուրը հպարտություն, պատիվ, հերոսություն լինելուց զատ նաեւ պատգամ է, պարտք։ Ու դու ես պարտատերը։ Զենքդ ամուր բռնիր, պրկիր բազուկդ, հայացքդ գուրգուրանքով հպիր հողին։ Քոչվորի ոտնահետքերը դարեր շարունակ խարազանի նման դաջվել էին մեր երկրի ու սրտի վրա, ու քո նախնիները արյամբ ջնջեցին այն՝ քո հայրը, քո եղբայրը, մյուսի որդին, որպեսզի քեզ զինվոր օծելու երջանկությունը մեր աչքերով տեսնենք, որպեսզի դու երդվես զենքը ձեռքիդ, պետական դրոշի հովանու տակ, պետական օրհներգի հնչյունների ուղեկցությամբ, երդվես անթաքույց եւ ի լուր աշխարհի։ Մենք քո երդումը հոգով ենք լսում, ու հառնում է բաղձալի տեսիլքը. ավերակներից բարձրանում-ծաղկում են Մուշը ու Սասունը, Վանն ու Էրզրումը:

Զգու՞մ ես հողի ուժը. ինչպես է վարակվել իր գիրկը թափած արյան հերոսությամբ, ու քո հայացքը տանում-գամում է Արարատին՝ այնքան անդիմադիր ու տիրական։

Ես բառ-բառ կարդում եմ քո լռությունը. □Բարի օր, Արարա՛տ, բարի Տարի։ Ես քո Զինվորն եմ՝ մեկը հազարներից ու հիմա սահմանին եմ։ Հայկական բանակի համազգեստ հագիս, զենքս՝ ուսած, սիրտս՝ անվախ ու բազուկս՝ պինդ։ Ընդամենը մեկ տասնամյակ առաջ այս հողը գերի էր, այս սարերը գերի էին, այս անտառներն ու ձորերը, այս վանքերն ու խաչքարերը։ Դու նրանց տեսել ես ստրուկ ու խեղճացած, նվաստ ու անզոր։ Ի՞նչ ես զգացել, Արարա՛տ, ինքդ՝ գերված մայր, գերված որդուդ տեսնելով, ինչպե՞ս է դիմացել քո մեծ ու գթառատ սիրտը դարերի այս ահասարսուռ փորձությանը, ինչպես չի պատռվել ցավից ու անզորությունից։ Այս հողն այսպես ազատ, այսպես հպարտ ու գեղեցիկ հանձնել են ինձ։

Ես նրա տերն ու պաշտպանն եմ։ Քիչ այն կողմ թշնամու դիրքերն են□ լսու՞մ ես ինչպես է բաբախում իմ սիրտը, մի կաթիլ վախ չկա այնտեղ, հպարտություն է, պարտք, պատասխանատվություն, ուժ ու կորով։ Ի՞նչ ապրումներ էին սրտիդ մեջ, Արարատ, երբ այս հողը բզկտվում էր ռումբերի պայթյունից ու այրվում էր դժոխային կրակներում, եւ ի՞նչ էր զգում հոգիդ, երբ որդիներդ քոչարի էին պարում գերությունից դարձած, թշնամուց ազատված հողի վրա։ Մենք հեշտ չենք պահել այս հողը, մենք ավուր հացից զենք ենք կռել. մեկս հազարի դեմ պիտի կանգնի, պիտի կարողանա կանգնել։ Ու կանգնում է։ Չկանգնեինք՝ հիմա թշնամին վաղուց էր վրա տվել։ Ուրիշ ճար չունի, լացուկոծը չօգնեց, հիմա էլ հոխորտում է, Ղարաբաղը □ազատագրել է□ սպառնում, ազատագրել իր տիրոջից՝ ինձնից ու քեզնից։ Բայց թուրքը շատ լավ գիտի, որ Արցախը կորցրել է անվերադարձ։ Մենք մի ուրիշ գուրգուրանքով ու հոգատարությամբ ենք շենացրել Արցախը, քարը քարին ենք դրել, ու երդիկներից ելնող ծուխը քո որդիների հավերժության խորհուրդն է հասցնում երկինք։

Կենացդ, Արարա՛տ։ Զինվորի իմ սիրտը վաղուց է խորտակել ստի ու կեղծիքի սահմանը, պատարագ է տալիս փեշերիդ առաջ ծնրադիր։ Ժամանակն անզոր է մեղմելու իմ ցավի տրոփն ու վրեժի ծարավը, ժամանակն անզոր է փակելու իմ սիրո աղբյուրն ու կարոտի ակունքը։ Հավատա, Արարատ, դիմացիր ու տոկա։ Հավաքիր վերջին ուժերդ ու կենաց ավիշ տուր փլուզվող վանքերիդ։ Ու սպասիր Զինվորիդ՝ իմ ժամին, ես տեր եմ Երազիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել