Շատ հաճախ կարդում կամ լսում ենք միանգամից մի քանի սխալ կամ անհանձնարարելի իրողություն պարունակող բարդ նախադասություններ։ Մի լրիվ պատահական նմուշ սերիալից. «Միակ մարդը, ում խղճում եմ, դա Լաուրան ա» («Ուրիշի հոգին» 74, 33:15)։

Բացի այն, որ «դա»-ն սխալ է ու խոտելի, և որ այս բարդ ստորադասական նախադասությունը պետք է լիներ այսպես՝ «Միակ մարդը, որին խղճում եմ, Լաուրան ա», կարծում եմ շատ ավելի լավ կլիներ, եթե այն առհասարակ բարդ ստորադասական չլիներ, այլ՝ պարզ, հասարակ ու խնայողական.

«Միայն Լաուրային եմ խղճում»։

Իհարկե, այս կամ այն կոնկրետ դեպքում խոսողը կարող է ունենալ պարզի փոխարեն բարդ կառույց ընտրելու իր սուբյեկտիվ պատճառը կամ իրավունքը։ Բայց առհասարակ այս անցանկալի միտումը հաստատ կա, ու դա լավ չի։ Մանավանդ ոչ բարդ իրադրություններում, երբ շատ անկաշկանդ ձևով կարելի է պարզ ու զուլալ նախադասություն գրել, բարդ նախադասությունը մերժելի կամ գոնե անհանձնարարելի պիտի համարվի։ Էլ չեմ ասում, որ բարդի փոխարեն պարզ նախադասություն ընտրելով հաճախ կարելի է նաև խուսափել սխալներից, ինչպես հենց իմ նշած նմուշի դեպքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել