Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների առանցքում՝ ընտրատեղամասում լրագրողների թվի սահմանափակման վերացման դրույթն է:
Ի սկզբանե պարզ էր, որ այս դրույթը ակտիվ քննարկումների առարկա էր դառնալու, քանի որ առաջին հերթին վերաբերում էր ԶԼՄ-ների ու նրանց աշխատանքին, ինչը ընտրական պրոցեսների վերահսկման առումով անգնահատելի է:
Սակայն իշխանությունները մեկ այլ հարցում են վտանգ տեսնում. խոսքը քվեարկության օրը, ընտրատեղամասերում լրագրողական բեյջերով «ֆռֆռացող», այսպես ասած, «լրագրողների» մասին է:

Ինչո՞ւ չակերտների մեջ, որովհետև հատկապես 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, օգտվելով ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթից, քաղաքական ուժերը, հատկապես խոսքը ԲՀԿ-ի մասին էր, իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների բեյջերով մեծ թվով մարդկանց հարմար «տեղավորել» էր ընտրատեղամասերում:
Այդ մարդկանց մեծամասնությունը ներկաների համար ավելի շատ թաղային հեղինակություններ, մանկլավիկներ կամ «հաստավիզ ախրանիկներ» էր հիշեցնում, քան քաղաքական միջոցառում լուսաբանող լրագրողներ:

Ամենայն հավանականությամբ, իշխանությունը խնդիրը հենց այստեղ է տեսնում: Մեծ հաշվով, ցանկացած օլիգարխ, ով մեծ հնարավորությունների է տիրապետում, այս «տրյուկը» միշտ էլ կարող է կիրառել: Լրագրողների հետ վիճելն իհարկե անցանկալի է ու այս պարագայում պետք է այնպիսի լուծում գտնել, որը ոչ լուսաբանման առումով խնդիր կստեղծի, ոչ էլ «կողմնակի անձանց» ներկայությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել