Exclusive

Տևական դադարից հետո դերասան Դավիթ Մարդյանը կրկին էկրաններին կլինի։ Նա նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Աբելի քույրը» հեռուստասերիալում։ BlogNews-ը Դավթի հետ զրուցել է դադարից հետո նոր աշխատանքի, կյանքի այս փուլի և ընտանեկան կյանքի մասին։

-Դավիթ, «Հարազատ թշնամու» ավարտից հետո սերիալում չեք նկարահանվել։ Սա մտածվա՞ծ դադար էր, թե ուղղակի համապատասխան առաջարկներ չկային։

- Այս ընթաքում Ռուսաստանում էի, որտեղ մեր հայրենակիցները սիրողական սերիալ էին նկարահանում, ազատ ժամանակ պարապ չմնալու համար մի քանի սերիայում նկարահանվեցի, սակայն դերասանի հիմնական աշխատանք, որպես այդպիսին, չեմ ունեցել։

Դադարը ծրագրված չէր։ Կարծում եմ՝ ինչ լինում է, լինում է դեպի լավը։ Գուցե լավ էր այս դադարը, քանի որ 4 տարի անընդմեջ էկրաններին էի եղել, և հանդիսատեսը պետք է մի քիչ հանգստանար։

Չգիտեի, որ ինձ այդքան սիրում են:) Այս ընթացքում շատ են զանգել հարցազրույցների համար, ուղղակի ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում հաճախ ուշադրության կենտրոնում լինել։ Հասկանում եմ, որ դա համատեղելի չէ իմ աշխատանքի հետ, քանի որ  դերասանները պետք է շատ հարցազրույցներ տան, ուշադրության կենտրոնում լինեն, բայց այդպիսին եմ։

-Ի՞նչ կերպարով եք ներկայանալու «Աբելի քույրը» հեռուստասերիալում։

-Առաջին անգամ ֆիլմում ներկայանալու եմ զինվորի կերպարով։ Կերպարս դրական, հայրենասեր, ընկերասեր տղա է։ Նկարահանման մեկ օր եմ դեռ ունեցել, հավանաբար, շաբաթվա վերջին արդեն իմ մասնակցությամբ սերիաները եթեր կհեռարձակվեն։

-Մեր նախորդ զրույցում Ձեզ համար էլ դեռ հստակ չէր՝ կմնաք Հայաստանում և կշարունակեք նկարահանվե՞լ, թե՞ կմեկնեք Մոսկվա։ Այս ընթացքում արդեն մեկնել էիք Ռուսաստան՝ ոսկերչություն սովորելու։ Ինչո՞ւ ոսկերչություն։

-Տարիքով մեծ դերասանները հաճախ ասում են, որ դերասանությունը փեշակ չէ։ Ես որոշել էի փեշակ ունենալ։ Իմ պապը, պապու պապը որսկերիչ են եղել։ Երազումս էլ տեսա, որ պապս ասում է՝ քեզ մոտ կստացվի, ոսկերչություն  սովորիր։ Ես սնահավատ չեմ, ուղղակի մեկ-մեկ հավատում եմ երազի տեսքով մարգարեություններին։ Մոտ 2 ամիս եմ սովորել ոսկերչություն, եթե մի քանի ամիս էլ մնայի, սկսնակների մեջ բարձրակարգ ոսկերիչ կլինեի։ Թող գլուխ գովել չստացվի, բայց ինձ մոտ լավ էր ստացվում։

-Փաստորեն, Ձեզ համար ամեն բան հստակացել էր, սակայն այս առաջարկը փոխեց ծրագրերը։ Սա վերջին շրջանի առաջի՞ն առաջարկն էր։

-Այո և ինձ համար շատ անսպասելի էր։ Ես Ռուսաստանից վերադարձա Հայաստան՝ փաստաթղթերիս հետ կապված հարցերը կարգավորելու և կրկին մեկնելու համար։ Երկրորդ օրն ինձ զանգեց իմ ընկեր Կարո Հովհաննիսյանն ու ասաց, որ նման առաջարկ ունեմ, կապվեմ թիմի հետ։ Առաջարկը քննարկելուց հետո որոշեցի ընտրել հայրենիքումս մնալու տարբերակը։

-Չե՞ք  ափսոսում, որ կիսատ եք թողել ոսկերչությունը, թե՞ ապագայում  կշարունակեք։

-Չեմ ափսոսում, որովհետև իմ հայրենիքում եմ, աշխատանք ունեմ։ Ես մնալու կամ գնալու ընտրության հնարավորություն ունեի և ընտրեցի մնալը, քանի որ սիրում  եմ իմ հայրենիքը։ Կարծում եմ՝ երբ էլ ցանկանամ, կարող եմ սովորել ոսկերչություն։ Բնականաբար, եթե Հայաստանում կարողանամ ինձ ապահովել իմ աշխատանքով, չեմ ցանկանա դրսում ապրել։

-Այս հարցում Ձեր կինն ի՞նչ խորհուրդ էր տալիս Ձեզ՝ մնա՞լ, թե՞ գնալ։ Ի վերջո, նա երկար տարիներ Ռուսաստանում է ապրել, իր ընտանիքն այնտեղ է։

-Բնականաբար մարդուն ավելի հոգեհարազատ է ապրել այնտեղ, որտեղ հարազատներն են, սակայն հիմա նա ամուսնացած է  և այլընտրանք չունի. որտեղ ես եմ, այնտեղ նա պետք է լինի։  Ամեն դեպքում, նա էլ կարծում էր, որ եթե ես այստեղ աշխատանք ունեմ, ավելի լավ է, մեր հայրենիքում մնանք։ Եթե հետագայում պետք լինի, ոսկերչություն էլի կարող եմ սովորել։ Դեռ երիտասարդ ենք, ինչ ուզենք, կարող ենք անել։)

-Դավիթ, մոտ կես տարի առաջ ամուսնացաք։ Գիտեմ, որ չեք սիրում խեոսել անձնական կյանքի մասին, այնուամենայնիվ, կնշե՞ք՝ այս ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր կայքնում։

- Ամուսնությունից հետո կենսակերպդ միանշանակ փոխվում է, որովհետև  հիմնական ժամանակդ անցկանում ես կա՛մ ընտանիքիդ, կա՛մ ընկերներիդ հետ։ Երեկոյան ժամերի համար այլևս այլընտրանք չունեմ, բայց դա լավ է։) Շատ բան է փոխվել, դեպի դրականը։

-Որոշ ժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում, որ սպասում եք Ձեր առաջնեկին։ Դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը։

-Չէ, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ հարցում ոչինչ չենք ծրագրում. ամեն բան թողել ենք Աստծո հույսին։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել