Իշխանության ուժի ճիշտ թիրախավորման համատեքստում հատկապես կենտրոնական նշանակություն ունի պետության մենաշնորհը համարվող ուժային կառույցների հետ հարաբերվելու ճիշտ ռազմավարության և մարտավարության առկայությունը: Այս հարցում հայկական փորձը, առաջին հայացքից, բավականին անհուսալի է թվում, քանի որ վերջին տասնամյակում մեր երկրում տեղի ունեցած բազմաթիվ փողոցային գործընթացներում մենք ականատես ենք եղել ոստիկանական ուժերի և տվյալ գործընթացի մասնակիցների միջև առկա լարված և երբեմն էլ անխուսափելի բախման տանող հարաբերություններին: Գրեթե բոլոր քաղաքացիական/քաղաքական շարժումների փողոցային դրսևորումներն ավարտվել են կամ, նվազագույնը, ուղեկցվել են ոստիկանական ուժերի կողմից գործադրված բռնություններով և զանգվածային ձերբակալություններով:

Քաղաքական/քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող անհատների և կառույցների կողմից հաճախակի է քննարկվում այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր է փողոցային գործընթացների ընթացքում զերծ մնալ ոստիկանության հետ բախումներից, թե ոչ: Նմանատիպ դիսկուրսների ընթացքում բազմաթիվ կարծիքներ են հնչում, որոնք բաժանվում են երկու մասի:Ոստիկանության հետ բախումներից զերծ մնալու հավանականության կողմնակիցները, սակայն, այս բաժանման մեջ բացարձակ փոքրամասնություն են կազմում: Մեծամասնությունը ոչ միայն կարծում է, որ փողոցային պայքարն անհնարին է պատկերացնել առանց ոստիկանական ուժերի հետ բախումների, այլ նրանցից շատերի համար այդ բախումներն ուղղակի «մասնագիտական» նշանակության են: Ի զարմանս ինձ՝ նույնիսկ հանդիպել եմ այնպիսի անհատների, որոնք հպարտանում են իրենց՝ ոստիկանական տեղամասերում հայտնվելու քանակից կամ, որն առավել զավեշտալի է, հպարտորեն հաշվում են իրենց վրա հարուցված վարչական գործերի քանակը և հերթական փողոցային միջոցառումը դիտարկում են դրանք ավելացնելու լավագույն հնարավորություն: Իրականում, ոստիկանական ուժերի հետ բախումներից խուսափելը հնարավոր է, իսկ հակառակը ցանկացած տեսակի շարժում տանում է փակուղի:

Փողոցային պայքարի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքական տեխնոլոգիաներին հայտնի պայքարի բոլոր տեսակներից ամենաարդյունավետը եղել է խաղաղ անհնազանդության առաջարկած ուժային կառույցների հետ հարաբերվելու մեթոդը: Իսկ այդ մեթոդը սահմանում է, որ ցանկացած պարագայում, որքան էլ ոստիկանական ուժերը հակված լինեն բռնության, խաղաղ պայքարի կողմնակիցները պետք է իրենց գործողություններով հնարավորինս նվազագույնի հասցնեն բախման հեռանկարը: Այս ամենը ոչ միայն արվում է խաղաղ պայքարի սկզբունքներից ելնելով, այլ նաև այն պարզ պատճառով, որ բռնության և բախման դեպքում ոստիկանական ուժերն անխուսափելիորեն հայտնվում են շահեկան դիրքերում: Եվ, քանի որ խաղաղ անհնազանդության հիմնական մարտավարական միջոցներից մեկը քաղաքական ջիուջիցուի կիրառումն է, ուստի՝ ոստիկանության հետ բախումն ուղղակիորեն հակասում է հենց ջիուջիցուի օրենքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել