Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքը աննախադեպ աստիճանի կբարձրանա, և երկիրը կթիրախավորվի ոչ միայն քրդական կառույցների, այլև՝ իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունների կողմից:

Ինչպես և ենթադրվում էր, մարտի 19-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում իրականացված ահաբեկչական գործողությունն իր ձեռագրով տարբերվում էր անցյալ մեկ ամսվա ընթացքում Անկարայում տեղի ունեցած հարձակումներից, որոնց պատասխանատվությունն ստանձնել է ժամանակին «Քրդստանի բանվորական կուսակցությունից»(PKK) նաև իր ծայրահեղական գործելաոճի պատճառով առանձնացած «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը:
Ստամբուլում գրանցված ահաբեկչության վայրը, ընտրված թիրախը թույլ էին տալիս կանխատեսելու, որ այս դեպքում բռնարարքի հետևում կանգնած է ունիվերսալ բնույթի ահաբեկչական կառույցներից որևէ մեկը՝ ասենք, «Իսլամական պետությունը»(ԻՊ) կամ «Ալ-Կաիդան»:
Նախ այն իրողությունը, որ մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացրել է քաղաքի զբոսաշրջային նշանակության կենտրոնական պողոտաներից մեկում և այն էլ՝ հենց օտարերկրացի զբոսաշրջիկների խմբի հարևանությամբ, հավաստում է վերոնշյալ վարկածը: Իսկ արձանագրված 4 զոհերի ազգային պատկանելության (3-ը Իսրայելի, 1-ը՝ Իրանի քաղաքացիներ), ինչպես նաև՝ շուրջ 4 տասնյակ վիրավորների (Իսրայելի,Իրանի, ԱՄԷ-ի, Իռլանդիայի, Գերմանիայի քաղաքացիներ) հանգամանքը ևս խոսում է նշված վարկածի ճշմարտացիության օգտին:
Ավելին, ըստ Թուրքիայի իրավասու մարմինների տրամադրած պաշտոնական տեղեկատվության՝ բռնարարքն իրականացրած մահապարտ ահաբեկիչը Գազիանթեփ քաղաքի գրացում ունեցող 24-ամյա Մեհմեթ Օզթուրքն է, ով դեռևս 2013թ. համալրել էր ԻՊ-ի շարքերը:
Իսկ վերոնշյալի համատեքստում, նաև հաշվի առնելով Թուրքիայի հարևան Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ իրականացվող վճռական ռազմական գործողությունները, վստահաբար կարելի է կանխատեսել, որ Ստամբուլի ահաբեկչության օրինակով Թուրքիայի մյուս քաղաքներում ևս նոր հարձակումների հավանականությունը բավական մեծ է: Բանն այն է, որ իր հակառակորդների դեմ պատասխան քայլեր իրականացնելու՝ իսլամականների հնարավորությունները խիստ սահմանափակ են: Նման գործողություններ կազմակերպելու նպատակով ԻՊ-ի համար, թերևս, ամենամատչելին հենց Թուրքիայի տարածքն է, որի և ահաբեկչական կառույցի վերահսկողության ներքո գտնվող շրջանների միջև սահմանները շարունակում են տարանցիկ գոտի հանդիսանալ իսլամականների համար:
Հետևաբաբար, մեծ հավանականությամբ, ԻՊ-ն իր հակառակորդների պատասխանը կտա նաև Թուրքիայի տարածքում՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելով ինչպես զբոսաշրջիկների խմբերի, այնպես էլ գործարար ոլորտի և դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել