Հայ ժողովրդի փառապանծ զավակ, նվիրյալ հոգևորական Տեր Վահան քահանան մասնակցել է 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումներին:  

Հերոս հոգևորականը ծնվել, թրծվել և սպասավորել է պատմական Հայաստանի Ուտիք աշխարհի Գարդման Գավառի Գետաբակ տարածաշրջանի Հին Բաշքենդ գյուղում` ներկայումս ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղում:

Հին Բաշքենդ /Արծվաշեն/ գյուղը պաշտոնապես հիմնադրվել է 1854 թվականին` Շամշադինի Չորաթան գյուղից վերաբնակեցված և հաստատված հայ բնակչության կողմից: 

Հայերի վերահաստատումով` արդեն 1854-ից ի վեր հայությունն այստեղ կառուցել է սուրբ Մինաս Բազիլիկ, շատ լավ պահպանված /հետագայում լիովին վերանորոգված/ եկեղեցին, որի հետագայում խոնարհ սպասավորը եղավ ծնունդով Հին Բաշքենդեցի Տեր Վահան Քահանան:

1905-1906 թթ. քաջարի հոգևորականը` մի ձեռքին տիրոջ կենսատու խաչը, իսկ մյուս ձեռքին զենքը, ելավ փոքր Կովկասի լեռները, վստահեց հույսն Աստծուն և հայրենիքին ու իր կամավոր, համախոհ քաջ համագյուղացիների հետ միասին ջախջախեց գյուղ ներխուժած թաթար զավթիչներին: Խիզախ հայորդին միաժամանակ կազմակերպեց և առաջնորդեց Վերին Ճամբարակ, Չրդխան-Ռուբենակերտի ինքնապաշտպանությունը` զգալի կորուստներ պատճառելով կովկասյան թաթարների կազմակերպած ավազակախմբերին:

Անցան որոշակի ժամանակներ և արժանապատիվ տեր հայրը ընտանիքով, գյուղից մի շարք ընտանիքների հետ միասին տեղափոխվեց պատմական Ձորափորի գավառի/ներկայումս Ճամբարակի տարածաշրջան/ Միափորի հովտում գտնվող մի ընդարձակ վայր, ուր և Գետիկ վտակի ափին ստեղծեց մի նոր հայկական բնակավայր, որը կոչեց նոր Բաշքենդ, կամ Նոր Բաշքյանդ /Բաշգյուղ, ներկայումս Գետիկ/ և դարձավ այդ բնակավայրի քահանան:

Երկար և ձիգ տարիներ անց, Արծվաշենի անառիկ կղզիացած տարածքը թշնամին զավթեց: Դեպքը տեղի ունեցավ 1992թ. Օգոստոսի 8-ին:  Հայ ժողովուրդը վերհիշեց նաև Տեր Վահանին, քանզի նրանց պատգամի և քարոզի կարիքն ունեին: Խորհրդային աստվածամերժությունը վաղուց հեռացել էր: Իրենց հոգում հերոս ճամբարակցիները վերակերտեցին Տեր Վահանին:

Ռուբենակերտ-Օրջոնոկիձեն, ի պատիվ խնկարկելի Տեր Վահանի հիշատակի, կոչվեց Վահան:

Հիշատակն Արդարոյն օրհնությամբ եղիցի: Խունկ և բույր օրհնություն հանգուցհալ տեր Վահանի անմահ և պայծառ հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել