Արդեն երկրորդ անգամ եմ մոտիկից տեսնում այդ մարդուն, երկու անգամ էլ՝ Ազգ շաբաթաթերթի խմբագրությունում եմ տեսել, առաջին՝ անգամ անցյալ տարի, երկրորդ անգամ՝ հիմա: Սովորական մարդ չէ, կուսակցապետ է, սովորական անվանմամբ կուսակցության պետ չէ. կուսակցությունը կոչվում է՝ ՙԱզգի փրկություն՚, ինքն էլ, ուրեմն ազգի թիվ մեկ փրկիչն է, քանի դեռ կա այս կուսակցությունը եւ քանի դեռ ինքն է ղեկավարում այս կուսակցությունը:
Երկու անգամ էլ՝ այս մարդուն տեսնելուս պատճառը նույնն է եղել: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի Ազգի փրկության նախագահը գալիս է Ազգ շաբաթաթերթ, որպեսզի ներկայացնի իր կուսակցության ամենամյա ֆինանսական հաշվետվությունը, մեզ չէ, որ տպենք: Ես, իհարկե, մտածում եմ, մի՞թե այս սիրուն անունով կուսակցությունում մի սիրուն աղջիկ, կամ ջահել տղա չկա, որ իրենք բերեն այդ հաշվետվությունը, որպեսզի կուսակցապետն ինքը նման մանր հարցերով չզբաղվի, ապա արագ մոռանում եմ այս մտքերս, քանի որ ես հաճախ եմ մոռանում իմ մտքերը, մանավանդ նրանք, որոնք վերաբերում են ազգի փրկությանը, կուսակցությանը չէ, առհասարակ:
Հայտարարությունը ազգի թիվ մեկ փրկիչը բերել էր երեկ, երբ մեր թերթը պատրաստվում էր տպագրման/ինչպես գիտեք, կամ երեւի գիտեք, Ազգ շաբաթաթերթը լույս է տեսնում ամեն ուրբաթ օր/: Այսօր էլ եկել էր, որպեսզի տեսնի՝ տպվե՞լ է, կարծես ազգի փրկության մասին մեծ հոդված էր բերել եւ սրտի թրթիռով մեկ օր սպասել էր, որպեսզի գա եւ տեսնի՝ տպվե՞լ է: Տպվել էր, տեքստը, ինչպես անցյալ տարի, նույնն է. Ազգի փրկություն կուսակցությունը ոչ մի ֆինանսական մուտք եւ ելք չունի, սա նշանակում է, որ աշխատող չունի, եթե իհարկե կուսակցության բոլոր աշխատողները հանուն ազգի փրկության անվճար չեն աշխատում: Չունի-չունի, արդեն երկու տարի՝ չունի-չունի, ազգը փրկելը հեշտ գործ չէ, փրկելն առհասարակ հեշտ գործ չէ, անգամ Փրկիչը դաժանաբար տանջվեց եւ խաչվեց՝ մեզ փրկելու ճանապարհին: Քչերը կհամաձայնեն:
Տեսնելով, որ հայտարարությունը տպված է, եւ սեղանին Ազգ-ի թարմ համարից մի քանի օրինակներ կան, որոնք կրպակներում վաճառվում են՝ հատը 200 դրամով, կուսակցապետը նայեց ինձ եւ ասաց. Կարո՞ղ եմ մի հատ վերցնել...Էլի: Այնպես դուրս չեկավ այդ՝ Էլի-ն, այնպես չհավատացի, որ ազգը փրկվելու է...Ասացի, իհարկե կարող եք: Վերցրեց, վերցրեց եւ գնաց, շնորհակալություն եւ ցտեսություն չասած եւ գնաց, գնաց, որ ազգը փրկի, գնաց՝ առանց իմանալու, թե ազգը ինչպե՞ս պետք է փրկվի, ինչո՞վ եւ ինչերո՞վ է ազգը փրկվում:
Մեր խմբագրության հաջորդ հյուրին առաջին անգամ էի տեսնում: Մի ծերունի էր, կարճահասակ, կոստյումով: Եկավ, առանց դուռը թակելու մտավ լրագրողների սենյակ, առանց ինձ նկատելու/ոչ թե ինձ նկատելն է կարեւորը, այլ սենյակում մարդ նկատելը, երբ սենյակում մարդ կա եւ սենյակ ես մտնում/, առաջացավ, դեպի սեղանը, որտեղ դրված էին Ազգի թարմ համարի օրինակներից մի քանիսը: Ապա, առանց ինձ նայելու, նետեց՝ ՙԲարեւ՚, ասացի՝ Բարեւ, ապա ձեռքը դրեց սեղանին, ինչից ես թեթեւացած շունչ քաշեցի, որովհետեւ նշանակում է, մարդն ուղղակի ուզում էր հենվել, որ բարեւեր, ասաց, Ազգին խմբագրատունը հո՞ս է...Ասացի՝ այո: Ասաց , Հակոբն այստեղ ո՞ւր կբնակվե: Ես հասկացա, որ նկատի ունի մեր գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին, հասկացա նաեւ, որ վաղուց է նրան ճանաչում եւ լավ է ճանաչում, հակառակ պարագայում, իհարկե Հակոբ չէր ասի: Ասացի՝ շարքի առաջին սենյակում կբնակվե, բայց հիմա տանը չէ: Չգիտեմ ինչո՞ւ այսպես ասացի, երեւի լավ չարեցի, որ այսպես ասացի: Ասաց՝ Լավ, սրանք Ազգին թարմ համարնե՞րն են, ասացի՝ այո, ասաց՝ Ինձի նմուշըմ անհրաժեշտ է, ի՞նչ արժի...Ոտքի կանգնեցի, ուզում էի մոտենալ, սեղմել ձեռքը, եթե թույլ տար՝ գրկել, բայց ժամանակին ասացի ինքն ինձ՝ հանգտացիր, իսկ նրան ասացի՝ ի՞նչ եք ասում, կարող եք վերցնել ձեր մի օրինակը: Ժպտաց, եթե ես ճիշտ եմ հասկանում մարդկային միմիկան, անգամ ուրախացավ, վերցրեց եւ անչափ շնորհակալ եմ ասելով՝ գնաց:
Ես հասկացա, մի տեսակ զգացի, որ ազգը փրկվելու շանսեր դեռ ունի, հաջորդ պահին հասկացա, որ եթե անգամ ունի, ապա դրսում ապրող հայերից է գալու այդ փրկությունը, ավելի ուշ հասկացա, որ կարեւոր չէ դրսում ապրելը, կարեւոր է հայաստանյան չլինելը՝ հայաստանցի լինելը, բայց հայաստանյան չլինելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել