«Philip Morris Brands Sarl»-ը հայց է ներկայացրել  ընդդեմ «Ararat»-իSlaq.am-ը գրում է.

«Philip Morris Brands Sarl» ընկերությունն ընդդեմ «Ararat»-ի հայց է ներկայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ կոչ անելով արգելել «Ararat» ծխախոտի վաճառքը Ռուսաստանի Դաշնության տարածքում: այս մասին տեղեկացնում է «IA Regnum»-ը:

Հայցվորը պնդում է, որ «Ararat» ծխախոտի ապրանքային նշանը մոլորության մեջ է գցում սպառողներին, քանի որ այն նման է «Marlboro»-ի ապրանքանիշին:

Միևնույն ժամանակ, «Ararat»-ի սեփականատերը պնդում է, որ «Ararat»-ի ապրանքային նշանը նման չէ «Marlboro»-ի ապրանքային նշանին և ոչ մի ձևով չի կարող մոլորության մեջ գցել սպառողին:

«Ararat» ապրանքանիշը գրանցված է Հայաստանում և իրենից ներկայացնում է ծխախոտի տուփ, որի վրա պատկերված է Արարատ լեռը գրաֆիկական ձևով:

Իրավատերը նաև կարծիք է հայտնել, որ իր կողմից գրանցված ապրանքանիշը Եվրասիական տնտեսական միության անդամ յուրաքանչյուր երկրում իրավունք ունի անխոչընդոտ շրջանառության մեջ լինելու, ինչը պաշտպանված է ԵՏՄ պայմանագրերով:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ նույն բովանդակությամբ գործեր, միայն Մոսկվայի արբիտրաժային դատարանում չէ, որ քննվել են:

Օրինակ, Լիբանանում և Թայվանում դատարանը որոշում է կայացրել ի օգուտ «Ararat»-ի, քանի որ, ըստ նրանց, «Ararat»-ի և «Marlboro»-ի ապրանքանիշերն այնքան էլ նման չեն իրար, որպեսզի մոլորության մեջ գցեն սպառողին:

Իհարկե, Մոսկվայի արբիտրաժային դատարանը գործը կքննի այլ իրավաբանական նրբություններով, սակայն հասարակ սպառողի տեսակետից դժվար է պատկերացնել, որ կարելի է ծխախոտի տուփի վրա պատկերված «Ararat» ապրանքանիշը շփոթել «Marlboro» ապրանքանիշի հետ:

Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ ռուսաստանցիներին շատ լավ հայտնի է Արարատ անունը:

Եթե Լիբանանի և Թայվանի բնակիչների պարագայում «Ararat»-ի և «Marlboro»-ի ապրանքանիշերը հնարավոր չէ շփոթել, ապա իհարկե, դա դժվար կլինի նաև ռուսաստանցի սպառողի համար:

Ամեն դեպքում, «Philip Morris Brands Sarl» ընկերությունը պնդում է, որ «Ararat» ապրանքանիշը խանգարում է իր շրջանառությանը:

Խնդրի առընչությամբ վերջնական գնահատականը կտա մոսկովյան դատարանը, սակայն չի բացառվում, որ այս դեպքում պարզվի, թե «Ararat»-ն իրոք խանգարում է «Marlboro»-ին՝ պարզապես բարեխիղճ մրցակցության հարցում, ինչն ընդունելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել